«Ադրբեջանը դելիմիտացիան կապում է ոչ թե ՀՀ-ի հետ սահմանագծման, այլ տարածքային ամբողջականության ճանաչման տրամաբանության հետ՝ զուգահեռ պարտադրելով հրաժարվել Արցախից». Գառնիկ Դավթյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 3-ին լրագրողների հետ կարճատև զրույցում ասել է, որ դելիմիտացիայի վերաբերյալ Հայաստանի կողմից Բաքվին փոխանցված առաջարկները ստացել են բացասական արձագանք։
«Բազմիցս հայտարարել ենք, որ մենք շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ Եթե կհիշեք, Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության ուղղությամբ։ Եթե բառացի թարգմանեմ՝ գործը կտանեն ու կհասցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին, այժմ ռուսական և ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցները, որոնք սահմանին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Արդեն ասել եմ, որ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, սա սովորական բանակցային գործընթաց է, կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ հնչել է բացասական արձագանք, բայց կրկնում եմ՝ սա շարունակական գործընթաց է։ Եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են մերժելի եղել»,- ասել էր Արարատ Միրզոյանը։
Նույն օրը, ի պատասխան Հայաստանի առաջարկների, Ադրբեջանի արտգործնախարարն ասել էր, որ Ադրբեջանը մշտապես հայտարարել է, որ կարող է սկսել այդ գործընթացը՝ առանց պայմանների։
«Միջազգային սահմանները պետք է ճանաչվեն. Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք չունի որևէ պայման դնելու սահմանների սահմանազատման հարցում»,- ասել է Ջ. Բայրամովը։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ դատելով Հայաստանի, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող վերջին հայտարարություններից, թե բավականին մոտ են կոմունիկացիաների ապաշրջափակմանը, տպավորություն է, որ Հայաստանում գործում է երկու իշխանություն, մեկը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, մյուսը՝ Կառավարությունը, որը կազմվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Այստեղ երկուսը՝ Նիկոլ Փաշինյանը և կառավարությունը, իրականացնում են չփոխկապակցված աշխատանք։
Սպասելի էր, որ Ադրբեջանը մերժելու է Հայաստանի կողմից փոխանցված առաջարկները՝ հաշվի առնելով Բաքվի կողմից հնչեցրած հռետորաբանությունը և ագրեսիվ քաղաքականությունը, պահանջատիրությունը Հայաստանի նկատմամբ։ Բաքուն այդ առաջարկները չէր ընդունի՝ նաև հաշվի առնելով նրա բարելավված դիրքերը թե՛ մեր սահմանին, թե՛ բանակցային ձևաչափում։ Հետևաբար՝ Հայաստանի այսօրվա պարտված իշխանությունը չի գիտակցում, որ ստեղծված իրավիճակն իր իշխանության լինելու հետևանքն է և այն, որ Հայաստանը չի կարողանում վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, չի կարողանում Արցախի հարցում որևէ դիրքորոշում հայտնել։ Այս համատեքստում՝ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը շարունակվելու է, և Բաքուն գարնանը սահմանին կանցնի կոշտ միջոցների, երբ դիրքերում ձյունը կհալվի և նրանց գործելու լայն հնարավորություն կտա։ Բաքուն կփորձի ՀՀ իշխանություններին (որոնք ապրում են սեփական վախի մթնոլորտում) թելադրել սեփական օրակարգը»,- նշեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետի կարծիքով՝ այս պայմաններում ակնկալել, որ Բաքուն կարող է ընդունել կամ քննարկել Հայաստանի կողմից արվող որևէ առաջարկ՝ միամտություն կլինի։
Միաժամանակ նա ընդգծեց՝ դելիմիտացիայի առումով սպասելի էր, որ հանձնաժողով չի ստեղծվի, քանի որ երկուստեք կան հարցեր, որտեղ չկա համաձայնություն։ Մասնավորապես՝ Հայաստանը դիտարկում է ադրբեջանական զորքի դուր գալը ՀՀ սուվերեն տարածքից, սակայն ադրբեջանական կողմը դուրս չի գալու, ուստի տեսականորեն հնարավոր չէ դելիմիտացիա իրականացնել։ Ավելին՝ դելիմիտացիա իրականացնելու համար առնվազն ադրբեջանական կողմից նման հռետորաբանություն չպետք է լինի։
«Ադրբեջանը դելիմիտացիան կապում է ոչ թե Հայաստանի հետ սահմանագծման, այլ տարածքային ամբողջականության ճանաչման տրամաբանության հետ, սրան զուգահեռ՝ պայման է առաջ քաշում և պարտադրում, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից։ Հայաստանն էլ իր հերթին՝ փորձում է դելիմիտացիա իրականացնել՝ բացառելով Արցախի ներգրավումը Ադրբեջանի կազմում, նաև պահանջելով, որպեսզի ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։ Դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու միջնորդությունն իր վրա է վերցրել Ռուսաստանը, և երբ սահմանում լարված իրավիճակ ստեղծվի, Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները կփորձեն տարածել հակառուսական տրամադրություններ՝ ցույց տալով, թե Ռուսաստանը չի իրականացնում հանձնաժողով ստեղծելու խոստումը։ Այժմ փորձում են հասարակության վրա աշխատել, կենցաղային լեզվով ասած՝ մտածում են՝ եթե վախեցնեն հասարակությանը, լավ էլ կգնան զիջումների, այսպիսով իրավիճակը տանում են էսկալացիայի»,- հավելեց Գառնիկ Դավթյանը։
Ինչ վերաբերում է իշխանության առաջ քաշած՝ սահմանից զորքերի հայելային հետքաշման գաղափարին, մասնավորապես՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի այն հայտարարությանը, որ զորքերի հայելային հետքաշումը դելիմիտացիայի սկսման լավ նախապայման կլինի, Գ. Դավթյանն ընդգծեց, որ սա «տգիտության քաղաքականությամբ» առաջնորդվող քաղաքական «գործիչների» տրամաբանությունն է, ովքեր առհասարակ կորցրել են իրականության հետ առերեսվելու իրենց պատկերացումները։
«Նման հայտարարություններ անողները հավանաբար մտածում են, որ զորքի հայելային հետքաշման արդյունքում Հայաստանն ավելի շահեկան դիրքերում է հայտնվելու։ Այնինչ, հայելային հետքաշման արդյունքում Գորիսը, Կապանը և այլ խոշոր բնակավայրեր ուղղակի հայտնվելու են անմիջապես սահմանին։ Խիստ կասկածում եմ, որ զորքի հետքաշման արդյունքում, մի քանի ժամվա ընթացքում թշնամին չի ներխուժի Կապան և Գորիս։ ՀՀ ներկայիս իշխանությունները մոռանում են, որ Ադրբեջանը Հայաստանին չի դիտարկում՝ որպես գործոն, այլ դիտարկում է մի տարածք, որտեղ հայեր են ապրում։ Նախորդ տարվա մայիսին, երբ իշխանությունը թույլ տվեց, որպեսզի թշնամին ներխուժի ՀՀ սուվերեն տարածք, Ադրբեջանին ուղղակի հնարավորություն տվեցին, որպեսզի այստեղ էլ Ադրբեջանը հանդես գա թելադրողի դիրքերից և ցուցաբերի նման լկտի պահվածք։ Իրականության մեջ այս ամենին զուգահեռ՝ իշխանություններին առհասարակ չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում սահմանում, նրանց հետաքրքրում է մեկ բան՝ հնարավորինս լավ ու ամուր սոսնձվել սեփական աթոռներին՝ չծառայելով Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։