Հայաստանի առաջարկները Բաքուն մերժել է. գործընթացը շարունակվում է. Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ չգիտի, թե երբ պետք է վերջնականապես հայտարարեն Անթալիա մեկնելու կամ չմեկնելու վերաբերյալ՝ վերջնաժամկետի մասին չգիտի։

«Հայկական կողմին ժամկետի մասին որևէ բան չի փոխանցվել, փոխանցվել է միայն հրավերը։ Բնականաբար, այնպես կանենք, որ ողջամիտ ժամկետներում տեղեկացնենք հրավիրող կողմին»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Ըստ նրա, հարաբերությունների կարգավորումը, խնդիրների լուծումը դրական ազդեցություն կթողնի տարածաշրջանի վրա և զուգահեռ ընթացող գործընթացների վրա։

«Որքան էլ արժե երևույթներն առանձին դիտարկել, իհարկե, փոխկապակցվածություն կարող է լինել»,- ասաց Ա. Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարո՞ղ է զսպել Ադրբեջանի ագրեսիան սահմանին։

Նա անդրադարձավ նաև Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացրած դելիմիտացիայի վերաբերյալ առաջարկներին և Բաքվի կողմից դրանց մերժմանը, նկատելով.

«Բազմիցս հայտարարել ենք, որ մենք շահագրգռված ենք սահմանազատման գործընթացով։ Եթե կհիշեք, Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները Սոչիում պայմանավորվել են, որ կողմերը քայլեր կձեռնարկեն տարածաշրջանում անվտանգության և կայունության ուղղությամբ։ Եթե բառացի թարգմանեմ՝ գործը կտանեն ու կհասցնեն սահմանազատման հանձնաժողովի ստեղծմանը։ Մենք 100 տոկոսով հավատարիմ ենք այս սկզբունքին, այժմ ռուսական և ադրբեջանական կողմի հետ քննարկում ենք անվտանգության այն միջոցները, որոնք սահմանին անվտանգության ու կայունության մեխանիզմներ կստեղծեն։ Արդեն ասել եմ, որ տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, սա սովորական բանակցային գործընթաց է, կոնկրետ այդ առաջարկների վերաբերյալ հնչել է բացասական արձագանք, բայց կրկնում եմ՝ սա շարունակական գործընթաց է։ Եղել են նաև առաջարկներ, որոնք մեզ համար են մերժելի եղել»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս