ՔՊ ներկայացուցիչները սխալ հաշվարկ էին արել. «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան
Վարդենիս խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններից հետո կոալիցիա կազմած և իշխանությանը հաղթած «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքների ներկայացուցիչներն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադարձան ընտրություններից հետո համայնքում առաջացած հետընտրական ճգնաժամին, ինչպես նաև ուժային կառույցների, դատարանների կատարած ապօրինություններին։
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանն անդրադառնալով 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու առաջին նիստին, ասաց, որ այն գումարվել էր օրենքի ուժով և ավագանու բոլոր անդամները գրանցվել էին նիստին մասնակցելու համար։ Իսկ միջադեպը, որը տեղի ունեցավ նիստը սկսելուց րոպեներ առաջ, փաստաբանի կարծիքով՝ դրա բուն նպատակը ավագանու նիստը խափանելն էր։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները սխալ հաշվարկ էին արել, մտածել էին, ենթադրել էին, որ եթե հրահրեն, միջադեպի արդյունքում բերման կենթարկվեն Ահարոն Խաչատրյանը, Կարեն Մկրտչյանը կամ ավագանու որևէ անդամ, ապա ավագանու նիստը համարվելու է չկայացած, ըստ այդմ տեղափոխվելու է մեկ այլ օր։ Երևի թե ժամանակ շահելու նպատակ ունեին, այդ միջակայքն օգտագործելու էին ինչ-որ իրավիճակ շտկելու ուղղությամբ։ Բայց քանի որ ավագանու առաջին նիստը գումարում են օրենքի ուժով և այդ նիստին գրանցվել էին ավագանու բոլոր անդամները, նույն իրավական տրամաբանությամբ և օրենքի իմպերատիվ պահանջներից ելնելով՝ ավագանու առաջին նիստն անընդհատ է, այսինքն՝ ավագանու նիստն ընդհատելու և տեղափոխելու որևէ իրավական կառուցակարգ գոյություն չունի․․․ Մինչև համայնքապետի ընտրությունը չի կարող համարվել ավարտված և նոր ավագանու առաջին նիստ գումարել»,- ասաց փաստաբանը։
Հարությունյանը հիշեցրեց, որ ավագանու առաջին նիստը սկսվելուց րոպեներ առաջ ոստիկանության աշխատակիցները հենց համայնքապետարանի սենյակներից մեկում 3 ժամ պահել էին Ահարոն Խաչատրյանին և ավագանու անդամ Կարեն Մկրտչյանին, որոնց բերման ենթարկելու փորձն ըստ էության ձախողվել էր: Այդուհանդերձ 3 ժամ անց ավագանու 2 խմբակցությունները՝ 14 անդամ, վերադարձել էին նիստերի դահլիճ և շարունակել էին նիստը։
«Երբ մենք վերադարձանք, աշխատակազմի ղեկավարը հայտնեց, որ նիստը չի կայացել, մեր ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը բացատրեց, որ ավագանու առաջին նիստը չի կարող չկայացած համարվել և տեղափոխվել, այն անընդհատ է, և, որ ավագանու նիստը չշարունակելու որևէ հիմք գոյություն չունի, ավագանին ոչ թե իրավունք ունի շարունակելու ավագանու նիստը, այլ պարտավոր է շարունակել և ընտրել համայնքապետ»,- պարզաբանեց «Ահարոն Խաչատրյան» դաշինքի շահերը ներկայացնող փաստաբան Վարազդատ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ այդ նիստը թաքուն չի արվել, որ ՔՊ-ական ավագանու անդամներն այդ պահին կողքի սենյակում էին, և, որ աշխատակազմի ղեկավարը նրանց հրավիրել էր նիստերի դահլիճ, սակայն նրանք չէին ներկայացել, և նիստն առանց նրանց էր ընթացել։
Անդրադառնալով նորընտիր համայնքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողության օրը ոստիկանության աշխատակիցների գործողություններին, որոնք թույլ չէին տվել ավագանու հաղթած անդամներին մուտք գործել համայնքապետարան և իրականացնել երդմնակալության արարողությունը, փաստաբանն ասաց․
«Մենք նախօրոք կանխազգալով, որ ոստիկանությունը գուցե բացասական առումով միջամտի երդմնակալության արարողության համար հրավիրված նիստին, իրավաբանական բնույթի գրություն էինք պատրաստել, որտեղ պարզաբանել էինք ոստիկանության պարտականությունները նիստի ապահովման ոլորտում և պահանջել էինք, որ ոստիկանությունը ոչ միայն չխոչընդոտի նիստը, այլ նաև աջակցի, բայց ոստիկանությունն ապօրինաբար խոչընդոտեց։ Ոստիկանության բոլոր գործողությունների մասով մենք պատրաստել ենք հայցադիմում, ավագանու 14 անդամները համահայցվորներ են, դատարանից պահանջելու ենք ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները ու նաև խնդրել ենք դատարանին, որպեսզի հայցի ապահովում կիրառի, և մինչև դատական ակտը ոստիկանությանը հստակ արգելվի որևէ կերպ միջամտել ավագանու աշխատանքներին»։
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հայցադիմումը մուտքագրված է վարչական դատարան․
««Քաղաքացիական պայմանագիր»-ը պահանջում է անվավեր ճանաչել ավագանու առաջին նիստին կայացված թիվ 1 որոշումը և որպես հետևանք՝ համայնքապետի ընտրությունը․․․ Պարզապես մի քանի տարօրինակ փաստ ներկայացնեմ՝ բուն հայցադիմումը վարույթ ընդունելու հետ կապված։ Նախ՝ ինչ-որ հայցադիմում է մուտքագրվել հունվարի 3-ին վարչական դատարան, հայցադիմումը մուտքագրվել է ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների անունից։ Ճիշտն ասած, ոստիկանությունը վկայակոչեց այդ հայցադիմումը, ասաց՝ վարույթ է ընդունվել, ինչպես պարզվեց՝ ոստիկանությունը ստում էր, հայցադիմումը ոչ միայն չի՛ ընդունվել, այլ այդ հայցադիմումը վերադարձվել է վարչական դատարանի կողմից հայցվորներին․․․»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստն էր, սակայն նիստի մեկնարկից րոպեներ առաջ ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բաժին հրավիրեցին Վարդենիսի նախկին համայնքապետ, ներկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կրկին համայնքապետի պաշտոնում առաջադրված Արամ Մելքոնյանին, ապա ուժ կիրառելով փորձեցին բերման ենթարկել ընդդիմադիր ավագանու 2 անդամների, այդ թվում՝ Ահարոն Խաչատրյանին, որը նույն օրը՝ ժամեր հետո, ավագանու արտահերթ նիստի ժամանակ 14 կողմ ձայնով ընտրվեց համայնքապետ:
ՔՊ-ականները հայտարարեցին, որ այդ նիստը օրենքի խախտմամբ է անցկացվել, ուստի չեն ընդունում Ահարոն Խաչատրյանի ընտրությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: Ավելին, նրանք հունվարի 3-ին հավաքվել էին համայնքապետարանի նիստերի դահլիճում և ամենատարբեր թեմաներից էին խոսում, ավագանուն ընդդիմադիր՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցություններին կապելով նախկին իշխանությունների հետ: Իսկ որ ամենահետաքրքիրն է՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստը, որի ժամանակ ընդդիմադիր ավագանու անդամները համայնքապետ են ընտրել, առոչինչ է, և, որ դատարանը շուտով որոշում կկայացնի: Համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն նաև նոր արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկ էր հնչեցրել.
«Եթե նամուսով ընտրվել եք, արեք բոլորս մեր մանդատները դնենք, էթանք ընտրության, ով ընտրվի, հրապարակայնորեն ասում եմ՝ կշնորհավորեմ նրան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում