«Արեք բոլորս մեր մանդատները դնենք, էթանք ընտրության». ՔՊ-ականները չեն համակերպվում պարտության հետ

Վարդենիս խոշորացված համայնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի համակերպվում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում կրած պարտության հետ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստն էր, սակայն նիստի մեկնարկից րոպեներ առաջ ոստիկանության տասնյակ աշխատակիցներ բաժին հրավիրեցին Վարդենիսի նախկին համայնքապետ, ներկայում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կրկին համայնքապետի պաշտոնում առաջադրված Արամ Մելքոնյանին, ապա ուժ կիրառելով փորձեցին բերման ենթարկել ընդդիմադիր ավագանու 2 անդամների, այդ թվում՝ Ահարոն Խաչատրյանին, որը նույն օրը՝ ժամեր հետո, ավագանու արտահերթ նիստի ժամանակ 14 կողմ ձայնով ընտրվեց համայնքապետ:

ՔՊ-ականները հայտարարեցին, որ այդ նիստը օրենքի խախտում է եղել, և չեն ընդունում Ահարոն Խաչատրյանի՝ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելը: Ավելին, նրանք այսօր հավաքվել էին համայանքապետարանի նիստերի դահլիճում և ամենատարբեր թեմաներից էին խոսում, ավագանուն ընդդիմադիր՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցություններին կապելով նախկին իշխանությունների հետ: Իսկ որ ամենահետքրքիրն է՝ ՔՊ-ի համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստը, որի ժամանակ ընդդիմադիր ավագանու անդամները համայնքապետ են ընտրել, առ ոչինչ է, և որ դատարանը շուտով որոշում կկայացնի. նա նոր ընտրություններ անցկացնելու առաջարկ է հնչեցրել.
«Եթե նամուսով ընտրվել եք, արեք բոլորս մեր մանդատները դնենք, էթանք ընտրության, ով ընտրվի, հրապարակայնորեն ասում եմ՝ կշնորհավորեմ նրան»:

168.am-ը կապ հաստատեց դեկտեմբերի 30-ին Վարդենիս խոշորացված համայնքի նիստը նախագահող, «Ահարոն Խաչատրյան» խմբակցության ավագանու անդամ Սաթենիկ Մինասյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք նա տեղյա՞կ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները դատարան են դիմել:

«Այո, տեղյակ ենք, որ դեկտեմբերի 30-ի ավագանու թիվ 1 որոշումը վիճարկում են վարչական դատարանում, բայց մենք վստահ ենք, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի, օրենքով ընդունված որոշումը կթողնի ուժի մեջ»,- ասաց Սաթենիկ Մինասյանը:

Հարցին՝ ինչպե՞ս են ընդունում մանդատները վայր դնելու ՔՊ-ի առաջարկը, Մինասյանն այսպես պատասխանեց.
«Այդ առաջարկը պարտված թեկնածուի կողմից հասկանալի է, քանի որ յուրաքանչյուր պարտվող երկրորդ շանս է փնտրում: Միևնույն ժամանակ այդ առաջարկը ծիծաղելի է, քանի որ այսուհետ ավագանու յուրաքանչյուր անդամ մանդատից կարող է հրաժարվել բացառապես համայնքի ղեկավարին մանդատից հրաժարվելու դիմում ներկայացնելով, հետևաբար պետք է լինի համայնքի ղեկավար, որին ներկայացվի մանդատից հրաժարվելու դիմում: Տարածքային ընտրական հանձնաժողովն այլևս չի կարող ինքնաբացարկներ ընդունել: Այդ առաջարկն անողին խորհուրդ կտամ մեկ-մեկ Հայաստանի օրենսգիրքը կարդալ»:

Սաթենիկ Մինասյանը նաև տեղեկացրեց, որ վաղը ժամը 11:00-ին տեղի կունենա համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը:

«Վարդենիսի համայքնապետարանի աշխատակազմն այսօր հրավիրատոմսեր է ուղարկել»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Վարդենսի խոշորացված համայնքում ավագանու 27 մանդատներից 13-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն են, իսկ մյուս 2 խմբակցությունները միավորվել են և ունեն ընդհանուր թվով 14 մանդատ:

Տեսանյութեր

Լրահոս