«Տոնական Տռամբլյոռ» կամ նախատոնական հարցումներ՝ արտաքին ու ներքին հարցերի մասին

«Տոնական Տռամբլյոռ». սա Հայաստանում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Էմ Փի Ջի ՍՊԸ-ի նախատոնական հետազոտության անվանումն է:

Ընկերությունը նոյեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 27-ը հեռախոսային հարցումների մեթոդով ամփոփել է տարին՝ անդրադառնալով առողջապահական, ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցերի:

Այսպիսով, ըստ հետազոտության արդյունքների, Առողջապահության նախարարության կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը «լիովին դրական» են գնահատում հարցվածների 9.8 տոկոսը, «ավելի շուտ դրական»՝ 33.5 տոկոսը, «ավելի շուտ բացասական»՝ 15.3 տոկոսը, և «ընդհանրապես բացասական»՝ 31.5 տոկոսը։

Առողջապահական մեկ այլ «թրենդային» հարցի՝ «պատվաստվե՞լ եք արդյոք կորոնավիրուսի դեմ», դրական է պատասխանել հարցվածների 40.0 տոկոսը, չեն պատվաստվել և չեն էլ պատրաստվում պատվաստվել՝ 38.2 տոկոսը, առաջիկայում պլանավորում են պատվաստվել՝ 20 տոկոսը:

Ներկայիս իշխանությունը դեպի ո՞ր երկիր կամ երկրներ է ուղղում Հայաստանի ինտեգրման վեկտորը. սա քաղաքացիներին ուղղված հաջորդ հարցն է:

Հարցվածների 32.1 տոկոսի կարծիքով՝ ինտեգրման վեկտորն ուղղված է Ռուսաստան, 14.3 տոկոսի կարծիքով՝ ԱՄՆ։ 13 տոկոսը կարծում է, որ Հայաստանն ունի հավասար հարաբերություններ ազդեցության կենտրոնների հետ, 9.3 տոկոսը նշում է դեպի Եվրոպական միություն վեկտորի մասին:

Արտաքին քաղաքական ակնկալիքների մասին մեկ այլ հարցով էլ Հայաստանում «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչը փորձել է ճշտել, թե ո՞ր երկրից կամ միությունից մեր երկիրը կկարողանա ստանալ ռազմական օգնություն` զենք, զինվորական ուժեր:

Այս հարցի պատասխաններում ևս գերակշռում է «Ռուսաստան» պատասխանը՝ 36.6 տոկոսով, ապա Ֆրանսիան՝ 16.4 տոկոսով, Իրանը՝ 8.9 տոկոսով, ԱՄՆ-ը՝ 8 տոկոսով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ՀԱՊԿ-ը՝ 1 տոկոսի շրջանակներում են:

«Ինչպես եք վերաբերվում Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին ադրբեջանական անցակետերի և մաքսակետերի տեղակայմանը»՝ հարցին ի պատասխան էլ՝ հարցվածների 82.8 տոկոսը նշել է, որ ընդհանրապես բացասական է վերաբերվում, իսկ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման տարբերակներից «Անկախ ԼՂՀ Շուշիի և Հադրութի հետ միասին» տարբերակին համաձայնել են 43 տոկոսը:

Նկատենք, որ Ռուսաստանի հետ միավորում՝ առանց Շուշիի և Հադրութի տարբերակն ընդունելի է եղել 12.5 տոկոսի համար, Հայաստանի հետ միավորում՝ առանց Շուշիի ու Հադրութի տարբերակին կողմ էին արտահայտվել հարցվածների 9.4 տոկոսը, Հայաստանի հետ միավորում Շուշիի և Հադրութի հետ միասին` 7.3 տոկոսը:

Ի դեպ, հարցման վերջում քաղաքացիներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության՝ ամանորյա տոները կրճատելու մասին որոշմանը. այս որոշումը լիովին դրական են գնահատել 23.8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 28.5 տոկոսը, ավելի շուտ բացասական՝ 10.5 տոկոսը, ընդհանրապես բացասական՝ 26.2 տոկոսը:

 

Տեսանյութեր

Լրահոս