Իշխանության հերթական ամանորյա «նվերը». հայտնի է, թե ինչքան կթանկանա հոսանքը
Այլևս պարզ է, որ հանրային ծառայությունների ոլորտում հաջորդ տարի սակագնային բարձրացումները չեն սահմանափակվի միայն ջրամատակարարման ոլորտով։ Կթանկանա նաև հոսանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն այդ մասին ավելի վաղ էր ակնարկել, սակայն խուսափել էր բացել փակագծերը։ Հիմա արդեն հստակ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը ևս հաջորդ սակագնային տարում կբարձրանա։
Նշենք, որ սակագնային տարին այստեղ մեկնարկում է փետրվարի 1-ից։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավական լուրջ ֆինանսական ճեղքված է արձանագրել էլեկտրաէներգիայի գործող սակագներում և էներգետիկ համակարգում առաջացած ֆինանսական պարտավորությունների միջև։ Խոսքը՝ 23,8 մլրդ դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է գրեթե 50 մլն դոլարի։
«Էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցող ընկերությունների սակագների վերանայման գործընթացի շրջանակում բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարվա համար էլեկտրաէներգետիկական համակարգում սպառողների համար սահմանված գործող սակագների պարագայում առաջացող ֆինանսական ճեղքվածքը կազմում է 23,8 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի)»,-արձանագրել է Հանձնաժողովը։
Այն փակելու համար առաջարկվում է էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 4,7 դրամով։
Սա միջին կշռութային սակագնի ավելի քան 11 տոկոս բարձրացում է։ Եթե հիմա այն կազմում է 41,44 դրամ՝ 1 կվտ ժամի համար, ապա սպասվող բարձրացումից հետո կկազմի 46,14 դրամ։
Էլեկտրաէներգիայի սակագնի նման կտրուկ փոփոխություն վերջին անգամ Հայաստանում տեղի էր ունեցել 2015թ.։ Այն ժամանակ դա դժգոհության լուրջ առիթ տվեց։ Սկսվեցին թանկացման դեմ փողոքի ակցիաներ, որոնք ստացած «էլեկտրիկ Երևան» անվանումը։ Բողոքի գործողությունների հետևանքով մի քանի օր շարունակ փակված մնաց Բաղրամյան պողոտան։ Ի վերջո՝ իշխանությունները տեղի տվեցին. կառավարությունը ստանձնեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը փոխհատուցելու պարտավորությունը։
Այն ժամանակ սակագների բարձրացման դեմ բողոքի գործողություններին աջակցում էին նաև այսօրվա շատ պաշտոնյաները, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Տեսնենք հիմա էլ նույն ջանասիրությամբ նրանք կփորձեն պաշտապանել սպառողների շահերը, թե սպառողների շահերը արդեն իրենց քիչ է հետաքրքրում։
Էներգետիկ համակարգում հերթական անգամ ի հայտ եկած ֆինանսական ճեղքվածքը, որը հանգեցրել է սակագների բարձրացման անհրաժեշտության, կապված է հիմնականում 2 արտադրող կայանների հետ։ Խոսքը՝ «Հրազդան-5»-ի և ատոմակայանի մասին է։
«Հրազդան-5»-ի պատմությունը հայտնի է. իշխանությունները չեն կարողացել ժամանակին կատարել այդ ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով այն ֆինանսական լուրջ կորուստներ է կրել։ Կայանը պիտի աշխատեր Իրան-Հայաստան էներգափոխանակումների շղթայում և արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը մատակարարեր Իրան։ Քանի որ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը տարբեր պատճառներով հետաձգվել է, չի իրականացել նաև նախատեսված սխեման։ Ընկերությունը աշխատել է վնասով ու ոչ միայն չի կարողացել վերադարձնել կատարված ներդրումները, այլև շուրջ 100 մլն դոլարի նոր պարտքեր է կուտակել։
Հիմա սպառողները պիտի փակեն այդ կորուստները, որոնք առաջացել են այն պատճառով, որ կառավարությունը չի կարողացել ժամանակին կատարել իր պարտավորությունները։ Սակագների բարձրացման միջոցով 10 տարի շարունակ, տարեկան 31,79 մլն դոլարի չափով ֆինանսական միջոցներ պիտի տրամադրվեն «Հրազդան-5»-ին։ Այդ միջոցները բնականաբար գոյանալու են սակագների բարձրացման ու սպառողների վճարների հաշվին։
Այս պայմանավորվածության շրջանակներում ակնկալվում է, որ երկարաժամկետ հատվածում անփոփոխ կմնա գազի սակագինը։ Չնայած, ինչպես հայտնի է, 2025թ. ԵԱՏՄ-ում պիտի սկսեր գործել գազի միասնական շուկան, որը ենթադրում էր սակագների նվազում։
Սակագների բարձրացման մյուս գործոնը՝ կապված է ատոմակայանի հետ։
«Էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում՝ առավելապես «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ում, զգալիորեն ավելացել են ՀՀ կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսերը»,-սա էլ Հանձնաժողովի արձանագրումն է։
Այս դեպքում լրացուցիչ ֆինանսական կարիքը գնահատված է ավելի քան 21 մլրդ դրամ։ Թեև դրա մեջ իր բաժինն ունի նաև «Բարձրավոլտ ցանցերը»։
Շուրջ 10 միլիարդի կարիք էլ առաջացել է կատարված ներդրումների փոխհատուցման տեսքով։
Ահա այն հիմնական գործոնները, որոնք հանգեցրել են սակագների բարձրացման անհրաժեշտության։
Հանձնաժողովը մտադիր է սոցիալական խոցելի խմբերի համար սակագինը թողնել անփոփոխ։
Նշենք, որ այս խմբի համար գիշերային սակագինը 19,99 դրամ է, ցերեկայինը՝ 29,99 դրամ։
Այն, ինչ առաջարկվում է՝ սակագների բարձրացման բեռը ամբողջությամբ կդնի մյուս սպառողների վրա։ Կտուժեն հատկապես խոշոր սպառողները։
Մինչև 200 կՎտժ սպառողների դեպքում նախատեսվում է սակագինը ավելացել 1,5 դրամով, 201-400 կՎտժ սպառողների դեպքում՝ 3,5 դրամով։ Մնացած սպառողների համար սակագինը կբարձրանա 5,5 դրամով։
Սա առայժմ աշխատանքային տարբերակ է և դեռ հստակ չէ, թե վերջանական տարբերակում ինչպես կբաշխվի բեռը։ Մի բան ամեն դեպքում միանշանակ է՝ էլեկրաէներգետիկական համակարգում առաջացել է ֆինանսական ճեղքվածք ու այն փակելու գինը սակագնի 4,7 դրամ բարձրացումն է։ Իսկ թե բեռը ինչպես կբաշխվի, ըստ էության, այնքան էլ էական չէ։
Սակագնի ցանկացած բարձրացում չի բխում սպառողների շահերից։ Առավել ևս, երբ այն այսքան կտրուկ է լինելու։ Տուժելու են հատկապես խոշոր սպառողները, այլ կերպ՝ տնտեսությունը։ Ավելանալու են նրանց ծախսերը, որոնք այսպես, թե այնպես ներառվելու են ապրանքների, ինչպես նաև ծառայությունների գների մեջ ու դրանց համար կրկին վճարելու է բնակչությունը։ Այնպես, ինչպես եղավ գազի նախորդ թանկացման պարագայում։ Այսօրվա բարձր գնաճի պատճառներից մեկն էլ թերևս դա է։
Մինչև ամսվա վերջ Հանձնաժողովը որոշում կընդունի էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։ Հաջորդ տարվա փետրվարի 1-ից սակագինը կբարձրանա ու դա կլինի իշխանությունների հերթական ամանորյա նվերը մեր քաղաքացիներին։
Նշենք, որ հունվարի 1-ից 20 դրամով թականալու է նաև ջուրը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ