«Կարծում եմ՝ այդ թվի վրա քաղաքական ճնշում կա». Տնտեսագետները՝ աղքատության աճի մասին

Այսօր Վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2021» վիճակագրական-վերլուծական զեկույցը, որում ամփոփ ներկայացված է Հայաստանի աղքատության մակարդակի գնահատականը և սոցիալական վիճակի ու կենսապայմանների փոփոխությունները 2009-2020թթ. ժամանակահատվածում:

Ըստ այդմ՝ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27 %: Հիշեցնենք՝ 2019 թվականին այդ ցուցանիշը 26.4% % էր: Նույն ժամանակահատվածի համար աղքատության մակարդակը՝ ըստ աղքատության վերին գծի (ներառյալ՝ ծայրահեղ և չափավոր աղքատներին) 47.6 % է, իսկ նախորդող ցուցանիշը կազմել է 43.8 %:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի համար հրապարակված ցուցանիշներն անհասկանալի են:

«Դեռ ամիսներ առաջ Համաշխարհային բանկի գնահատականը կար, որ աղքատությունը մոտ 7 %-ային կետով աճել է: Այսինքն՝ աղքատության միջին ցուցանիշը մոտ 33 % էր գնահատված,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց Թադևոս Ավետիսյանը՝ արձանագրելով,- Կարծում եմ՝ այդ թվի վրա քաղաքական ճնշում կա, ըստ էության, որովհետև իրական պատկերն ավելին է, քան այն, ինչն արձանագրվել է:

Այսինքն՝ աղքատության աճը, իհարկե, կա, բայց դրա հիմնական պատճառ հանդիսացող գնաճային ճնշումները, համավարակի դեմ պայքարի տապալումը և պատերազմն ու դրա հետևանքները շատ ավելի էական գործոններ էին, և աղքատության մակարդակն իրականում ավելի բարձր նիշի վրա էին հասցրել»:

Ըստ պատգամավորի՝ աղքատությունը կաճի նաև հաջորդ տարի, որովհետև բնակչության եկամուտները չեն աճել, իսկ գնաճը առաջանցիկ տեմպերով է:

«Եվ այսպիսի իրավիճակում նույնիսկ օրվա իշխանությունները հանդգնում են շարունակել իրենց պոպուլիստական փաթեթավորումներով անիրական խոստումները, ներկայացնել արկածախնդիր կարգավորումներ՝ իրականում թողնելով խնդիրները»,- հավելեց նա:

«Միջին ցուցանիշից զատ՝ կա նաև աղքատության վերին շեմ, ներքին շեմ. այսինքն՝ կան ծայրահեղ աղքատներ, աղքատներ, նույնիսկ՝ աշխատող աղքատներ: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք չեն կարողանում կենսապահովման նվազագույն պահանջմունքը բավարարել, ձեռք բերել գոյության համար անհրաժեշտ պարենամթերքը, այսօր կազմում են մեր բնակչության գրեթե կեսը՝ 40 % և ավելին»,- հիշեցրեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

Նա արձանագրեց նաև, որ Շիրակի, Արմավիրի մարզերում վիճակն առավել վատթար է:

«Ահա թե ինչպիսին է իրական պատկերը ՀՀ-ում»,- եզրափակեց տնտեսագետը:

Տեսանյութեր

Լրահոս