«Կարեն Դեմիրճյանի պահանջով սկսեցինք կառուցել Մեղրի-Քաջարան ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի ցանկություններն ավարտվեն». Հենրիկ Քոչինյան

Հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ երբ 1960-ականներին ՀՀ Մինիստրների խորհուրդը որոշում էր կայացրել կառուցել Գորիս-Կապան ավտոմոբիլային ճանապարհը, այն ժամանակվա ղեկավարները չգիտեի՞ն ՀՀ սահմանի տեղը՝ իհարկե գիտեին։

«Մինիստրների խորհրդի կազմում չէր կարող լինել ոչ գիտակից մարդ։ Գիտեին, որ այդ ճանապարհը կառուցելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին, գիտեին՝ ինչի համար են կառուցում, ինչու են հենց այդտեղով կառուցում, որովհետև Ադրբեջանն ուզում էր Արաքսով ավտոմոբիլային ճանապարհ կառուցել և հասնել Հայաստանին։ Նռնաձորի մոտ այդ ճանապարհը փակվեց, և ադրբեջանցիները չկարողացան առաջ շարժվել։ 1970-ականներին ադրբեջանցիները նորից շարունակում էին իրենց նպատակներն առաջ տանել, երբ Հեյդար Ալիևը սկզբից Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղարն էր, հետո՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, նա կուրացիա էր անում ճանապարհները, փորձեց նորից այդ խնդիրն առաջ տանել։ Եվ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի պահանջով, հորդորով մենք սկսեցինք կառուցել Մեղրի-Քաջարան ճանապարհը, որպեսզի Ադրբեջանի ցանկություններն ավարտվեն»,- նշեց Հենրիկ Քոչինյանը։

Ըստ նրա, այսօր, երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ 22 կմ-ն անցնում է  Ադրբեջանի տարածքով, հետևաբար՝ հարց է առաջանում, երբ հայկական կողմը ճանապարհ էր կառուցում ու Ադրբեջանի «տարածք գրավում», Ադրբեջանի իշխանությունները դա չէի՞ն տեսնում, չէի՞ն հասկանում, թե՞ իրենց համար դա որևէ տնտեսական նշանակություն չուներ։ Չէր կարող տնտեսական նշանակություն ունենալ, որովհետև այդ ճանապարհներին Ադրբեջանը չուներ ադրբեջանական գյուղեր, արդյունաբերություն և այլն։

«Այդ ճանապարհի մի հատվածը կառուցվում է  անտառների միջով, բնական է, որ անտառահատում պետք է լիներ բավականին լայն ճակատով, հետևաբար՝ ադրբեջանցիները համաձայն էին, որ իրենց անտառները հատենք ու ճանապարհ կառուցենք։ 1964 թվականից սկսած ՀՀ կառավարությունն ամեն տարի բյուջեով ճանապարհների պահպանության համար գումարներ է հատկացրել և մշտապես նշել է՝ Գորիս-Կապան ճանապարհ, երկրորդ կարգի ճանապարհ, 68 կմ երկարությամբ, և իքս գումար է հատկացվել պահպանության, սպասարկման, նորոգման և այլնի համար»,- հավելեց Հենրիկ Քոչինյանը։

Նա ընդգծեց նաև, եթե խոսքը վերաբերում է ՀՀ սահմաններին, կարելի է  գնալ ու գտնել 80 տարեկան պապիկի, ով 60 թվականին այդ ճանապարհի վրա աշխատել է, փաստաթուղթ գտնել, որն ընդամենը գյուղապետի ստորագրությամբ թուղթ է, և ամեն ինչ համախմբել ու դարձնել կռվան։ Եթե հայկական կողմը միշտ խնդրողի դերում լինի, ապա առաջին անգամ խնդրանքը կհարգեն, երկրորդ անգամ բանի տեղ չեն դնի, և դրանով էլ խնդիրը կավարտվի, հետևաբար՝ պետք է հանդես գալ պայքարողի դերում։

«Խոսքը միայն ճանապարհի մասին չէ, երբ դուք ճանապարհ եք զիջում, դա չի նշանակում, որ իքս կիլոմետր ինչ-որ հողաշերտ է։ Ցանկացած ճանապարհի աջ և ձախ կողմերից տարիներ շարունակ գոյանում են ինֆրաստրուկտուրաներ, համայնքներ, բնակավայրեր և այլն։ Երբ մենք զիջում ենք այդ 22 կմ-ն, նշանակում է,  որ դրանից դեպի Հայաստան ընկած հատվածում մենք հետագայում այլևս անելիքներ չունենք։ Մենք պարտավոր ենք նաև այլընտրանքային ճանապարհ կառուցել, հակառակ դեպքում մենք որևէ ձևով Աղվանի գյուղում ապրող բնակչին պետք է ասենք՝ ճանապարհ չկա, ոտքով գնա Կապան»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս