«Ներքին քայքայման սույն կապիտուլյանտ իշխանականությունը պետք է հայտնվի վիրահատական ափսեի մեջ՝ մեզնից հեռու՛, մեզնից զա՛տ»
Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամբարտավանություն, անպատասխանատվություն, անտարբերություն․․․
Այս եռամիասնությունը շարունակում է մնալ հայկական պետականությունները կրծած միևնույն որդը։ Ինչպես առաջ, այնպես էլ հիմա՝ մեր պարտությունները թշնամուց չէին, այլ սույն երեք ախտերի բարոյական համաճարակից։ Կապիտուլյանտների իշխանությունն իր մանր ու միջին կադրերով՝ տվյալ ախտերի մարմնացում կուռքերն են։ Հենց նրանք, 2018թ.֊ի ապրիլից սկսած, ներքուստ այլասերեցին մեզ, դարձնելով թշնամու համար կենդանի որս։
«Մի կտոր ավել երշիկ, թե՞ արժանապատվություն» մոգոնված թեզով, սրանք հասարակությունը մարգինալացրեցին այնպես, որ իբրև թե երկրի պաշտպանունակության քողի տակ, գողացվել է իրենց երբևէ չունեցած ավել երշիկը։ Ավել երշիկը, իհարկե, լավ բան է, ինչպես նաև ավել կարագը և ավել հացը, սակայն երբ այն չես համտեսում 5000–ից ավել զոհերիդ հոգեհացին ու մոմի պես հալվող երկրումդ։ Հատկապես հիմա, երբ ավել երշիկ այդպես էլ չգտնվեց, ամբարտավանությունն իր մարմնացում կուռքերի հետ մեզ արժանապատվություն է պարտք, որովհետև ավել երշիկը փամփուշտի տեսքով սահմանապահ զինվորի հրազենում էր դրված։
Եկե՛լ է մեղքերի թողության պահը, կամ մոլեգնած զանգվածը իրենից դուրս կմղի ամբարտավանության ախտը ու կմերժի դրա մարմնացում կապիտուլյանտ կուռքերին կամ կտրորվի թշնամու ոտքերի տակ՝ հավերժ տարված մի կտոր ավել երշիկի մոլուցքով։
«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով դիվական դատարկ դագաղներ պտտող թավշականներն երկիրը կապիտուլացման տանելուց առաջ փարիսեցիաբար մի ստվար զանգվածի Հռոմի պապից ավելի կաթոլիկ, անգլիական պառլամենտից ավելի լիբերալ ու ֆրանսիական լուսավորչականներից ավելի հեղափոխական դարձրին։ Հիմա՛, երբ աշխարհաքաղաքական սլայսերը շերտ–շերտ տաշում է մեր երկիրը՝ պատից ծպտուն է դուրս գալիս, տիրասերներից՝ ո՛չ։
Եկե՛լ է առերեսման պահը, կամ հասարակության այդ ստվար հատվածը իրենից դուրս կվանի կապիտուլյանտ կուռքերին ու այս անգամ իրապես տեր կկանգնի իր ճակատագրին կամ բոլորիս կտանի «նոր Հայաստան»՝ դեպի նոր թուրքական էրմինիստան վիլայեթ։
Պատահական չէ, որ հպարտությունը մեղքերի մեղք է համարվում և կործանարար ախտերի սույն կռապաշտ իշխանությունն իրեն չէր հարգի, եթե ազգակցական սիրո նուրբ դրսևորումը չփոխարիներ հպարտության թույնով։ Անտարբերությունն էլ, ի վերջո դառնում է հպարտությամբ վարակված հոգիների վերջին ախտորոշումը։ Հիմա, երբ 100–ամյա փայփայված պետականությունը մատաղ է արվում թուրքերի առաջ, հպարտությամբ, թե՞ անտարբերությամբ է այս ողբերգությունն ընկամում մեր հասարակության այդ մոլորյալ հատվածը։
Եկե՛լ է հատուցման պահը, կամ հայությունը հպարտությունը զգետնած վերջին փրկության հորդորով կդիմի իր հաղթական բազուկը վարած առաջնորդներին կամ նույն անտարբերությամբ կասֆալտապատի իր հայրենիքի սիրտը ճեղքող թյուրքական ճանապարհները։
Այո՛ հեշտ է գայթակղվելը, այո՛ դաժան է պարտվելը, այո՛ ցավոտ է բուժվելը։ Բայց այլ ճանապարհ չկա՛։ Ինքներս մեզ չհաղթահարած, ինքներս մեզ չշտկած, չենք կարողանալու թշնամու մարտահրավերը հաղթահարել։ Բայց, նախևառաջ, պետք է վճռաբար կտրել մեղքի թունավոր ակը։ Ներքին քայքայման սույն կապիտուլյանտ իշխանականությունը պետք է հայտնվի վիրահատական ափսեի մեջ՝ մեզնից հեռու՛, մեզնից զա՛տ!!!»։