Փախստականի կամ բռնի տեղահանվածի ստատուս է մեզ անհրաժեշտ․ հադրութցիները՝ իշխանությանը
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում օկուպացվեց նաև Հադրութը։ Տեղի բնակիչներն օրերս բողոքի ակցիա արեցին Հանրապետության հրապարակի մոտ, ապա շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն՝ ներկայացնելով ոչ միայն հադրութցիներին, այլև բռնի տեղահանված և օկուպացված մյուս շրջաններում ապրող մեր հայրենակիցների պահանջը, որն է՝ իրենց տալ փախստականի կարգավիճակ, ինչպես նաև Արցախում որպես խաղաղապահ տեսնել, օրինակ, ֆրանսիացիների։
«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրիյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ամենայն հավանականությամբ կրկին բողոքի ակցիա կլինի, քանի որ կարծում է՝ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումը կարևոր է, կան մի շարք հարցեր, որոնք պետք է քննարկվեն։
«Երբեմն հումանիտար օգնությունը սխալ են բացատրում, դա բրինձը, վերմիշելը չէ։ Հումանիտար օգնությունն այն է, որ մարդ կարողանա իր երկրում ապրի, երեխա մեծացնի, բիզնես դնի։ Իսկ մինչ այս հարցերի լուծումը՝ մեզ փախստականի կարգավիճակ է պետք։ Նայեք՝ ինչ վիճակ է․ մենք ունենք ՀՀ անձնագիր, սակայն Հայաստանի քաղաքացի չենք։ Ասենք, վաղը եթե հարց առաջանա, 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթերի համաձայն՝ մենք պետք է վերադառնանք մեր հայրենիք, բայց այն օկուպացրած Ալիևը կասի՝ Հադրութի բնակիչ չեք, այնտեղ ժամանակավոր ապրող Հադրութի քաղաքացիներ եք, իսկ փաստաթղթում գրված է, որ պետք է վերադառնան փախստականներն ու տեղահանվածները։ Մեր իշխանությունները մեզ այդ ստատուսը չեն տալիս։ Փախստականի կամ բռնի տեղահանվածի ստատուս է մեզ անհրաժեշտ, որպեսզի վերադառնանք»,- նշեց Լևոն Հայրիյանը։
«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահն ընդգծեց՝ փախստականի կարգավիճակը կօգնի, որպեսզի կառավարությունն այլ երկրներից օգնություն ստանա։
«Հաջորդ անգամ կարող է էլի 4 ամսով սոցիալական աջակցության ծրագիրը չլինի։ Իսկ եթե փախստականի կարգավիճակը լինի, կարող է արտասահմանյան երկրներից օգնություն խնդրեն՝ փախստականներին պահելու համար։ Իսկ ո՞վ է ճնշում, որ փախստականի կարգավիճակ չտան, միայն ռուսը։ Ինչպես հիմա ասում են՝ անգամ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, նույն ձև էլ ասելու են՝ այնտեղ փախստական չկա, ո՞ւմ եք ուզում վերադարձնել իր հայրենիք։ Իսկ 25000 դրամ օգնությունը որ տալիս են՝ խայտառակություն է․ Երևանի գները ո՞ւմ հայտնի չեն․ տան վա՞րձ տաս, թե՞ հաց ուտես։ Մոտ ժամանակներս երևի կրկին դուրս գանք փողոց, ներկայացնենք մեր պահանջները»։