Բաժիններ՝

Պատվաստվելուց առաջ խմե՞լ արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, թե՞ ոչ, և ի՞նչ ստուգումներ է անհրաժեշտ նախապես անցնել․ բժիշկների արձագանքը

Կորոնավիրուսը մարտահրավեր է նետել ամբողջ մարդկությանը, բժիշկներին՝ առավել ևս։ Մասնագիտական համայնքն ամբողջ աշխարհում բաժանված է երկու բևեռի․ ոմանք ասում են, որ նախքան պատվաստվելը և պատվաստվելուց հետո պետք է խմել արյունը ջրիկացնող դեղամիջոց, ոմանք՝ ոչ։

Շատերի կարծիքով, եթե մարդը նախքան պատվաստվելն օգտագործել է նման դեղամիջոց, ապա պետք է շարունակի օգտագործել, սակայն, եթե խնդիր չի եղել, իմաստ չկա, չէ՞ որ դեղամիջոցն ունի կողմնակի ազդեցություն։

Մեր հայրենակիցներից շատերը նախքան պատվաստվելը մոտ 10 օր հիմնականում «Կարդիոասպիրին», «Կարդիոմագնիլ» դեղամիջոցներն են օգտագործում՝ արյունը ջրիկացնելու համար։ Մի քանի բժիշկներից փորձեցինք պարզել՝ կարելի՞ է, թե՞ ոչ։

Համաճարակաբան Մերի Տեր-Ստեփանյանի կարծիքով՝ իմաստ չունի։ «Եթե մարդը սրտանոթային խնդիր ուներ ու օգտագործում էր այդ դեղամիջոցները, նույն ձևով շարունակում է խմել։ Սակայն, եթե խնդիր չունի՝ լրացուցիչ դեղորայք օգտագործելու անհրաժեշտություն չկա։ Սա որևէ ուղեցույցով ցուցված չէ, ապացուցողական հիմք չունի։ Թրոմբագոյացման մի քանի դեպքը որ եղել է, որևէ կապ չունի նման դեղամիջոցների կիրառման հետ»։

Անոթային վիրաբույժ, սրտաբան Անի Աբովյանի ևս նշեց, որ արյունը ջրիկացնող դեղեր խմելը նախքան պատվաստվելը կամ դրանից հետո ապացուցված չէ։

«Հետազոտություններ դեռևս չկան ու նման պրակտիկա չի կիրառվում ողջ աշխարհում, այդ թվում և՝ Հայաստանում։ Դա ժողովուրդն է հորինել, ինչպես նաև հորինել են այն, թե պարտադիր պետք է պատվաստումից առաջ ստուգեն արյան մակարդելիությունը։ Ոչ մի ստուգման, անալիզի կարևորությունն ապացուցված չէ»։

Սրտաբան, թերապևտ Ալլա Սաֆարյանի խոսքով՝ տարբեր կարծիքներ կան․ մի մասն ասում է՝ պետք չի խմել, մյուսը, թե՝ պետք է։

«Իմ կարծիքով, եթե մարդն ունի վախեր, լավ կլինի՝ ոտքերի անոթները ստուգի, արյան մակարդելիության անալիզ հանձնի, որ պարզ դառնա՝ մարդն ունի՞ արյունը ջրիկացնող դեղ օգտագործելու կարիք, թե՞ ոչ, որովհետև կարող է՝ մարդու արյունը ջրիկ է, ու արյունահոսության ռիսկեր կան․ օրինակ, եթե թութք, միոմա ունի մարդը կամ ստամոքսի խնդիր։ Կարևոր է նաև պատվաստվելուց առաջ ՊՇՌ հետազոտության թեստ հանձնել, որովհետև կարող  է վարակված լինեն կորոնավիրուսով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս