ԵՄ-ն կարող է 2023 թվականին անցկացնել իր պատմության մեջ առաջին զորավարժությունները. El Pais
Եվրամիությունը պլանավորում է իր պատմության մեջ առաջին զորավարժությունները կազմակերպել 2023 թվականին: Նոյեմբերի 15-ին այդ մասին հաղորդել է իսպանական El Pais թերթը՝ վկայակոչելով այն տեղեկատվությունը, որը բովանդակում է Միության անվտանգության հայեցակարգը, որը կստանա ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանումը։
Գաղտնի փաստաթուղթը, որին ծանոթանալու հնարավորություն է ստացել հրատարակությունը, բովանդակում է ԵՄ-ի ռազմական ներուժի մեծացման կոչ՝ անհրաժեշտ ուժեր լինելու համար «իր աշխարհայացքի առաջշարժման եւ իր շահերի պաշտպանության» նպատակով»: «2023 թվականից մենք կանոնավորապես կկազմակերպենք զինավարժանքներ, այդ թվում ռազմածովային»,- ասված է փաստաթղթում:
Զորավարժությունները կոչված են նպաստելու եվրոպական՝ արագ հակազդման ուժերի ստեղծմանը, որոնք 2025 թվականին կարող են ունենալ մինչեւ 5 հազար զինծառայող: «Մենք կշարունակենք անցկացնել կանոնավոր զինավարժանքներ զինված ագրեսիայի դեպքում մեր փոխօգնության ուժեղացման համար»,- ընդգծված է փաստաթղթում:
Նշվում է, որ նախաձեռնության մանրամասները կշարադրվեն Միության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների նիստերում: Սպասվում է, որ Եվրամիության անվտանգության առաջին հայեցակարգը՝ ԵՄ-ի ռազմավարական կողմնացույց անվանմամբ կընդունվի 2022 թվականի գարնանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: