Բաժիններ՝

ԵՊՀ-ի շուրջ զարգացումների համառոտ վերլուծություն

Անցած շաբաթ կայացած Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հոգաբարձուների խորհրդի նիստի արդյունքները որոշ մարդկանց հիասթափեցրին։ Խորհրդի նախագահ ընտրվեց փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղար՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Սուրեն Պապիկյանը հիանալի ուսուցիչ է եղել, իսկ Եղիշե Կիրակոսյանին դասավանդել եմ և կարող եմ ասել, որ տաղանդավոր մարդ է։ Հետևաբար, այստեղ խնդիրն անձերի մեջ չէ։

Նախահեղափոխական, հեղափոխական և հետահեղափոխական գործընթացներում ԵՊՀ-ն առանցքային դեր ուներ։ Մշտապես շեշտվում էր այն հանգամանքը, որ բուհի ռեկտորը հանրապետական է, իսկ խորհրդի նախագահը ՀՀԿ-ի ղեկավարն է, երկրի նախագահը։ Այս ֆոնին ակնկալվում էր, որ հատկապես ԵՊՀ-ում գործող իշխանությունն իրականացնելու է ապակուսակցական քաղաքականություն։ Շատերի համար այս հարցն իշխանության սկզբունքայնության ցուցիչ էր։ Երբ ընդդիմադիր եղած ժամանակ ասում ես, որ բուհի ղեկավարն ու խորհրդի նախագահը չպետք է լինեն կուսակցական, բարձրաստիճան պաշտոնյա, ապա ենթադրվում է, որ իշխանության գալուց հետո դու պետք է ամեն ինչ անես, որ բուհի ղեկավար պաշտոններում կուսակցական առաջնորդներ չլինեն։ Իհարկե, իշխանությունը կարող է արդարանալ և ասել, որ Սերժ Սարգսյանը երկրի առաջին դեմքն էր, ՀՀԿ-ի առաջնորդը, իսկ Սուրեն Պապիկյանը ոչ կուսակցության առաջնորդն է, ոչ էլ երկրի առաջին դեմքը։ Բայց այս համեմատությունը դժվար թե համոզիչ հնչի։

Ավելին, եթե նախկինում խորհրդի քարտուղարը բուհի կողմից ընտրված անդամներից էր, ապա հիմա նաև խորհրդի քարտուղարն է վերադասի կողմից նշանակվածների ցանկից։ Այսինքն՝ իշխանությունը նույնիսկ քարտուղարի պաշտոնը չվստահեց համալսարանի կողմից ընտրված թեկնածուներին։ Մյուս խնդիրն էլ այն է, որ նիստն անցկացվեց փակ։

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ իշխանությունը ԵՊՀ-ում ՀՀԿ-ի «կոստյումից» հրաժարվելու փոխարեն՝ հագավ այն։ Հեղափոխությունից հետո իշխանությունները բավական ագրեսիվ վարքագիծ դրսևորեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ։ Փորձ արվեց նրա վրա ճնշում գործադրելով՝ հասնել հրաժարականի։ Այնուհետև քրեական գործ հարուցվեց, որը հիմքեր չտվեց ռեկտորին պաշտոնանկ անելու համար։ Նման ագրեսիվ և ոչ համոզիչ պահվածքը ԵՊՀ-ում որոշակի դիմադրություն առաջացրեց։ Այդուհանդերձ, հաջողվեց խորհրդի անդամ որոշ դասախոսների «պոկել» Արամ Սիմոնյանին աջակցողների խմբից, և իշխանությունը խորհրդում ստացավ ձայների մեծամասնություն։

Այդ փուլում իշխանությունը որոշեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը տալ ոչ թե պաշտոնյայի, այլ նախկին պաշտոնյայի, վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավոր խորհրդական Գևորգ Մուրադյանին։ Սրանով իշխանությունն ուղերձ հղեց հասարակությանը, որ ի տարբերություն նախորդների, իրենք բուհերի կառավարման խորհուրդներում չեն ուզում ղեկավար պաշտոններ ստանձնել։ Ի դեպ, այդ տրամաբանությունը կիրառվեց մի շարք այլ բուհերում։ Օրինակ՝ Շիրակի և Վանաձորի համալսարաններում խորհրդի նախագահ ընտրվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Երևանի մի շարք բուհերում էլ ընտրվեցին միջին մակարդակի պաշտոնյաներ։

Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո սպասվում էր, որ իշխանությունը կառաջադրի իր թեկնածուին։ Սակայն դա չեղավ։ Հավանաբար իշխանության թեկնածուն չէր համապատասխանում ռեկտորին ներկայացվող պահանջներին։ Ընտրությունը կանգ առավ ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանի վրա։ Բայց որոշ ժամանակ հետո պարզվեց, որ Գեղամ Գևորգյանը լինելու է ժամանակավոր պաշտոնակատար։ Իշխանության սպասողական և ժամանակ ձգելու գործողությունները ԵՊՀ-ի ներսում ձևավորեցին ուժեղ դիմադրություն։ Գիտխորհրդի և կառավարման խորհրդի ղեկավարումը դժվարացավ։

Իրավիճակն ավելի լարվեց պատերազմից հետո, երբ ԵՊՀ գիտխորհուրդը պահանջեց վարչապետի հրաժարականը։ Մի շարք բուհերում տարբեր ձևաչափերով նույնպես եղան հրաժարականի ստորագրահավաքներ։ Բացի այդ, Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունները դուրս եկան նախարարության հսկողությունից։ Այս իրավիճակում իշխանությունն ուներ երկու ճանապարհ. Կա՛մ իրավիճակը թողնել ինքնահոսի, կա՛մ խստացնել բուհերի վերահսկողությունը։ Ընտրվեց երկրորդ ճանապարհը, քանի որ պատերազմից հետո իշխանության դիրքերը բավական թուլացան, և կար ռիսկ, որ համալսարաններն ինքնահոսի թողնելը կարող է շատ վտանգավոր լինել։ Ի վերջո, որոշվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծում բուհերի խորհուրդներում կառավարությանը տալ ձայների 50+1 կշիռ։ Այս քայլով իշխանությունը բացահայտ դեմ գնաց իր սկզբունքներին՝ գերազանցելով նախկին իշխանություններին։ Արդյունքում, օրենքը հռչակվեց հակասահմանադրական, ինչը լրջորեն սասանեց իշխանության հեղինակությունը։

Իհարկե, շատ հեշտ է տարբեր հռչակագրերի, սկզբունքների, անցյալում արված հայտարարությունների տեսանկյունից քննադատել իշխանությանը։ Բայց միշտ պետք է հիշել, որ իշխանություններն իրենց որոշումները կայացնում են՝ ըստ իրավիճակի։ Եթե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունենար մեծ հեղինակություն, ապա այս անգամ էլ խորհրդի նախագահ կընտրվեր ոչ թե Սուրեն Պապիկյանը, այլ միջին մակարդակի մի պաշտոնյա։ Բայց իրավիճակը իշխանություններին ստիպում է մի կողմ դնել իրենց նախկին քննադատությունները, սկզբունքները՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Ի դեպ, այդքան զարմանալի չէր Սուրեն Պապիկյանի ընտրությունը, որքան Եղիշե Կիրակոսյանի նման բազմազբաղ ու բարձրակարգ մասնագետի ընտրությունը քարտուղարի պաշտոնում։ Որոշ բուհերում քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է ուսանող։

Այս ամենը նշանակում է, որ ամեն ինչ արվում է, որ ԵՊՀ-ում լինի իշխանության լիարժեք վերահսկողություն։ Իսկ դա հնարավոր է անել միայն նեղ շրջանակի մարդկանց միջոցով։  Ի դեպ, սոցիալական ցանցերում և մամուլում մենք հիմնականում տեսնում ենք իշխանություններին քննադատող մտքեր։ Բայց իրականում դասախոսների զգալի մասը մտածում է, որ համալսարանի ղեկավարությունում պետք է լինեն հենց իշխանության մարդիկ, որպեսզի համալսարանին բարի աչքով նայեն։ Հենց այս մտածողությունն էլ բերեց նման հանգուցալուծման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս