Գուցե Դավիթ Տոնոյանին պահում են փակի տակ, որ Փաշինյանի նկատմամբ այլ տեղեկատվություն դուրս չշպրտվի՞. Արտակ Զաքարյան

Հայաստանին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) նախ մեղադրվում էր, որ բանակին մատակարարել է 1977թ. չեխական արտադրության հրանոթի արկեր, որոնց կիրառման դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Այժմ նա մեղադրվում է նաև ավիացիոն անորակ հրթիռների գործով:  Այս գործով անցնում են ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանը, Գլխավոր շտաբի (ԳՇ) պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Ռազմամթերքի մատակարարման չարաշահմանն առնչվող քրեական գործով կալանավորված է նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Գալստյանը ՀՀ-ին և բանակին զինամթերք է մատակարարել նաև նախորդ իշխանությունների օրոք, ուստի 168.am-ը փորձեց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանից պարզել՝ արդյոք իրենց ժամանակ  մատակարար ընկերությունների հետ խնդիրներ ծագե՞լ են, եթե այո, ապա ինչպե՞ս են հարթվել:

– Աշխարհի բոլոր բանակներում,  զինված ուժերում,  որպես կանոն, պլանավորվում է ԶՈւ զարգացման առաջիկա մի քանի տարիները, և այդ պլանի համաձայն՝ կազմվում է  սպառազինությունների և տեխնիկայի ցանկերը՝ ձեռքբերման համար: Ըստ այդմ՝ ՊՆ-ն, բնականաբար,  նախատեսում է գնումներ, և ձեռք է բերվում համապատասխան սպառազինություն, այդ թվում՝ երկակի նշանակության: Իհարկե, կարող են առաջանալ որոշակի խնդիրներ մատակարարների հետ կապված, բայց դա կարգավորվում է և՛ օրենսդրությամբ, և՛ պաշտպանական համակարգի ներքին իրավական կարգավորումներով: Ես չգիտեմ՝ ի՞նչն է եղել պատճառը, որ կոնկրետ տվյալ իրավիճակում որոշում է կայացվել այդ անպիտան և ոչ նպատակահարմար ճանաչված ռազմամթերքը վերցնել սպառազինություն, դա երևի թե իրավական համակարգը կպարզի:  Բայց նախկինում էլ եղել են նման իրավիճակներ, որքանով ես տեղյակ եմ: Ես կարող եմ ասել այն ժամանակահատվածի համար, երբ ես աշխատել եմ Պաշտպանության նախարարությունում, այդ ժամանակ էլ են եղել ոչ բավարար կամ տեխնիկական պահանջներին չհամապատասխանող  մատակարարումներ, որոնք վերադարձվել են, անգամ՝ սնունդի հետ կապված, և դրանց համար չի վճարվել: Իսկ տեխնիկական բնութագրերին համապատասխանող բոլոր տիպի մատակարարումները, բնականաբար, միշտ, որպես կանոն, վերցվում են ԶՈՒ սպառազինություն:

Դավիթ Տոնոյանի և Դավիթ Գալստյանի պաշտպաններն ասում են՝ «մատակարարված հրթիռները որակյալ են», պահանջում են  փորձաքննություն,  ինչին իշխանությունները չեն գնում, չեն համաձայնում փորձաքննություն իրականացնել:

– Ես չգիտեմ՝ հիմա իրավիճակը ինչպիսին է, և, ինչպես արդեն ասացի, պետք է հասկանալ, թե ի՞նչն է եղել պատճառը, որ 7 տարի հետո ոչ նպատակահարմար և անորակ ճանաչված հրթիռների մի մասը սպառազինություն ընդունելու  որոշում է կայացվել: Դա բարդ է ասել: Պետք է որոշում կայացնողներից հարցնել: Որքան ես գիտեմ, հանձնաժողով է կազմվել, որպեսզի այդ հրթիռները ժամանակավոր պահեստից տանեն կամ  չտանեն սպառազինություն, և  այդ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: Թե հիմա ինչի՞ է տվել, բանավոր հանձնարարականո՞վ է տվել, թե՞ այլ շահադիտական նպատակներով, դա արդեն ուսումնասիրությունները պետք է ցույց տան:

Այս ամենում քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, կալանավորված է պաշտպանության նախկին նախարար Տոնոյանը:

Ի՞նչ քաղաքական ենթատեքստ պիտի լինի: Պաշտպանության նախկին նախարարը իրենց ամենասիրելի պաշտոնյաներից մեկն էր: Չեմ կարծում, որ այստեղ քաղաքական ինչ-որ բան կա, կամ դրանով ինչ-որ մեկին ինչ-որ բան են ուզում ասել: Կամ գուցե Դավիթ Տոնոյանին պահում են փակի տակ, որպեսզի Փաշինյանի նկատմամբ այլ տեղեկատվություն դուրս չշպրտվի՞: Դա չեմ բացառում, բայց այն, ինչը  վստահ չգիտեմ,  վստահ հայտարարել  չեմ կարող,  որպես ենթադրություն, իհարկե, կարող է տեղի ունենալ:

«Եթե չփոխվեր 2018-2024թթ. ԶՈՒ արդիականացման ծրագիրը, գուցե ՀՕՊ-ի զարգացման միջոցով հնարավոր լիներ պատերազմի ընթացքում կասեցնել «Բայրաքթարների» ազդեցիկ դերակատարությունը». Արտակ Զաքարյան

Վերջերս Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց, որ  բանակն ինչ ուզել է, իրենք գնել են, այսինքն, չեն ասել՝ գիտե՞ք ինչ, փող չկա, որպեսզի դա ապահովենք, այն, ինչ իբր նախկինում չի եղել:

– Բանակը պետք է պլանավորված ձեռքբերում անի: Նախկինում էլ բանակն ինչ պլանավորել է՝ տրվել է: Այլ բան է, որ մինչև պլանավորումը ասեն՝ այ, որ սա ունենայինք, շատ լավ կլիներ: Ո՞վ է ասում, որ վատ կլինի: Եթե մենք հիմա ունենայինք հեռահար բալիստիկ հրթիռներ, շատ լավ կլիներ: Ո՞վ է ասել՝ ոչ, ո՞վ է ասել՝ մեզ պետք չի, բայց ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, այդ խնդիրը միշտ եղել է: Օրինակ, հիմա եթե գնացել ասել են՝ եկեք սնունդի մատակարարում անենք, բարելավենք, և դա 2.5 անգամ ավելի թանկ է նստել պետության վրա… նախորդ իշխանությունները ավելի նպատակահարմար էին գտնում այդ գումարն ուղղել զինամթերքի ձեռքբերմանը, ինժեներական աշխատանքներին, քան գնալ նման շռայլությունների: Չնայած, եթե դու ամբողջությամբ, մինչև վերջ սպառազինված ես, և քեզ մնում է միայն բարելավումներ անել, դա շատ լավ է: Բայց ես վստահ կարող եմ ասել, որ շատ ավելի լուրջ խնդիրներ կարելի էր լուծել այն գումարով, որ նրանք տվեցին սնունդի մատակարարումների, բարելավումների համար:

Իսկ սպառազինության մասով, իմ պատկերացմամբ, իրենք փոխել են 2018-2024 թվականների ԶՈւ արդիականացման ծրագիրը: Եվ անհասկանալի ձևով ինքնաթիռներ են մտցրել դրանում: Ես որպես արդիականացման ծրագրի մշակման աշխատանքային խմբի ղեկավար՝ մոտ 2-3 ամիս աշխատել եմ, մասնագիտական աշխատանք է տարվել ԶՈՒ բարձրաստիճան ղեկավարության հետ միասին: Եվ ես հիշում եմ, որ առնվազն 2-3 բավականին ծանր քննարկումներ են եղել՝ միջոցները ուղղել ավիացիայի՞ զարգացմանը, թե՞ հակաօդային պաշտպանության, և ճնշող մեծամասնությամբ հենց նույն զինվորականները պնդում էին, որ ՀՕՊ-ն է պետք զարգացնել: Իհարկե, լավ ավիացիա ունենալը ոչ մեկին չի խանգարի, բայց մեր իրավիճակում պաշտպանական խնդիրներն արագ,  որակյալ  և հիմնովին լուծելու համար թիվ մեկ խնդիրը, իհարկե, ՀՕՊ-ն էր: Հիմա թե իշխանափոխությունից հետո ինչի է որոշվել փոփոխություն անել և միջոցները ՀՕՊ համակարգից ուղղել դեպի ավիացիայի ձեռքբերում՝ լավ իմանալով, որ եթե վաղը պատերազմ սկսվի՝ այդ ավիացիան (Սու-30 ՍՄ.- Մ.Պ.) չի աշխատելու: Եթե չեմ սխալվում, այդ ինքնաթիռները 2019-ի դեկտեմբերին են բերվել, ընդ որում, առանց համապատասխան հրթիռների, իսկ 2020թ. փետրվարին արդեն «Բայրաքթարները» հայտնվել են Ադրբեջանի զինանոցում, և հաջորդ 6-7 ամիսների ընթացքում այս իշխանությունները ոչ մի հակադրող ձեռնարկ չեն իրականացրել: Իսկ եթե չփոխվեր արդիականացման ծրագիրը, գուցե նաև ՀՕՊ-ի զարգացման միջոցով հնարավոր լիներ կասեցնել «Բայրաքթարների» ազդեցիկ դերակատարությունը 2020-ի պատերազմի ընթացքում:

«Եթե «Իսկանդերը» նավթամուղերի ուղղությամբ կիրառվեր՝ թեկուզ նախազգուշացնող, անմիջապես պատերազմը կկանգներ, միջազգային հանրությունը կստիպեր Ադրբեջանին, որ կանգնեցնի պատերազմը». Արտակ Զաքարյան

– Պատերազմի ելքի համար կամ դրանում մեղադրում են նաև նախկին իշխանություններին, որ ժամանակակից սպառազինություն չեն գնել: 

– Սպառազինության ձեռքբերումը ԶՈւ-ի առջև դրված խնդիրներին համահունչ է եղել: Եթե խնդիրն ինչ-որ բան լուծելն է տվյալ պահին, բնականաբար, չեք գնա և հին գործիքներ բերեք: Ընդհակառակը՝ հին գործիքները բերել են նիկոլենք՝ հորդանանյան «ՕՍԱ-ԱԿ»-ները: Մեր իշխանությունների տարիներին երբեք նման բան չի եղել:

Այսինքն, եթե որևէ սպառազինություն էլ բերվել է, դրա դիմաց չի վճարվել, այնպես, ինչպես մոտ 50.000 տոննա ռազմամթերք  անընդհատ որպես օգնություն ստացել ենք ՌԴ-ից: Երկրորդ՝ եթե անցած տարի է արտադրվել, ժամանակակից է, բայց դա քեզ պետք չէ, դրա կիրառման ոչ տարածքն ունես, ոչ էլ հնարավորությունը, այնպես, ինչպես ինքնաթիռները բերեցին: Ավելին, դրանք այնքան էլ ժամանակակից չէին, եթե ժամանակակիցի մասին էին խոսում, թող Սու-35 բերեին: Այսինքն, պետք է կիրառեք այն զինատեսակները, որոնք ձեզ համար կիրառելի են, այս պատերազմում աշխատել է միայն  հրետանին: Եվ խնդիր է լուծել միայն հեռահար հրետանին: Եվ ոչ մեկը չի կարող ասել, որ այս հրետանին ժամանակակից հրետանի է:

«Սմերչերն» են խնդիր լուծել, ժամանակակի՞ց են, համակարգը՝ ոչ, հրթիռները՝ այո: «Իսկանդերը» ժամանակակի՞ց է, թե՞ ժամանակակից չէ: Ինչ ապաշնորհ ձևով վերաբերվեցին դրան… Ուղեղները պետք է ժամանակակից լինեն, ոչ թե հնացած և վախկոտ, որ վախեցան նավթամուղերի ուղղությամբ կիրառել՝ թեկուզ նախազգուշացնող… անմիջապես պատերազմը կկանգներ: Միջազգային հանրությունը կստիպեր Ադրբեջանին, որ կանգնեցնի պատերազմը: Ուղեղներն է հին, ոչ թե տեխնիկան:

Որքանո՞վ է պատերազմից հետո ստեղծված իրավիճակում մեղավոր ռազմական նախկին և ներկա ղեկավարությունը, գեներալիտետը, արդյո՞ք բավարար էր միայն հայտարարությամբ հանդես գալը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս