«Թեհրանն այլևս պայմանավորվում է Բաքվի հետ՝ չդիտարկելով հայկական կողմը որպես լիարժեք դերակատարի». Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Պատահական չէ, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա ադրբեջանական մաքսակետի տեղադրումը տեղի ունեցավ իրանա-ադրբեջանական ճգնաժամի հաղթահարման մասին երկուստեք արվող հայտարարությունների ֆոնին:
Ընդամենը 2 օր առաջ Թեհրանը շնորհավորել էր Բաքվին՝ ՛՛օկուպացված տարածքները՛՛ վերադարձնելու ու իրանա-ադրբեջանական 138 կմ սահմանը վերականգնելու կապակցությամբ:
Դրան զուգահեռ Բաքվում հայտարարում են համատեղ նախագծերի ռեանիմացման մասին, որոնցից այս պահին կարող ենք առանձնացնել Խուդաֆերինի ու Ղըզ Ղալասիի հիդրոոբյեկտները, ինչպես նաև համատեղ կոմունիկացիոն նախաձեռնությունները: Այս ամենը հայ-իրանական օրակարգի թիրախային սնանկացման արդյունք է, որն անթաքույս լերպով ապահովվեց 2018-ից հետո թավշյա վարչակազմի կողմից:
Թեհրանն այլևս պայմանավորվում է Բաքվի հետ՝ չդիտարկելով հայկական կողմը որպես լիարժեք դերակատարի (երկու շաբաթ առաջ Մոսկվայում շփվում էի Իրանի ԱԳՆ ներկայացուցիչների հետ, որոնք ասում էին, որ Երևանը Թեհրանին պարզապես մանևրելու տեղ չի թողնում): Նույն ՛՛Կովկասյան միջանցքը՛՛, որի մասին մոտ 2 ամսի առաջ հայտարարեց Թեհրանը, կյանքի կոչվելու դեպքում անխուափելիորեն իր մեջ ներառելու է նաև ադրբեջանական բաղադրիչը: Ու Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի առկայությունը դրան ուղղված առաջին քայլերից է: Այսպիսով, Հայաստանի տրանսպորտային անվտանգության համակարգում Բաքուն այլևս դերակատար է:
Ակնհայտ է նաև, որ մոտ ապագայում Թեհրանը՝ Հայաստանի ուղղությամբ բեռնափոխադրում իրականացնելու համար չի օգտվելու թմբկահարվող այլընտրանքային ճանապարհից՝ նախընտրելով պայմանավորվել Բաքվի հետ՝ իր համար անհրաժեշտ պայմաններ ստանալու համար: Հայաստանի պսևդո-իշխանությունների կողմից առաջարկվող շրջանցող ուղին լավագույն դեպքում Իրանի կողմից կարող է օգտագործվել Բաքվի հետ հարաբերությունների հերթական լարման պայմաններում՝ որպես դիվերսիֆիկացիոն գործիք: Ընդամենը:
Վայելեք մանրադրամի վերածված Հայրենիքը»: