Շատ կուզեինք Արցախում ֆրանսիացի խաղաղապահ էլ տեսնել. հադրութցիներ

Արցախից տեղահանվածները, հիմնականում հադրութցիները, նոյեմբերի 9-ին բողոքի ակցիա իրականացրեցին Հանրապետության հրապարակի մոտ, որից հետո շարժվեցին դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն:

Նրանք հիմնականում պահանջում են, որպեսզի իրենց կարգավիճակի հարցը լուծվի, փախստականի կարգավիճակ ունենան, ինչպես նաև կարևորում են Արցախի վերջնական հարցի լուծումը, որպեսզի հանգիստ և անվտանգ կարողանան ապրել հայրենի հողում:

«Չենք գնում Արցախ, որովհետև անվտանգ չէ: Ավելին, մենք ձգտում ենք նրան, որ մեզ վերադարձնեն օկուպացված Հադրութը, ու վերադառնանք մեր տները: Ամեն մարդ պետք է ապրի այնտեղ, որտեղ ծնվել է ու մեծացել»,- նշեց Հադրութի բնակիչներից մեկը:

Մեկ այլ հադրութցի էլ հավելեց. «Վերջերս դիմում ենք ներկայացրել Ֆրանսիայի դեսպանատուն՝ փախստականի կարգավիճակի վերաբերյալ, գնում ենք պատասխանը ստանանք: Արցախում կորցրել եմ ամեն ինչ՝ տուն, այգի, բայց դա ոչինչ, եթե խաղաղություն լինի, այդ ամենն էլ կլինի: Իսկ խաղաղություն կլինի մեկ դեպքում, երբ մենք հաղթենք թշնամուն, ու նրանք ծնկաչոք ներողություն խնդրեն մեզանից: Բայց եթե երգի, ու մենք նրա նվագի տակ պարենք՝ նման խաղաղություն չի լինի»:

Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցի հետ հանդիպման ժամանակ հադրութցիներին փոխանցեցին, որ սպասում են պատասխանի՝ Փարիզից, իրենք դեսպանության անունից չեն կարող որևէ բան ասել:

Հադրութցիները դեսպանատան աշխատակցին հիշեցրին նաև նոյեմբերի 8-ի դեպքը, երբ ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, մեկը մահացել է, 3-ը՝ վիրավորվել, և հարցրեցին՝ Ֆրանսիան՝ որպես համանախագահ երկիր, ինչ-որ քայլ ուզո՞ւմ է ձեռնարկել:

«Շատ կուզեինք Արցախում ֆրանսիացի խաղաղապահ էլ տեսնել,- ասաց հադրութցի Լևոնը՝ հավելելով,- Փաստորեն, մեկ տարի առաջ ավարտված ցեղասպան պատերազմին գնահատականներ չկան: Եթե մեր կառավարությունը վախենում է օգնություն խնդրել Ֆրանսիայից, մենք ենք խնդրում»:

Դեսպանատան աշխատակիցը խոստացավ այդ ամենը փոխանցել դեսպանին:

Հադրութցիները նշեցին, որ կսպասեն պատասխանի, իսկ մինչ այդ գուցե էլի բողոքի ակցիաներ լինեն: Նրանք նաև հայտնեցին, որ սոցիալական աջակցություն չեն ստանում հուլիս ամսից:

«Որոշ մարդկանց սննդամթերքով, շորով օգնում էին, դա էլ այլևս չկա: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը՝ ասում էին, որ սեպտեմբերից հաշված 25.000-ական դրամները տալու են մինչև դեկտեմբեր, իսկ թե դրանից հետո ի՞նչ են անելու՝ չգիտենք: Ասել ենք՝ միացեք ՄԱԿ-ի Գլխավոր գրասենյակ, ասեք, որ ունենք 35.000 փախստական, չենք կարողանում պահել, փող տվեք՝ պահենք»,- ասաց հադրութցի Լևոնը:

Մեր հարցին՝ շատ արցախցիներ վերադառնում են Արցախ բնակվելու, իրենք ևս պատրաստվո՞ւմ են, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Այնտեղ սոցիալական պայմանները շատ ավելի վատ են: Ես Արցախի իշխանություններին մի քանի անգամ հանդիպել եմ, ասել եմ, եթե գանք՝ հա՞րց է լուծվելու, թե՞ սոցիալական լարվածությունն է ավելանալու, պատասխանել են՝ երկրորդը: 25.000-ը, որ այստեղ է, հետ գնան՝ Արցախը կպայթի: Հենց հիմա այնտեղ բազմաթիվ մարդկանց գիտեմ, որ հյուրանոցում են մնում, վարձով տուն չեն գտնում: Մինչև շենքեր չկառուցեն, չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս