Հարցեր՝ ընդդիմադիր պատգամավոր և «Հայկական ժամանակի» հոդվածագիր Նիկոլ Փաշինյանից՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը և, ինչպես միշտ, արցախյան վերջին պարտության մեղքը բարդել է բանակի և նախկինների վրա: Բանակի, պատերազմի հետ կապված՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարություններին տարբեր առիթներով և կոնտեքստներում անդրադարձել ենք, բայց հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ մի քանի մտքերի, քանի որ 4 տարում բառի բուն իմաստով բանակաշինությամբ չզբաղված, եթե չասենք՝ ճիշտ հակառակն արած՝ քանդած անձը բանակաշինության ֆունդամենտալ խնդիրները փորձում է կապել նախկինների հետ, ընդ որում, դա անում է «գրանտ կպցրած» իրավապաշտպան կազմակերպության ղեկավարի և բանակի խնդիրներին խորությամբ ոչ ծանոթ լրագրողի մակարդակով:

«Առանձին վերցրած դրվագները պիտի դիտարկվեն, պիտի նաև իրավական գնահատականի արժանանան, բայց մենք պետք է հասկանանք, որ դա այսբերգի երևացող կողմն է: Ի՞նչ սխալներ են տեղի ունեցել, օրինակ՝ բանակաշինության ոլորտում մենք ֆունդամենտալ խնդիրներ ենք ունեցել: Ընդ որում, այդ ֆունդամենտալ խնդիրները, կարծում եմ, բոլորինս են, և բանակը երկար տարիներ, ըստ էության, եղել է անձեռնմխելի: Ճիշտ է՝ ահազանգեր են եղել բանակում տեղի ունեցող թերությունների, չարաշահումների մասին, բայց սովորաբար այդ ահազանգերի հեղինակները համարվել են, այսպես ասած, ոչ կառուցողական, ապազգային և այլն, բայց, ի վերջո, այն, ինչ տեղի ունեցավ, այսբերգի երևացող կողմն է»,- Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշել է Փաշինյանը:

Մեղմ ասած, զավեշտալի է, երբ բանակի անձեռնմխելիությունից խոսում է մի մարդ, ում ժամանակ պաշտպանության նախարարները փախչում են լրագրողներից, ում պաշտոնավարման ժամանակ երբեմնի խոսող գեներալները քայլում են «կողպված բերանով», ում ժամանակ առաջնագիծ մուտքը արգելվում է ընդդիմադիր պատգամավորների համար, ում ժամանակ դրական իմաստով չկար համագործակցություն լրագրողների հետ պատերազմի ժամանակ և չկա այսօր, և, մասնավորապես, ռազմական լրագրողները թույլատրելի սահմանում տեղյակ չեն՝ բանակի ինչ բարեփոխումների մասին է խոսքը, պրոֆեսիոնալ ինչ տեսակ բանակ ենք պատկերացնում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը չի պատասխանում այն հարցերին, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է հարցազրույցում՝ «երկար տարիներ ինչպե՞ս է տեղի ունեցել բանակի զարգացումը, ինչպե՞ս է ձևավորվել բանակի բյուջեն, ինչպե՞ս է ծախսվել բանակի բյուջեն»:

Այս համատեքստում քաղաքացիների հարկերով սնվող Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնում է ԱԽ նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի արտահայտած մտքին:

«Հայտարարությունների և իրականության միջև խզումը, երբ, օրինակ, Անվտանգության խորհրդին զեկուցվում է, որ բանակն ի վիճակի է «ոչ մի քայլ հետ» տրամաբանությամբ պահել առաջնագիծը, բայց գործնականում դա տեղի չի ունենում: Սրանք հարցեր են, որոնք պետք է շատ լրջորեն ուսումնասիրվեն, բայց համակարգային առումով մենք պետք է ասենք և պիտի խոստովանենք, որ, ըստ էության, ձախողել ենք բանակաշինության գործն այն առումով, որ բանակը պիտի համապատասխաներ այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության շուրջ»:

Այստեղ Նիկոլ Փաշինյանը մոռանում է ասել, որ խոսքը նախքան պատերազմը հրավիրված 21.08.2020թ. նիստի մասին է, որի ժամանակ, ըստ Անվտանգության խորհրդի հրապարակած արձանագրության, Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է. «… Արևելյան օպերացիոն ուղղությունում․․. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները…»:

Այստեղ, ըստ էության, խոսքը կարող է զորավարժության սցենարի մասին լինել:

Նշենք, որ 2020-ի օգոստոսի 24-ին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ մեկնարկել էին ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի նպատակն էր՝ ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:

Այո, ՀՀ ԶՈՒ-ն ունենում է կիրառման պլան, որը փոփոխության չի ենթարկվել պատերազմի ժամանակ, ինչը հոկտեմբերի 27-ին խոստովանել էր հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»,- հավելել էր Փաշինյանը:

168.am-ը բաց աղբյուրների, զոհված զինվորների ծնողների հարցազրույցների հիման վրա ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ ՊԲ-ն ամբողջովին պատրաստ չի եղել պատերազմական վիճակին, եղել են ծավալման հետ կապված խնդիրներ:

Հավելենք, որ ՀՀ Անվտանգության խորհուրդն է հաստատում՝

-զինված ուժերի զարգացման պլանը,

-այլ զորքերի զարգացման պլանը,

– զինված ուժերի ծավալման պլանը,

-զինված ուժերի զորահավաքային պլանը,

-զինված ուժերի կիրառման պլանը:

 Հիշողության կորո՞ւստ, թե՞ «Ճ» կլասի մանիպուլյացիա

Վերադառնալով Զինված ուժերի, բանակի երկիրը, սահմանը պաշտպանելու կարողությանը, թարմացնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշողությունը:

Պատերազմից մեկ օր առաջ Փաշինյանի ընտանեկան թերթը խոստովանել էր՝ «եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:

2016-ի օգոստոսի 18-ին «Հայկական ժամանակում» հրապարակվում է «Արաքսից Թալիշ. նոր առաջնագիծ» վերտառությամբ՝ դեռևս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որտեղ նա ներկայացնում էր 2016թ. օգոստոսի 12-15-ը Արցախ կատարած այցին, որի շրջանակում օգոստոսի 13-14-ին անցել էր նաև արևելյան առաջնագծի ողջ երկայնքով՝ Արաքսի ափից մինչև Թալիշ:

«Հիմա արդեն բոլորն են ընդունում, որ չորսօրյա պատերազմի շրջադարձային պահը ապրիլի 4-ին Ակնայի (Աղդամի) դիմաց՝ ադրբեջանական Քարադաղլի գյուղի ուղղությամբ հայկական կողմի հասցրած հրետանային հարվածն էր, որի ընթացքում ադրբեջանցիները առնվազն երեք տանկ են կորցրել և մոտ 200 զոհ տվել: Իսկ հրետանային մշակման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊԲ-ն խորքային հետախուզության միջոցների կիրառմամբ արձանագրել է, որ նշված ուղղությամբ տեղի է ունենում զորքերի, տանկերի խոշոր կուտակում, և որոշում է կայացվել հրետանային ծավալուն գործողություններով ցրել հակառակորդի կուտակումը: Այցի ընթացքում մեզ ներկայացվեց ապրիլի 4-ի հրետանային գործողության տեսագրությունը: Ռազմական փորձագետները համոզված են. գործողությամբ կանխվել է հակառակորդի հարձակումը Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ:

Այդ դրվագում հայկական հրետանու ճշգրտությունը, իհարկե, առասպելների առիթ է դարձել, բայց տվյալ դեպքում առավել կարևոր է, որ խորքային հետախուզման համակարգը, որի գործադրմամբ հայտնաբերվել է թշնամու տանկային շարասյունը, դեպքից ընդամենը մեկ ամիս առաջ է գործարկվել, ու հիմա ակնհայտ է, որ եթե այդ համակարգը չլիներ, հետախուզության սովորական միջոցները կարող էին և չհայտնաբերել թշնամու կուտակումը, ինչը ճակատագրական նշանակություն կունենար հայկական կողմի համար: Թերևս, հենց այս դրվագն է պատճառ դարձել, որ ԼՂՀ կառավարությունը որոշել է խորքային հետախուզության այդ նույն միջոցներով ապահովել ողջ առաջնագիծն այնպես, որ ճակատի ոչ մի հատված դուրս չմնա համակարգի տեսադաշտից»,- «Ձախողված տանկային բլիցկրիգ» վերնագրով ենթահատվածում 2016թ. գրել է Փաշինյանը:

Այնուհետ ընդդիմադիր Փաշինյանն անդրադարձել է սեփական աչքով տեսած դիրքերի կահավորմանը.

«Չորսօրյա պատերազմից հետո առաջնագծում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում: Առաջին հերթին, իհարկե, տեխնիկական հագեցվածության իմաստով: Պաշտպանության բանակի առաջնահերթություններից մեկը, ակնհայտորեն, առաջնագիծը կապի այլընտրանքային համակարգերով ապահովելն է, որոնք կաշխատեն նոր սկզբունքով և որակով: Գաղափարը հետևյալն է՝ ռադիոկապի և լարային կապի գործող միջոցներին պետք է ավելանան նաև ռադիոկապի և լարային կապի ամենաարդիական միջոցներ: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ չորսօրյա պատերազմից հետո հարյուրավոր կիլոմետր ժամանակակից կապի գծեր են անցկացվել առաջնագծի երկայնքով:

Մի քանի դիրքերում կապի նոր միջոցները ամբողջությամբ գործարկված էին, և կապի նորամուծության ամենակարևոր իմաստն այն է, որ ՊԲ հրամանատարին հնարավորություն կտա արագ կապվել առաջնագծի մի քանի հարյուր հենակետերից յուրաքանչյուրի հետ և ուղիղ խոսակցություն ունենալ՝ առանց հակառակորդի կողմից լսվելու վտանգի:

Հաջորդ ամենակարևոր նորությունն այն է, որ առաջնագծի ողջ երկայնքով տեղի է ունեցել գիշերային դիտարկման սարքերի տեղադրում: Հիմա արդեն գրեթե բոլոր դիրքերը կահավորված են այդպիսի սարքավորումներով: Նույնքան կարևոր է, որ առանց բացառության բոլոր դիրքերում ի հայտ են եկել գիշերային նշանոցով զենքեր, ինչը հնարավորություն է տալիս գիշերային ժամերին հենց զենքի նշանոցով ֆիքսել և չեզոքացնել թիրախը: Այսուհանդերձ, պետք է արձանագրել, որ գիշերային նշանոցով զենքերը դիրքերում շարունակում են մնալ լայնորեն պահանջված: Ընդհանուր առմամբ, տարբեր տիպի ու խորության դիտարկման սարքավորումների տեղադրման աշխատանքները շարունակվում են, և բանակի հրամանատարության հավաստմամբ՝ համակարգը ամբողջական կդառնա առաջիկայում»,- մանրամասն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին՝ չեզոքացնելով նաև նախկինների ղեկավարած բանակի փակ և անձեռնմխելի լինելը նաև:

 Зеркало скажи…

Իսկ ի՞նչ է արել աշխարհաքաղաքական կենտրոնների տարիների ջանքերով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը արցախյան վերջին պատերազմից հետո վերջին մեկ տարվա ընթացքում դիրքերի կահավորման, նոր բնագծերի ստեղծման, սպառազինության համալրման առումով: Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք այսօրվա ընդդիմադիր պատգամավորների մուտքը նույն կերպ բաց է առաջնագիծ, որքան այն ժամանակ՝ 2016-ին, երբ իրեն թույլ էին տվել մուտք գործել, արդյո՞ք նրանք նույն պատկերը կտեսնեն: Եվ վերջապես, ի՞նչ վերտառությամբ և բովանդակությամբ հոդված կգրեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ Փաշինյանի օրոք Արցախ և ՀՀ սահմանագծեր այցից հետո: Սրանք հարցեր են, որոնց լավ կլիներ պատասխաներ ընդդիմադիր պատգամավոր և «Հայկական ժամանակի» խմբագիր և հոդվածագիր Նիկոլ Փաշինյանը: Այդ պատասխանները, թերևս, օգտակար կլինեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար: Իսկ ավելի ճիշտ՝ նրան մանդատ տված քաղաքացիների համար:

Տեսանյութեր

Լրահոս