«Մեր երկրորդ երազանքն էր, որ երեխա ունենայինք ու․․․». Արցախում զոհված սպայի այրի

Արցախյան վերջին պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Ռաֆայել Մխչյանը 27 տարեկան էր։ Սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, ավարտելուց հետո որպես սպա ծառայության էր անցել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։ Ռաֆայելը 2019 թվականի ամռանն էր ամուսնացել և կնոջ հետ ապրում էր Ջրականում։

Ռաֆայելի այրին՝ Մարիաննա Մնոյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ սեպտեմբերի 27-ին իրենք Հայաստանում էին, Ռաֆայելին 1 ամսով արձակուրդ էին տրամադրել, բայց պատերազմի մասին լուրը լսելուն պես շտապել է առաջնագիծ․

«Մոտ 10 օր էր, որ արձակուրդ էր եկել, ու կռիվը սկսվեց․․․ Իրեն ոչ մեկը չէր կանչել, բայց գնաց․․․ Խառնվել էր իրար, զանգում էր զինվորներին, անհասանելի էին, ասաց՝ պետք է իմ զինվորների, իմ տղերքի կողքին լինեմ։ Սեպտեմբերի 28-ի առավոտյան գնաց Արցախ, ճանապարհին անընդհատ զանգում էի, ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Հասել էր Ստեփանակերտ, այնտեղ ասել էին՝ Ջաբրայիլ գնացող ճանապարհը փակ է, այդ օրը մնացել էր Ստեփանակերտում, մյուս օրը կամավորների հետ, որպես սպա, նշանակել էին, գնացել էր Ջաբրայիլ․․․»։

Ամուսինները վերջին անգամ հեռախոսով խոսել էին հոկտեմբերի 2-ին, Ռաֆայելն այդ ժամանակ առաջնագծում էր․

«Ինձ չէր ասում, բայց ես կրակոցների ձայներ էի լսում․․․ Ասաց՝ մի լացի, չէր սիրում, որ ես լացում էի, ասաց՝ ամեն ինչ լավ է լինելու, ես կգամ անպայման, դա եղավ մեր վերջին խոսակցությունը․․․ Ասաց՝ կգամ, բայց չեկավ․․․»։

Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ռաֆայելը զոհվել է, սակայն հարազատներն այդ մասին ավելի ուշ են իմացել․

«Ոչ մի տեղեկություն չկար, անհասանելի էր․ տարբեր բաներ էին ասում ծառայակիցները, բայց հետո Ռաֆայելի զինվորը ամուսնուս հարազատներին ասել էր՝ ինքը չկա, զոհվել է, բայց էլի չէինք հավատում, մինչև հոկտեմբերի վերջ ման էինք գալիս, մինչև որ ծնողները եկան Ռուսաստանից, ԴՆԹ հանձնեցին ու նոյեմբերի 18-ին զանգահարեցին սկեսրայրիս, ասացին՝ հաստատվել է ԴՆԹ-ն»։

Ռաֆայելի մարմինը Մեծամորի դիահերձարանում է եղել, բացի ԴՆԹ-ից, հարազատները նրա մարմինը ճանաչել են նաև 2 ձեռքին արված դաջվածքներից․

«Անգլերեն լեզվով գրված դաջվածքներ էին, մեկի վրա գրած էր՝ «Վերջում ամեն ինչ լավ է լինելու», իսկ մյուս ձեռքին՝ «Իմ ընտանիքն իմ ամրոցն է»։ Ինքը շատ լավ մարդ էր, բարի, անկեղծ, սիրտն էլ ուզեին՝ կհաներ, կտար։ Իր զինվորների համար պատրաստ էր ամեն ինչի․․․»։

Մարիաննան ասաց, որ իր և ամուսնու երազանքները նույնն էին, դրանցից առաջինը կատարվել էր․

«Մեր միակ երազանքն իրար հասնելն էր, որովհետև ես Վրաստանից եմ, այստեղ ուսանողուհի էի, մի քիչ դժվար էր մեր շփումը, ինքն էլ Արցախում էր, ուշ-ուշ էինք իրար տեսնում, բայց վերջապես իրար հասանք, մեր երկրորդ երազանքն էր, որ երեխա ունենայինք ու Երևանում նոր տուն առնեինք․․․

Ռաֆայել Ալբերտի Մխչյանը հուղարկավորվել է նոյեմբերի 23-ին՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Տեսանյութեր

Լրահոս