Ռուսաստանը ցուցադրում է իր գերիշխող դիրքը Հայաստանի և Ադրբեջանի միջև
Վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ աշխարհաքաղաքական զարգացումները ստվերեցին նախորդ շաբաթ տեղի ունեցած ոչ պակաս կարևոր իրադարձություն:
Հոկտեմբերի 14-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետպատերազմյան երկրորդ հանդիպումն էր տեղի ունեցել։
ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող խնդիրներ, այդ թվում՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը։
«ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՌԴ-ի միջնորդական ջանքերը՝ միտված կրակի դադարեցմանը, և արցախահայության անվտանգության ապահովման համատեքստում կարևորել է ՌԴ խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։
Միաժամանակ, նախարար Միրզոյանը կողմերի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ դրույթներ դեռևս իրականացված չեն, և այս համատեքստում ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ու անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ անդրադառնալով Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, Միրզոյանը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի և այդ ձևաչափին տրված միջազգային մանդատի շրջանակներում՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։
Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի Երևան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել էր եռանախագահության աշխատանքների վերսկսմանը: «Մենք ուզում ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը, և մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ․ նախ՝ քննարկել և փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը և աշխատանքներն այդ ուղղությամբ, հայկական մշակութային հուշարձանների հասանելիությունը, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո, և մի շարք այլ խնդիրներ։ Ապա՝ հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի, ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին։
Խոսվել է այն մասին, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան․ օրերս արդեն մենք կիմանանք ավելի հստակ դիրքորոշում այս հարցի վերաբերյալ և ավելի հստակ կկարողանանք այդ հարցին պատասխանել։ Հանդիպումներ նախատեսվում են․ գործընթացը շարունակելու, և նոր հանդիպում կազմակերպելու պայմանավորվածություն, առնվազն, ձեռք է բերվել»,- ասել էր Միրզոյանը Մինսկում տեղի ունեցած հանդիպմանն ընդառաջ: Սրան զուգահեռ՝ Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն օրերս նշել էր, թե Ֆրանսիան, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ միասին, աշխատում է Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ:
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը «168 Ժամ»-ի հետ զրույցում նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես այդպիսին, կարող է իր գործառույթները նախկինի նման իրագործել, եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները բարձր մակարդակով մեծ հետևողականություն ցուցաբերեն: Ըստ նրա, Մոսկվան իր առանձին ձևաչափով կողմերի հետ աշխատանքները շարունակում է և իրեն լիովին «վստահ է զգում» այդ ձևաչափում:
«ԵԱՀԿ ՄԽ գործունեության հաջողության համար շատ հանգամանքներ են հարկավոր: Այս փուլում ամենակարևորը, թերևս, այն է, թե ինչ թեմաներ են կողմերը պատրաստվում քննարկել համանախագահների միջնորդությամբ, եթե կողմերից մեկը հակամարտությունը համարում է լուծված և ակնկալում է հակամարտության կարգավորումն արձանագրող համաձայնագրի ստորագրում, իր տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանագծում-սահմանազատում, իսկ մյուս կողմը բարձրացնում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հակամարտության գլխավոր խնդրի շուրջ կրկին Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց չեն հասկանում: Հանդիպումների արդյունքներով տարածվող հայտարարություններից հասկանում ենք, որ քննարկվում են բազմաթիվ հարցեր՝ թե հումանիտար, թե քաղաքական բնույթի, առանց որոշակիության, առանց հստակ տեսլականի:
Ակնհայտ է, որ համանախագահները ցանկանում են կողմերին ուղղորդել դեպի կանխատեսելի, հստակ օրակարգով բանակցային գործընթաց, որը կարող է հանգեցնել Խաղաղության համաձայնագրի, սակայն, ինչպես Ֆրանսիան, այնպես էլ ԱՄՆ-ը հստակորեն իրենց դիվանագիտական հայտարարություններում խոսել են կարգավիճակի հարցի շուրջ, որից Ադրբեջանը խուսափելու է, միևնույն ժամանակ ցանկանալով Խաղաղության համաձայնագիր: Սրա հետ մեկտեղ՝ կա սահմանների հարցը, դրա շուրջ ևս պետք է բանակցություններ տեղի ունենան, ի՞նչ ձևաչափում, դա ևս հայտնի չէ: Գործընթացում ներգրավված կողմերը չափազանց հաճախ են փոխում իրենց շեշտադրումները, խոսքը թե կողմերի, թե միջնորդների մասին է:
Օրինակ՝ Ադրբեջանը պատերազմից անմիջապես հետո դեմ էր ՄԽ գործընթացի վերականգնմանը և պատկերացնում էր աշխատանք Ռուսաստանի միջնորդությամբ, հետո՝ սկսեց չբացառել ՄԽ-ին, Հայաստանը շեշտում է կարգավիճակի մասին, սակայն առաջնահերթություն է դարձրել հումանիտար խնդիրները, Ռուսաստանը ևս դեմ էր կարգավիճակի հարցն այս փուլում քննարկելուն, սակայն դրանից հետո տարբեր ձևակերպումներ են արվել, նույնը կարելի է ասել նաև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների մասին: Եվրամիությունն իր հերթին՝ ցանկանում է ինչ-որ հարցերի քննարկմանը մասնակցել, թե որքանով կհաջողվի, բարդ է ասել: Սա նշանակում է, որ գործընթացը բարդ է, որում բոլոր մասնակիցները աշխատում են չկորցնել իրենց շահը»,- ասաց Եվսեևը՝ ընդհանուր առմամբ այս փուլում բանակցային գործընթացը որակելով անպտուղ:
Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ եթե ռուսական կողմը ԵԱՀԿ ՄԽ-ից անկախ հանդիպում է նախաձեռնում, նշանակում է, որ Մինսկի խումբը տեսանելի ապագայում կառուցողական գործունեություն չի ունենալու, քանի որ համանախագահները սեպարատ են գործում:
«Սա մեզ համար անակնկալ չէ, քանի որ ՌԴ-ն այլ արագություններով է գործում տարածաշրջանում և դա ժամանակ առ ժամանակ հատուկ ցուցադրում է գործընթացում իր գերիշխող դերը շեշտելու համար: ԵԱՀԿ ՄԽ ներկայիս թույլ վիճակն այդ տարածաշրջանում Արևմուտքի թույլ ազդեցության, քիչ լծակների հետևանքն է: Սա վաղուց պարզորոշ ուրվագծված հանգամանք է, ու դա լուծելը հեշտ չէ, քանի որ արևմտյան ռեսուրսները՝ թե ֆինանսական, թե քաղաքական, թե անվտանգային, չափազանց սահմանափակ են: Այսօր, փաստորեն, ամենամեծը ֆինանսական ռեսուրսներն են, սակայն տարածաշրջանում անվտանգությունը մեծ դերակատարություն ունի աշխարհաքաղաքական հավասարակշռության հարցում: Սա որոշիչ հանգամանք է: Պատերազմը ևս ցույց տվեց, որ Թուրքիան ռազմական աջակցություն ցույց տվեց Ադրբեջանին, դրանով իսկ ավելի ամրապնդվեց ռեգիոնում, քանի որ նման բարդ ռեգիոնի համար անվտանգությունն էական նշանակություն ունի»,- ասաց նա: