Երբ բյուջեի փողերը բյուջեի փողերը չեն
Ազգային ժողովում օրերս քննարկվում էր պետական բյուջեի այս տարվա առաջին կիսամյակի կատարողականը։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացնում էր այն, ինչի հետ ինքն իրականում որևէ կապ չուներ։ Նա նախարար է նշանակվել այս տարվա օգոստոսի սկզբին՝ փոխարինելով այն ժամանակվա նախարար Ատոմ Ջանջուղազյանին։
Բայց դա չէր խանգարում, որպեսզի Տիգրան Խաչատրյանը, ով ղարաբաղյան պատերազմից հետո հանկարծակի լքեց կառավարությունը, որտեղ զբաղեցնում էր էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ոգևորված ներկայացներ այն «ձեռքբերումները», որոնց հասել է կառավարությունը տարվա առաջին կեսին. տնտեսությունն աճել է, բյուջեի եկամուտներն էլ ավելացել են, նույնիսկ ավելի շատ, քան կանխատեսում էին։
Որ բյուջեի եկամուտները, նախորդ տարվա անկումից հետո, այս տարի ավելացել են, այդպես էլ կա։ Այլ հարց, թե բյուջեի եկամուտների ավելացումը որքանով է կապված եղել տնտեսության իրական զարգացման հետ։
Այստեղ է, որ բախվում ենք այլ իրականության հետ, որը շատ հաճախ մնում է ջրի հատակին։
Պաշտոնական տվյալներով, անցած ճգնաժամային տարվա համեմատ՝ 8 ամսում ավել է հավաքվել 96 մլրդ դրամ։ Բայց քանի որ սա ամբողջությամբ չի արտահայտում հարկերի հավաքման ոլորտում առկա իրական պատկերը, մի փոքր ավելի հետ գնանք. համեմատություններն անենք նախաճգնաժամային 2019թ. նկատմամբ։
Այս տարվա 8 ամսում 2019թ. համեմատ ավելի է հավաքվել 46 մլրդ դրամ։
Երկու տարվա կտրվածքով հարկային եկամուտների աճը կազմել է հազիվ 5 տոկոս։
Բայց դա էլ մի կողմ թողնենք։ Հիմա տեսնենք, թե ինչի հաշվին է եղել այդ աճը։
Աճել են ավելացված արժեքի հարկի մուտքերը։ 2019թ. համեմատ ավելի է հավաքվել 18 մլրդ դրամ։
Հայտնի է, որ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, որ ձևավորվում է ապրանքների իրացման արդյունքում։ Դա հարկ է, որը վճարում են սպառողներն իրենց գրպանից։ Երբ ապրանքների գները բարձրանում են, այն էլ այդպիսի մեծ տեմպով, ավելանում են նաև սպառողների հաշվին գանձվող ԱԱՀ վճարները։
Այս տարի ունենք ԱԱՀ վճարների ավելացում։ Բայց դա ոչ թե տնտեսության զարգացման, այլ բարձր գնաճի արդյունք է։ Գնաճը լրացուցիչ հարկ է ԱԱՀ տեսքով պետական բյուջեի համար։ Այս տարի արձանագրված ԱԱՀ մուտքերի ավելացումը հիմնականում դրա արդյունք է։
Շատ ավելի հետաքրքիր է շահութահարկի վճարների պարագան։ Շահութահարկի վճարները 8 ամսվա արդյունքներով նախորդ տարվանից ավելի են։ Անցած տարի հավաքվել էր շուրջ 103 միլիարդ, այս տարի՝ 114 մլրդ դրամ։
Այս աճն էլ եղել է միայն այն պատճառով, որ կառավարությունն անցած տարվա շահութահարկի գումարների մի մասը տեղափոխվել է այս տարվա բյուջե։
Բայց այդ մասին, հասկանալի պատճառներով, շատ չեն խոսում։ Թեև անգամ այդպիսի մանր խորամանկությունից հետո շահութահարկի վճարները զիջում են 2019թ. մակարդակը։ Այն ժամանակ հավաքվել էր 122 մլրդ դրամ, այս տարի հավաքվել է 114 միլիարդ՝ 8 միլիարդով պակաս։
Շահութահարկն այն հարկատեսակն է, որը բնութագրում է տնտեսության վիճակը։
Ավելացել են նաև սոցիալական վճարները. անցած տարվա համեմատ դրանք կրկնապատկվել են՝ հասնելով գրեթե 30 մլրդ դրամի։ Մուտքերի աճը պայմանավորված է հիմնականում կենսաթոշակային ֆոնդերին քաղաքացիների կատարած վճարների ավելացմամբ։ Այս տարվանից բարձրացել է ֆոնդերին աշխատավարձերից կատարվող պահումների տոկոսադրույքը։ Նախկինում այն 2,5 էր, դարձել է 3,5 տոկոս։
Նույնքան կտրուկ ավելացել են նաև այլ հարկային եկամուտները։ Այս դեպքում էլ աճը գերազանցապես դրոշմանշային վճարի շեմի բարձրացման արդյունք է։
Դրա հաշվին՝ նախորդ տարիների համեմատ գրեթե կրկնակի ավելի շատ գումար է հավաքվել։
Այդ գումարները երևում են բյուջեի հարկային մուտքերում, բայց դրանք ամբողջությամբ գնում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։ Դրանց նկատմամբ կառավարությունը հասանելիություն չունի։ Ու կապ չունի, որ բյուջեի եկամուտներում այդ գումարների հաշվին աճ է երևում։ Դրանք բյուջեի փողերը չեն, չնայած արտացոլված են բյուջեում։
Այդպես է նաև կենսաթոշակային ֆոնդերին կատարվող մասհանումների պարագայում։
Ճիշտ է, դրանք բյուջեի խողովակով են անցնում՝ մինչև ֆոնդերին հասնելը, բայց դրանք ևս բյուջեի փողերը չեն։ Այդ գումարները կուտակվում են կենսաթոշակային ֆոնդերում և կառավարվում են ֆոնդերի կառավարիչների կողմից։ Դրանք քաղաքացիների փողերն են, որոնք պետք է տնօրինվեն՝ թոշակի անցնելուց հետո։
Միայն վերջին 2 գործոնների արդյունքում 2019թ. համեմատ այս տարի ունենք բյուջեի եկամուտների աճ գրեթե 32 մլրդ դրամի չափով։ Եվս 18 միլիարդով ավելացել են ԱԱՀ մուտքերը, որն էլ բարձր գնաճի արդյունք է։
Ստացվեց, որ նշված 3 ուղղություններով բյուջեի եկամուտներն աճել են 50 մլրդ դրամի չափով։ Այն նույնիսկ 4 միլիարդով ավելի է, քան մուտքերի այն ընդհանուր աճը, որ գրանցվել է այս տարվա ընթացում 2019թ. համեմատ։
Սա նշանակում է, որ այդ աճը կապված է ոչ թե տնտեսության զարգացումների կամ նույնիսկ հարկային վարչարարության, այլ առաջին հերթին՝ բարձր գնաճի և կատարված օրենսդրական փոփոխությունների հետ։ Մի դեպքում թանկացել են ապրանքները՝ արհեստականորեն հանգեցնելով գանձվող հարկերի ավելացման, մյուս դեպքում՝ բարձրացել են կեսաթոշակային ֆոնդերին քաղաքացիների կողմից աշխատավարձերից կատարվող մասհանումների չափերը, երրորդ դեպքում՝ ավելացել են զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվող գումարների դրույքաչափերը։
Սրանք են այն հիմնական գործոնները, որոնք բերել են հարկային եկամուտների ավելացման։ Բայց դա ոչ թե կառավարության լավ աշխատանքի արդյունք է, այլ հասարակության աղքատացման հետևանք։
Ինչ մնում է բյուջեի ծախսերին, ապա միայն այն, որ կապիտալ ծախսերը շարունակում են մեծ տեմպերով թերակատարվել, բավական է գնահատելու բյուջեի կատարողականի որակը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ