Երբ մարտական խնդիրներ դնող իրեն «գերագույն» հռչակածը մեղադրում է դրանք կատարողներին

44-օրյա պատերազմի նվաստացուցիչ պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ամբողջ մեղքը գցել բանակի, ռազմական ղեկավարության, զինվորականության վրա, ինչն ԱԺ համապատասխան քննիչ հանձնաժողովի ստեղծումից հետո նոր թափ է առնելու: Այն, որ ռազմական ղեկավարությունը և գեներալիտետը մեղքի իր բաժինն ունի, դա անվիճելի է: Թեկուզև այն առումով, որ մինչ օրս լռում է: Բայց պետք է հասկանալ՝ ռազմական կամ պատերազմական իրավիճակում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի գործողություններն ի՞նչ բաժին ունեն գեներալիտետին վերագրվող մեղքերում:

Օրերս լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասածը հենց սրա մասին էր:

«Բանակին մենակ են թողել այս պատերազմում: Եվ պետք է հասկանանք՝ այդ ֆունդամենտալ սխալ որոշումները ո՞ւմ կողմից են կայացվել: Եթե նախաձեռնողը եղել է բանակը՝ Գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, ապա դա մեկ հարց է: Եթե այդ որոշումները, օրինակ, ջոկատների անցնելու, կայացվել է կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա մեկ ուրիշ հարց է»,- շեշտել էր Ռոբերտ Քոչարյանը:

2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակին և դրանում իր մեղավորության հարցին, ասել էր.

«Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը: Դա չի նշանակում, որ ես ասում եմ՝ ես մեղավոր չեմ»:

Թիվ մեկ պատասխանատու լինելը ևս լուրջ հանգամանք է, և, ըստ էության, պատերազմի ընթացքի, ելքի համար մեղավորության որոշակի և բավականին բարձր աստիճան է ենթադրում: Սա՝ եթե հաշվի առնենք Փաշինյանի որոշ հայտարարություններ և օրենսդրական սահմանումներ:

Ստախոսության և մանիպուլյացիայի շքերթ

Այսպես.

– 2020թ., սեպտեմբերի 27: Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Այսօր ես չեմ եկել ասելու որպես գերագույն հրամանատար, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները: Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես: Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի, հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի»:

2020թ., նոյեմբերի 12: Ժողովրդին հասցեագրված ուղերձում Նիկոլ Փաշինյանը պատերազմի ժամանակ իր՝ գերագույն հրամանատարի արածի մասին խոսելիս, նշել էր.

«Գործողությունների առումով խնդիրը հետևյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելու մեջ, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:
Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև: Բայց երբ ստեղծվում է իրավիճակ, երբ զինվորը որևէ կերպ չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման պետք է տա զինվորին, այլ ինքը պետք է զոհվի հանուն զինվորի»,- մանրամասնել էր Ն. Փաշինյանը:

2020թ., դեկտեմբերի 5: Իր լայվ-տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծել էր ռազմական բնույթի միանձնյա որոշման կայացման մասին:

«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»:

Նույն միտքը Փաշինյանը հնչեցրել էր նաև 2021թ. ապրիլ 14-ին՝ Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի քննարկմանը, որի հիմնական մասը վերաբերում էր Արցախյան երկրորդ պատերազմին:

«Ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է»:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի որոշում էլ չի կայացրել:

«Ես եմ պնդել, որ Արայիկ Հարությունյանը գնա 7-րդ պաշտպանական շրջան և բեկում մտցնի: Այսինքն, խուճապային և նահանջի տրամադրությունները վերացվեն, և իրենք ամուր կառչեն և պաշտպանեն իրենց պաշտպանական շրջանը: Այնտեղ եղել է այդպիսի տրամադրություն, և կրկնում եմ՝ ես եմ պնդել, և Արայիկ Հարությունյանն էլ բանակի հրամանատարի հետ համագործակցված գնացել է և տեղում կարգավորել իրավիճակը, որից հետո այդ դիրքերն ամուր պահվել են: Իմ պնդելուց հետո են Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը զեկուցել վարչապետին: Չգիտեմ՝ ինքն էլ կա՛մ հաստատել է, կա՛մ չի հաստատել: Երևի հաստատել է: Ինքը թող բան չանի, իրեն զեկուցել են, իսկ այդ որոշման մեջ իմ պնդումն է եղել»,- մանրամասնել էր Օհանյանը:

-2021թ. ապրիլ 14-ին ԱԺ-ում Ն. Փաշինյանն անդրադարձել էր նաև Լելե Թեփեի օպերացիային իր մասնակցությանը:

«Էդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ: Եվ էնպիսի գեներալներ, որոնք էդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են: Այո՛, էդ քննարկումների մի հատվածին ես ներկա եմ եղել, մոդերացիա եմ արել խոսակցությունը, բայց սեփական կարծիք չեմ հայտնել»,- պնդել էր նույն Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ Նիկոլ Փաշինյանից փորձել էր պարզել.

«Ի՞նչ է նշանակում՝ գեներալները որոշում էին, ես մոդերացիա էի անում, դուք բազմիցս հայտարարում էիք` Դուք եք գլխավոր հրամանատարը, և հիմա, փաստորեն, գեներալներն էին որոշել: Դուք մոդերատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար»:

Նիկոլ Փաշինյանն այս հարցադրմանն այսպես էր արձագանքել.

«Ինչ վերաբերում է մոդերացիային, այո´, հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքներ, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար` պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»:

Լելե Թեփեի օպերացիային իր մասնակցությունից Փաշինյանը խոսել էր նաև 2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատության» հետ զրույցում:

«Ես որևէ մարտական գործողության հրահանգ չեմ տվել: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, և, կարծիքներ լսելով, եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով: Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացեք, այս ինչ գործողությունն այս ինչ ձևով… Ես քաղաքական խնդիր եմ ձևակերպել: Բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաև դրա լիազորությունը չունենալու բերումով, նաև պատեհ չհամարելով»,- պատմել էր Նիկոլ Փաշինյանը:

Վերը նշված բոլոր օրինակները վկայում են այն մասին, որ պատերազմի ժամանակ իրեն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանը ըստ պահի հարմարության և թելադրանքի փոփոխել է իր դերը՝ վարչապետ, մոդերատոր, գերագույն հրամանատար: Ավելին, նա գերագույն հրամանատարի գործառույթներն է փորձել խմբագրել՝ ըստ իրավիճակի:

Սրանով, ըստ էության, Փաշինյանը նպատակ է ունեցել հետոյի համար մանևրելու և պատերազմում պարտության համար իր պատասխանատվության, մեղավորության չափաբաժինը նվազեցնելու «լեգիտիմ» հնարավորություն ստեղծել՝ թերևս, տեղյակ լինելով նաև օրենքի անկատարությանը:

ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշվում է․

«Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին: Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:

Մի կողմ թողնենք, թե որքանով էր, այսպես ասած, իրավական առումով ճիշտ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելը (ռազմական դրության իրավական ռեժիմին վերաբերող օրենքով «ռազմական դրությունը բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում իրականացվող ժամանակավոր միջոցառում է»), նշենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ», ինչը, թերևս, արվել է:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի՝ թիվ մեկ մեղավորը լինելու փաստն անվիճելի է: Թիվ մեկ, ոչ թե միակ, թերևս, Նիկոլ Փաշինյանն այս երկու հասկացությունները նույնացնում է կամ խառնում:

Ինչ վերաբերում է ԶՈւ գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող պաշտպանության նախարարին գլխավոր շտաբի պետի ենթակայությանը, ապա այստեղ խնդիրներ են առաջացել, ինչի մասին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել էր «Մեդիամաքսին» տված հարցազրույցում: 

«Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները»,- շեշտել էր Տոնոյանը և մանրամասնել, որ այդ հարցերը վերաբերել են զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը»:

Եթե հաշվի առնենք նույն հարցազրույցում Տոնոյանի հնչեցրած միտքը, թե ԱԽ նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը ՊՆ և ԳՇ համակարգված ու համաձայնեցված մոտեցում է զեկուցել, որը վերաբերվել է 4-րդ օրը պատերազմը դադարեցնելուն, այն անտեսելու դեպքում ծանր հետևանքներին և Թուրքիայի դերակատարությանը, ապա կարելի է ենթադրել, որ չկարգավորված խնդիր նաև այս մասով է եղել:

Այս և այլ հարցերի մասին գուցե մի օր, ի վերջո, բաց խոսեն Դավիթ Տոնոյանը, Ջալալ Հարությունյանը, Օնիկ Գասպարյանը, օրինակ, թե ի՞նչ խնդիրներ է Նիկոլ Փաշինյանը դրել բանակի, զինված ուժերի առջև՝ լինելով գերագույն հրամանատարի դերում, և որքանո՞վ են դրանք դիմադրության հանդիպել:

Իսկ մինչ այդ արդեն այսօրվանից պետք է մտածել օրենքի անկատարությունները վերացնելու մասին, քանի որ պատերազմը չի ավարտվել:

Ինչպես մի առիթով 168.am-ի հետ զրույցում ասել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ Արտակ Դավթյանը, «օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա»:

«Պատերազմի ժամանակ ԳՇ պետը ենթարկվում է գերագույն գլխավոր հրամանատարին, բայց որոշ հարցերով՝ պաշտպանության նախարարին: Հիմա ի՞նչ է նշանակում՝ «որոշ հարցերով»: Օրենքը չպետք է երկակի մեկնաբանության տեղիք տա, մանավանդ նման հարաբերություններում»,- ընդգծել էր Դավթյանը:

Այո, պետք է վերացնել պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի դերում և դրանից դուրս Նիկոլ Փաշինյանի մանևրելու և օրենքի անցքերից օգտվելու հնարավորությունը: Պաշտպանության մասին օրենքը առավել հստակ պետք է սահմանի պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի լիազորությունները, գործառույթները և «չիկարելիները»:

Եվ այս հարցը հենց ընդդիմությունը պետք է բարձրացնի, սակայն, չգիտես ինչու, լռում են, անգամ, երբ խոսում են Նիկոլ Փաշինյանի պատերազմական անթույլատրելի արարքներից:

Հ.Գ. Հոկտեմբերի 6-ին, երբ արդեն հոդվածը պատրաստ էր հրապարակման, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «հարյուր անգամ եմ ասել, որ ամեն ինչի մեղավորն էլ, պատասխանատուն էլ ես եմ»: Այս դեպքում օրենքի առաջ ի՞նչ պատասխանատվություն է սպասվում Փաշինյանին: Միգուցե մի օր էլ դրա մասին լսենք…

Տեսանյութեր

Լրահոս