
Իրանի ԱԳՆ ղեկավար․ Snapback մեխանիզմը չի գործարկվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանի տեսանկյունից, որին համաձայն են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը, Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման «snapback» մեխանիզմը չի գործարկվել։
ISNA-ին տված հարցազրույցում Արաղչին նշել է, որ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ընդհանուր դիրքորոշման համաձայն, արագ արձագանքման մեխանիզմը չի կիրառվել, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի գործողության ժամկետը պաշտոնապես ավարտվել է։
«Այս բանաձևի ժամկետի ավարտով Անվտանգության խորհրդի բոլոր սահմանափակումները Իրանի նկատմամբ ամբողջությամբ կհանվեն, և Իրանի միջուկային հարցը կհանվի խորհրդի օրակարգից», – ասել է Արաղչին՝ հավելելով, որ այս դիրքորոշումը լայն միջազգային աջակցություն է ստացել։
«Չմիացած երկրների շարժման վերջին գագաթնաժողովի ժամանակ ավելի քան 120 երկիր անփոփիչ հաղորդագրության մեջ պաշտպանեցին այս տեսակետը», – նշել է նա։
Արաղչին ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև լայն համագործակցությունը արտացոլում է կայուն և երկարաժամկետ գործընկերություն, որն էլ ավելի է ամրապնդվել է 20 տարվա համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, հայտնում է Mehr-ը։
Նա նաև հիշեցրել է «snapback» մեխանիզմի վերաբերյալ նախկին քննարկումները՝ նշելով, որ «այդ հարցին առնչվող բոլոր մանրամասները արձանագրված են պաշտոնական բանակցային փաստաթղթերում և բազմիցս մեկնաբանվել են իմ նախորդ հարցազրույցներում»։
«Ներկայումս առանցքային առաջնահերթությունը, – եզրափակել է Արաղչին, – Իրանի և համախոհ երկրների դիրքի ամրապնդումն է Անվտանգության խորհրդում՝ պահպանելով ազգային միասնությունն ու գործողությունների համաձայնեցվածությունը՝ մեր երկրի բարձրագույն շահերը առաջ տանելու համար»։