Գեներալները պետք է խոսեն, հակառակ դեպքում պարտության ամբողջ մեղքը կախվելու է նրանց վզին. Ռոբերտ Քոչարյան

«Ականատես ենք լինում բարձրաստիճան զինվորականների կալանավորումների: Արդյո՞ք պարտության մեղավորներ են փնտրվում, թե՞ գործող իշխանությունն այսպիսով ուշադրություն է շեղում: Եվ գուցե հերթը հասնելու է  այդ բարձրաստիճան զինվորականների՞ն»,- 44-օրյա պատերազմի, դրա պատճառների ու հետևանքների թեմայով հրավիրված ասուլիսի ընթացքում այս հարցն ուղղվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին:

Ի պատասխան՝ Երկրորդ նախագահը նշեց, որ ինքը ևս նկատում է պատերազմի մեղքը բանակի ու գեներալների վրա բարդելուն ուղղված քայլեր:

«Երևի նկատել եք, որ այս մեկ տարվա ընթացքում եղել են տարբեր ակնարկներ պատերազմում պատասխանատվության և մեղավորության մասին: Ակնհայտ է, որ, այո, փորձելու են ամբողջ մեղքը բարդել բանակի վրա, մեր գեներալների վրա: Ի դեպ, սա այն դեպքը չէ, որ ես ոգևորված եմ պատերազմի ժամանակ բանակի գործողություններով, այդ դեպքը չի, բայց կրկնեմ՝ պատերազմում է երկիրը: Բանակին մենակ են թողել այս պատերազմում: Եվ պետք է հասկանանք՝ այդ ֆունդամենտալ սխալ որոշումները ում կողմից են կայացվել: Եթե նախաձեռնողը եղել է բանակը՝ Գլխավոր շտաբը, մեր գեներալիտետը, ապա դա մեկ հարց է: Եթե այդ որոշումները, օրինակ, ջոկատների անցնելու, կայացվել է կառավարության կողմից, վարչապետի կողմից, դա մեկ ուրիշ հարց է:

Բայց հիմա, կրկնում եմ, ես էլ եմ տեսնում, որ փորձ է արվում ստեղծել մի ֆոն, որ սա կոռումպացված, թալանչի գեներալների գործունեության արդյունք է այս պատերազմում պարտվելը: Երբ  իշխանությունը պարգևատրում է հերոսների կոչումներով և տարբեր շքանշաններով, կոչումներ էր տալիս մարդկանց հողեր հանձնելու ժամանակ, հենց այդ ընթացքում, չէի՞ն մտածում դրա մասին: Սա է իրավիճակը: Եվ, այո, ես Ձեզ հետ համամիտ եմ, որ այդպիսի փորձ արվում է և արվելու է: Ուղղակի պետք է, որ այդ գեներալները սկսեն խոսել, պետք է սկսեն պատմել ճշմարտությունը, հակառակ դեպքում, իրոք, ամբողջ մեղքը կախվելու է իրենց վզին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս