Հիմա էլ մարտերում պարտության համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա, վարչապետը մա՞րտ է ղեկավարել. Նիկոլ Փաշինյան

Այն, որ Հայաստանը միջազգային հանրության մոտ սկսվեց ընկալվել որպես օկուպանտ, դա վերջին երկու տարվա ընթացքում տեղի չի ունեցել, դա վերջին 25 տարիների վարած քաղաքականության արդյունք է. այս մասին իր ուղերձում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ընկալում է որպես իր տարածքային սեփականության վերականգնում, այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում վատ բան չկա, որովհետև երբ մտնում ես օդանավի զուգարան ու փակում ես դուռը, գրվում է «օքուփայթ», այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ինքը նոր բան չի ասում, խոսում է բաների մասին, որոնք 2000-ականներին հայտնի էին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև դրանք ամենաբարձր մակարդակով տված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին:

«Բայց ժամանակը երևի ջնջում է հիշողությունը ու ոմանք օգտվում են այդ առիթից: Նկատի ունեմ միջազգային հանության այդ վերաբերմունքը 2020-ին չի ձևավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, և որ դա դարձավ ամենամեծ պրոբլեմը և Հայաստանը միջազգային հանրության մոտ սկսվեց ընկալվել որպես օկուպանտ դա վերջին տարիների ըթնացում տեղի չի ունեցել»,- նշեց նա:

Անդրադառնալով իր պատասխանատվության վերաբերյալ հնչեցված կարծիքներին` Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա էլ մարտերում պարտության համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա, վարչապետը մա՞րտ է ղեկավարել, վարչապետը վաշտի հրամանատարի մակարդակով որոշումներ է կայացնում, կամ թեկուզ գնդի հրամանատարի: Վարչապետը միանձնյա որոշումներ է կայացրե՞լ: Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում և այդ որոշման շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանը իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ որոշել էին դա էլ հանձնել»:

Տեսանյութեր

Լրահոս