Ինչո՞ւ է Սամվել Բաբայանը սկսել խաղարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման. ինչ է առաջարկում
Սեպտեմբերի 11-ին արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի երկրորդ նիստի շրջանակում Սամվել Բաբայանը հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ: Մամուլում հրապարակումներ եղան, որ այդ հանդիպում-նիստին հստակեցվել է ցանկը, թե արտախորհրդարանական ուժերից որո՞նք պետք է մասնակցեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ աշխատանքային խմբի կամ այլ տարբերակով: Շոշափե՞լ է արդյոք Սամվել Բաբայանը «Զանգեզուրի միջանցքի» թեման, թե՞ ոչ, այդ, այսպես ասած, ընդլայնված կազմով հանդիպմանը կամ Փաշինյանի հետ վերջին շրջանում խոսե՞լ է նա այդ թեմայով, հայտնի չէ: Սակայն Էրդողան-Փաշինյան միջնորդավորված կամ հեռակա շփումներից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը գաղտնազերծեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը հանդիպման առաջարկ է արել իրեն, և, որ հանդիպումը կկայանա, եթե համաձայնություն լինի «Զանգեզուրի» միջանցքի հետ կապված, Սամվել Բաբայանը սկսել է խաղարկել «Զանգեզուրի միջանցքի» թեման:
Մասնավորապես, «Մերոնք» հաղորդաշարին տված հարցազրույցի ժամանակ (18:33-19:05) Սամվել Բաբայանը նշել է.
«Եթե իրենք խոսում են՝ անպայման Զանգեզուրով ունենալ ճանապարհ Նախիջևանի հետ կապվող, խնդրեմ, մենք էլ կարող ենք Ջերմուկով Վանք գյուղի հետ կապել Ղարաբաղը: Սարերով, թունելով, ոնց որ իրանք, տենց էլ մենք: Իսկույն Ադրբեջանը ձեզ ասելու է, որ համաձայն չի: Դե դու ընդեղ չես համաձայն, ես էլ ստեղ համաձայն չեմ լինի: Նուրբ դիվանագիտություն պետք է տանեն»:
Նախ՝ բարձրլեռնային տարածքում թունել սարքելուց առաջ, երբ կա Լաչինի միջանցք, կարելի է առաջին հերթին Շուշիի շրջանի Հին Շեն, Եղծահող համայնքները հզորացնել, բերդաքաղաք սարքել, որոնք վերջին շրջանում թիրախավորել է Ադրբեջանը:
Ավելին, վերջերս ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր մտավախությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վեցերորդ կետի համաձայն՝ կողմերի համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորքը տեղակայվելու է այդ հատվածում երթուղին պաշտպանելու համար, և, որ շատ հնարավոր է՝ նոր երթուղին շրջանցի ոչ միայն Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Սոս և Աղավնո գյուղերը, այլ` Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն, Եղծահող, Կանաչ թալա, Լիսագոր, Տասը վերստ գյուղերը։
«Կարո՞ղ եք երաշխավորել, որ չի հաստատվի այնպիսի երթուղի, որ այդ գյուղերն ավտոմատ կերպով անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ` թեկուզ անկլավի կարգավիճակով»,- հարցրել էր Աբրահամյանը: Պատգամավորի հարցադրմանն ի պատասխան՝ Փաշինյանն ասել էր, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծի շուրջ այս պահին բանակցություն չի ընթանում:
Վերադառնալով Սամվել Բաբայանի առաջարկին, եթե Ադրբեջանը համաձայնեց, արդյոք մենք այդքան կարողություն ունե՞նք նման շինարարություն անել բարդ ռելիեֆ ունեցող տարածքում և հետո Ադրբեջանի քթի տակ անվտանգ շահագործել այն, փոխարենը՝ սրան համաձայնելու դիմաց Ադրբեջանը, Թուրքիան իրականություն կդարձնեն «Զանգեզուրի միջանցքը», որից մենք միայն տուժելու ենք:
Արդյոք այս ամենը չի՞ գիտակցում Սամվել Բաբայանը, գուցե սա զուտ պոպուլիստական քա՞յլ է՝ հաշվի առնելով, որ Սամվել Բաբայանի հիմնած «Ազատական» կուսակցությունը Մեղրիի համայնքապետի թեկնածու է առաջադրել այդտեղ սպասվող առաջիկա ՏԻՄ ընտրություններում: Իսկ գուցե Սամվել Բաբայանը փորձում է նպաստել «Զանգեզուրի միջանցքի» իրագործման գործընթացի դանդաղեցմա՞նը, թե՞ այլ խաղեր են, որի մասին հետո կիմանանք այլ երկրների ղեկավարների միջոցով: