Գումարը փոխանցելուց 7-10 օր հետո հայտնաբերում ենք, որ մոլը փակվել է, սակայն մենք ունեցել ենք մեկ տարվա պայմանագիր՝ կանխավճարի տեսքով. «Ազգային մոլ»-ից տուժածները դիմել են դատարան
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ՝ 2021թ. հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացված «Ազգային մոլը» ֆինանսական խնդիրների առջև է կանգնել:
Կազմակերպիչները ժամանակին և պայմանավորված կերպով չեն վճարել տարածքի գումարը, մի շարք տնտեսվարողների չեն փոխհատուցել ապրանքների համար, և Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեից հեռանալուց հետո շատերին չեն վերադարձրել նախապես գանձված վարձակալության գումարները:
Պարզվում է՝ նախագծի կազմակերպիչները տարածք են վարձակալել Թբիլիսյան խճուղում գտնվող շենքում, որը սկսել են ծառայեցնել՝ որպես «Ազգային մոլ», տնտեսվարողներն էլ իրենց հերթին են տարածքներ վարձակալել արդեն կազմակերպիչներից, այսինքն՝ տնտեսվարողները դարձել են ենթավարձակալներ: Ավելին, վաճառքը ոչ թե տնտեսվարողներն են կազմակերպել, այլ իրենց ապրանքը հանձնել են կազմակերպիչներին, որոնք պարտավորվել են տեղում կազմակերպել վաճառքն ու իրենց հասանելիք տոկոսները հանելուց հետո մնացած հասույթը փոխանցել տնտեսվարողներին։
Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ նախագահ Անուշ Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց դեպքը մի փոքր տարբերվում է մյուսներից, և ինքն այն տուժողներից է, ով դիմել է դատարան:
«Մենք պայմանագիր ենք կնքել 2021 թվականի ապրիլի 28-ին, իսկ մեկ օր անց 12 ամսվա համար կանխավճար ենք փոխանցել՝ ստենդը դնելու համար, որը ամսական կազմում էր 15.000 դրամ: Ապրիլի 29-ին՝ գումարը փոխանցելուց 7-10 օր հետո, հայտնաբերում ենք, որ մոլը փակվել է, սակայն մենք ունեցել ենք մեկ տարվա պայմանագիր՝ կանխավճարի տեսքով, իսկ այդ գումարը մեր արտադրությանը տրամադրել էր «Ջինիշյան» հիմնադրամը: Հիմա շատ պարադոքսալ իրավիճակ է: Եթե դու գիտես, որ շուտով փակվելու ես, և մեկ տարի ժամկետով պայմանագիր ես կնքում, դա արդեն լրիվ խաբեություն է: Մենք դիմել ենք դատարան, տեսնենք, թե ինչ կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշ Ասլանյանը:
Նրա փոխանցմամբ՝ մի քանի օրվա ընթացքում մոտ 13.000 դրամի վաճառք է եղել, 180.000 դրամ էլ մեկ տարվա կանխավճարն է, միասին ստացվում է մոտ 200.000 դրամ:
«Տուժողները շատ են, կարծեմ՝ մոտ 400 հոգի: Գումարի չափը տատանվում է 20.000-100․000-ի սահմաններում: Տուժողների մեծ մասը միկրոձեռնարկություններ են: Հայտնի է, որ ամեն մեկի հետ Ազգային մոլը տարբեր իրավաբանական ՍՊԸ-ներով պայմանագրեր է կնքել, դա ևս աբսուրդ է: Կնքել են նաև անհատների հետ, որ իբր հետո օգնեն՝ ԱՁ բացեն: Սա ևս մտահոգիչ է, որովհետև մեծ մոլ է, ու անհատի հետ պայմանագիր կնքելը իրավաբանական դաշտի տեսանկյունից չի կարելի և ռիսկային է»,- նշեց Անուշը:
Հավելենք, որ «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականի մարտի 28-ին` հաշմանդամություն ունեցող անձանց կողմից: ՀԿ-ի առաքելությունն է՝ նպաստել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների լիակատար իրացմանը և նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին:
Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության ապահովման հարցը` որպես համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման կարևորագույն պայմաններից մեկը, թիմը 2017 թ.-ին դիմել է դրամաշնորհի՝ սոցիալական ձեռնարկություն ստեղծելու ուղղությամբ։ Հաջողությամբ ֆինանսավորում ստանալով՝ սկսել են Վանաձոր քաղաքի հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպել կար ու ձևի դասընթացներ, որից հետո ստեղծել են ապրանքատեսակներ՝ կտորե տիկնիկներ, դեկորատիվ բարձեր, խոհանոցային գոգնոցներ և այլն: 2019 թ.-ին արդեն հիմնել են «EREOstyle» կարի և տպագրության սոցիալական ձեռնարկությունը։ Անվանումը առաջացել է կազմակերպության անվանման անգլերեն հապավումից՝ «EQUAL RIGHTS, EQUAL OPPORTUNITIES» (EREOstyle): «EREOstyle» սոցիալական ձեռնարկության նպատակն է՝ նեցուկ դառնալ համայնքի՝ հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց ներուժի շնորհիվ բարձրացնել սեփական ընտանիքների և համայնքի կենսամակարդակը: