Զբոսաշրջիկների անհավանական հաշվառումը Հայաստանում
Վիճակագրությունը շարունակում է արձանագրել համավարակի պատճառով արձանագրվող բացասական հետևանքները:
Այսպես կարելի է պնդել, եթե սոցիալ-տնտեսական ցուցանիշների անկման հարցում իշխանությունների մեղքը չնկատենք: Կամ՝ չտեսնելու տանք:
Վերցնենք, օրինակ, միջազգային զբոսաշրջության ցուցանիշները: 2020թ․ առաջին կիսամյակի տվյալներով, պաշտոնապես հայտարարվում է, որ մեր երկիր ժամանել էր 311.264 զբոսաշրջիկ: Այս տարվա առաջին կիսամյակին այդ թիվը պակասել է 22.2 տոկոսով՝ այցելած զբոսաշրջիկների թիվը 239․263 է:
Պաշտոնական վիճակագրությունը «Միջազգային զբոսաշրջության» անվան տակ հրապարակում է նաև մեր երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը՝ ըստ քաղաքացիության: Այսինքն՝ կարելի է նայել, թե, օրինակ, Գանայի քանի քաղաքացի է այցելել Հայաստան: Անցած տարի ոչ ոք չի այցելել, իսկ այս տարվա հունվար-հունիսին այցելել են երեք քաղաքացի:
Պաշտոնական վիճակագրությունը նաև հաշվարկում է, թե նրանք քանի օր (գիշերակաց) են մնացել մեր երկրում: Գանայի երեք քաղաքացիները միասին մնացել են 217 օր:
Պաշտոնական վիճակագրությունն այսքանով չի բավարարվում՝ հաշվարկվում ու պաշտոնապես ներկայացվում է, որ Գանայի մեկ քաղաքացու այցի միջին տևողությունը 72 օր է:
Բոլոր նրանց համար, ովքեր կշտապեն եզրակացնել, որ դասական (կամ՝ ճիշտ զբոսաշրջիկը) այդքան երկար ժամանակ չի կարող անցկացնել այլ երկրում, մի մեծ մեջբերում եմ պատրաստել: Մեջբերումը նույն պաշտոնական վիճակագրությունից է և բացատրում է, թե ինչ մեթոդաբանություն է կիրառվում օտարերկրյա զբոսաշրջիկների հաշվարկի համար:
Եվ այսպես՝ «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին»:
Բայց սա միակ (թող ներվի ասել՝ «արտասովոր ու տարօրինակ») մեթոդաբանական մոտեցումը չի:
Միջազգային զբոսաշրջության հաշվարկ-հաշվառման մեջ մեկ ավելի անսպասելի տվյալ կա: 2020թ․ առաջին կիսամյակին Հայաստան այցելած միջազգային զբոսաշրջիկների 307․590-ից 83․050 զբոսաշրջիկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: 2021թ․ նույն ժամանակաշրջանում մեր երկիր այցելած 239․263 միջազգային զբոսաշրջիկներից 59․497-ը նույնպես ՀՀ քաղաքացիներ են:
Այստեղ հավանաբար հաշվարկի հիմքում ընկած է այն, որ նրանք (Հայաստան այցելած և միջազգային զբոսաշրջիկ հաշվառված ՀՀ քաղաքացիները) ռեզիդենտ չեն: Այսինքն՝ նրանք ապրում և աշխատում են այլ երկրում, բայց մեկ տարուց պակաս ժամանակահատվածից պակաս տևողությամբ ժամանում են հայրենիք: Ժամանում են և հաշվառվում զբոսաշրջիկ, այն էլ՝ միջազգային:
Հիմա դիտարկենք զբոսաշրջության կառուցվածքը:
Այս տարվա առաջին կիսամյակին Հայաստան ժամանել են զբոսաշրջիկներ 152 երկրից: Ամենամեծ խումբը՝ ընդհանուր ծավալի 39.1 տոկոսը, ժամանել է Ռուսաստանից (անցած տարի տեսակարար կշիռը 39.4 տոկոս էր):
Երկրորդը ՀՀ քաղաքացիներն են՝ 24.8 տոկոս (անցած տարի 27 տոկոս էր): Հետո Իրանն է՝ 11 տոկոս (անցած տարի 3.6 տոկոս էր), ապա Վրաստանը՝ 8.7 տոկոս (անցած տարի 15.7 տոկոս էր), Ուկրաինան՝ 2,9 տոկոս (անցած տարի 1.7 տոկոս էր), ԱՄՆ-ը 2.7 տոկոս (անցած տարի 1.1 տոկոս էր), Ֆրանսիան՝ 1.2 տոկոս (անցած տարի 0.7 տոկոս էր): Մնացած 145 երկրներից ժամանածների ընդհանուր քանակը չի հասնում մեկ տոկոսի (առանձին-առանձին վերցրած, իհարկե):
Հ․Գ․ Նախարարներից մեկը (այս իմաստով, թերևս, ամենահայտնին) մոտ մեկ ամիս առաջ ասաց, որ անցած տարվա համեմատ այդ ամիս միջազգային զբոսաշրջիկների քանակը եռանիշ թվով ավելացել է: Նա ճիշտ էր: Պարզապես մի փաստ էր մոռացել հրապարակել:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ «2020թ. ապրիլ-հունիս ժամանակաշրջանում ըստ ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի № 298-Ն որոշման ուժով ՀՀ ներգնա զբոսաշրջային այցելություններ չեն արձանագրվել»:
Այսինքն՝ եթե նախորդ տարի ապրիլին, մայիսին, հունիսին այցելած զբոսաշրջիկները չեն հաշվառվել, իսկ, օրինակի համար, այս տարվա ապրիլին Հայաստան այցելել է 1001 զբոսաշրջիկ, ապա աճը կազմել է քառանիշ 1001 տոկոս: Իսկ եթե այս տարվա մայիսին գրանցվել է 10 հազար 1 զբոսաշրջիկի այց, ապա կարելի է խոսել զբոսաշրջության 10 հազար ու 1 տոկոսանոց աճի մասին:
Կարելի է խոսել, բայց այդ խոսքի մեջ իմաստ գտնելը համարյա անհնար զբաղմունք կլինի: