Բաժիններ՝

«ԿԲ-ն արդեն «ձեռը կրակն է ընկել». ԿԲ-ն մեծագույն դժվարությամբ զսպում է ֆինանսական շուկայում առկա անկայունությունները, բայց դա առաջին հերթին կառավարության գործն է». տնտեսագետ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների՝ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ: Ոչ պարենային ապրանքների գները նույն ժամանակահատվածում աճել են 9.6%-ով:

Այդուհանդերձ, էկոնոմիկայի նախարարն այսօր վստահություն է հայտնել, որ շուտով մենք ականատեսը կլինենք գների էական անկման։

«Ես կարծում եմ, որ հիմա արդեն օգոստոս ամսից սկսվում է հիմնական ապրանքատեսակների, նոր բերքերի մասին տեղեկատվության հայտնումը, և վստահ եմ, շատ վստահ եմ, որ գների էական անկում շատ շուտով մենք կտեսնենք:

Դուք նաև տեսնում եք, որ ԿԲ-ն անընդհատ լրացնում է այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է, որպեսզի գները կարգավորվեն»,- նշել է նախարարը  Կառավարության նիստից հետո:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել էր՝ կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ անդրադառնալով տնտեսական միտումներին, շեշտեց՝ բարեկեցության հիմքը որակյալ աշխատանքն է, իսկ այդպիսի աշխատանք ցանկացած երկրում կազմակերպում է բացառապես կառավարությունը. «Այս առումով արդեն իսկ բավական էին անցյալ երեք տարիները, որ մենք ամրագրենք, որ այս մարդիկ ի զորու չեն այն իրականացնելու: Ոչ թե չեն ուզում, այլ՝ չեն կարող, քանի որ չեն տիրապետում պետության ղեկավարման ամենաէլեմենտար քայլերին»:

Հարցին, թե պետությունն ի՞նչ գործիքակազմ պետք է գործադրի, որպեսզի զսպի գնաճային միտումները, և թե որքանո՞վ են արդյունավետ ԿԲ միջամտություններն այս առումով՝ տնտեսագետը պատասխանեց.

«Կենտրոնական բանկն արդեն «ձեռը կրակն է ընկել».  իր ունեցած գործիքաշարով, ԿԲ-ն մեծագույն դժվարությամբ զսպում է փոփոխությունները, ֆինանսական շուկայում առկա անկայունությունները, բայց դա առաջին հերթին կառավարության գործն է»:

Վարդան Բոստանջյանի կարծիքով, գների կայունության ապահովման խնդիրը միայն ԿԲ-ի վրա թողնելն արդարացի չէ. «Անկախ այն հանգամանքից, որ Սահմանադրությունը սահմանում է, որ ԿԲ-ն ֆինանսական  կայունության և գների կայունության մասին պետք է հոգ տանի, բայց բոլոր պարագաներում դա տնտեսական գործոն է, որն ուղղակիորեն և մեծապես կախված է կառավարությունից:

Իսկ թե ինչ պետք է անի պետությունը՝ գնաճը զսպելու համար. օրինակ, բոլոր այն ապրանքատեսակների՝ և առաջին հերթին՝ պարենային բլոկի, որոնք պետք են առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման համար, արտադրությունը պետք է կազմակերպի, ինչը հնարավոր է: Դա պետք է անի պետությունը, ինչը որ չի անում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս