Տնտեսագետն էկոնոմիկայի նախարարի հայտարարությունները որակում է պոպուլիստական. Որտե՞ղ է տնտեսական աճն ու Փաշինյանի «կախարդական փայտիկը»
Նոր ձևավորված կառավարության առաջին նիստից հետո լրագրողները վերանշանակված Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք նա տեսնում կամ զգո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի նշած «կախարդական փայտիկի» ազդեցությունը:
Ի պատասխան՝ նախարարը նկատեց. «Ամենակարևոր ազդեցությունը, իհարկե, կոռուպցիան արմատախիլ անելն է: Ես չեմ ասում՝ չկա կոռուպցիա, բնականաբար, կա ինչ-որ չափով կոռուպցիա, բայց այդ կոռուպցիան համակարգային չէ, և կոռումպացված մարդիկ բավական հաճախ հայտնվում են ճաղերի հետևում»:
Ճգրտմանը, թե՝ սա՞ է կախարդական փայտիկի ազդեցությունը, նախարարն արձագանքեց՝ ոչ, ու բերեց մեկ այլ օրինակ.
«Հիմա եթե, օրինակ, վերցնենք դեկտեմբեր ամիսը, երբ բոլոր կանխատեսումներն ասում էին, որ Հայաստանը 2021 թվականին կունենա 1-1.5 տոկոս տնտեսական աճ, բայց արդյունքում մենք արդեն առաջին կիսամյակի արդյունքներով ունենք 5 տոկոս տնտեսական աճ, և ամեն ինչ գնում է նրան, որ մենք կունենանք 10-ից ավելի տոկոս տնտեսական աճ:
Տնտեսության անդրադարձը այսպիսի խորը, կրկնակի ճգնաժամից՝ հետևանքն է միայն նրա, և նաև նրա, որ այդ կախարդական փայտիկը գործում է, այսինքն՝ տնտեսությունն արնաքամ չի լինում կոռումպացված գումարներով, տնտեսությունից դուրս չեն գալիս այն գումարները, որոնք առաջ սև ճանապարհներով դուրս էին գալիս, և դա հնարավորություն է տալիս, որ մեր տնտեսության անդրադարձը լինի անհամեմատ ավելի արագ, քան այդ բոլոր կանխատեսումներն էին»:
Հարցին, թե նախորդ տարվա վերջից սկիզբ առած և չկանգնող գնաճն է՞լ է այդ կախարդական փայտիկի շրջանակներում գործում, Վահան Քերոբյանը պատասխանեց.
«Ես կուզենայի, որ դուք այսպիսի հարցեր տալուց մի հատ նախապես վերլուծություն ունենայիք, թե, օրինակ, մեր մոտակա երկրներում ինչպիսին է գնաճը, աշխարհում հիմնական ապրանքատեսակների գնաճն ինչպիսին է: Հայաստանը չի կարող արտադրել ամեն ինչ, և մեծ քանակի արտադրանք ներմուծվում է, իսկ այդ ներմուծված ապրանքների գնի նկատմամբ մենք առանձնապես որևէ հսկողություն կամ ազդեցություն չունենք:
Ես կարծում եմ, որ հիմա արդեն օգոստոս ամսից սկսվում է հիմնական ապրանքատեսակների, նոր բերքերի մասին տեղեկատվության հայտնումը, և վստահ եմ, շատ վստահ եմ, որ գների էական անկում շատ շուտով մենք կտեսնենք:
Դուք նաև տեսնում եք, որ ԿԲ-ն անընդհատ լրացնում է այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է, որպեսզի գները կարգավորվեն»:
Այս հարցուպատասխանից, թերևս, կարելի էր ենթադրել, որ տնտեսագիտական հյատնի եզրույթի՝ «անտեսանելի ձեռք»-ի կողքին շատ շուտով իր արժանի տեղը կունենա նաև «անտեսանելի կախարդական փայտիկը», որն առայժմ ՀՀ վարչապետի ու իր թիմակիցների ձեռքին է:
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Վահան Քերոբյանի նմանատիպ հայտարարությունները որակում է պոպուլիստական՝ նկատելով. «Տվյալ դեպքում մենք խոսում ենք պոպուլիզմի մասին: Կոռուպցիայի արմատախիլ լինելը՝ որպես երևույթ, ֆենոմեն, ե՞րբ կարող ենք գրանցել. այսինքն՝ ի՞նչ է փոխվել երկրում, որ կոռուպցիա չկա: Լուրջ փոփոխություններ չեն նկատվում, իսկ որոշակի փոփոխություններ միշտ եղել են, բայց այս ասպարեզում ինչ-որ արմատական փոփոխություն չի նկատվել:
Ինչ վերաբերում է «կախարդական փայտիկ»-ին և տնտեսական աճին. նախ՝ «կախարդական փայտիկ» ասելով՝ մենք միայն իր ներկայացրած տոկոսների մասին չենք խոսում, այլ, թե՝ ինչպես երկիրն այս վիճակին հասավ՝ բազմահազար կորուստներ կորոնավիրուսից, պատերազմից, տարածքների կորուստ, դա՞ է կախարդական փայտիկը:
Բուն տնտեսության մասին. այո՛, ցածր բազայի էֆեկտի շնորհիվ մենք ունենք որոշակի աճ, որն այս պահի դրությամբ 5 տոկոս է կազմում, իսկ տարեվերջին, հավանաբար, մոտավորապես 7 տոկոս կկազմի: Սակայն դա վերականգնողական աճ է. տնտեսության վերականգնումն է նախորդ տարվա ճգնաժամից և պայմանավորված է ցածր բազայի էֆեկտով, այսինքն՝ անցյալ տարվա անկումով է միայն պայմանավորված այս տարվա աճը: Նկատեմ, որ այս պահի դրությամբ մենք նույնիսկ 2019 թվականի մակարդակին չենք հասնում: Այսպիսով՝ ո՞ր կախարդական փայտիկի մասին է խոսքը»:
Անդրադառնալով Կառավարության կողմից այսօր հաստատված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է հարկել էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները, Հրանտ Միքայելյանը նկատեց.
«Կառավարությունը եթե ուզում է նոր ոլորտ հարկել, կարծում եմ՝ պետք է շատ զգույշ մոտենա, որպեսզի բացասական էֆեկտներից խուսափի: Բայց երկարատև կտրվածքով, այո, պետք է նաև օնլայն ծառայությունները հարկել, որովհետև դա ևս տնտեսական գործունեության աճող ուղղություն է»:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ծառայությունների հարկումը չի ենթադրում ծառայությունների թանկացում՝ մեր զրուցակիցը նշեց. «Այո, կթանկանա, և այդ պատճառով եմ ասում, որ պետք է զգույշ լինել նման փոփոխություններում. նոր ոլորտներ հարկելու դեպքում պետք է խոսել նաև տնտեսվարողների հետ»:
Ի դեպ, Վահան Քերոբյանը ծառայությունների թանկացում չի կանխատեսում: «Խոսքը գնում է ԱԱՀ-ի մասին, իսկ այն ճիշտ հաշվարկելու պարագայում առանձնապես չի ավելացնում ծառայությունների գինը, քանի որ մի կողմից՝ վճարում ես, իսկ մյուս կողմից՝ հաշվանցում ես»,- վստահեցրել էր նա ճեպազրույցում: