«Ծնելիությունն է պակասել, սեռական կյանքն է դարձել զսպված». կորոնավիրուսի պատճառով աշխարհին սպառնում է «միայնության պանդեմիա»
Եվրոպական համատեղ հետազոտական կենտրոնի գնահատմամբ՝ Եվրամիության տարածքում կորոնավիրուսի հետևանքով երկու անգամ ավելի շատ մարդ է սկսել իրեն միայնակ զգալ: Կենտրոնի դիտարկմամբ՝ սահմանափակումները և երկարատև ինքնամեկուսացումը հանգեցնելու են «միայնության պանդեմիայի»:
168.am-ի հետ զրույցում բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանն ասաց, որ սա միակ խնդիրը չէ, որը կհաջորդի կորոնավիրուսի համաճարակին:
«Ոչ միայն միայնության, այլև ծնողազրկության պանդեմիա է սկսվել կորոնավիրուսի հետևանքով: 1.5 մլն երեխա ամբողջ աշխարհում կորցրել են իրենց խնամող սերնդի ներկայացուցիչներին:
Մենք այնքան սովորեցինք մեկուսացած ապրելուն, միայնակությանը, ինքնամփոփվեցինք շատ, անգամ մեր գիտաժողովներն օնլայն են անցնում, մարդկային շփումը սկսեց հետ գնալ, և դա շատ լուրջ խնդիր է:
Մենք հարց էինք բարձրացնում, որ երեխաները շատ են նստում համակարգչի առաջ, դուրս չեն գալիս, մեր ժամանակներում բակում էինք խաղում, համակարգիչներ չկային և հոգեբանորեն ավելի առողջ երեխաներ էին զարգանում, կյանքին ավելի պատրաստված, իսկ հիմա մենք ավելի խորացրինք սա:
Մի քանի օր առաջ մասնակցել եմ օֆլայն գիտաժողովի, կարոտել էի շփումը առերես, վերջիվերջո, դա դեմքի արտահայտություն է, գրկախառնումն է, հպումն է, որը ջերմության փոխանցում է»,- ասաց Լ․ Մանուկյանը:
Մեր հարցին, թե ո՞ր տարիքային խմբի մոտ է առավել տարածված միայնության զգացողությունը, բժիշկը պատասխանեց, որ տարեցներն առանց կորոնավիրուսի էլ ունեին սոցիալական ինտեգրացիայի խնդիր:
«Ինքս տարեցաբան եմ, շատ եմ ուսումնասիրել տարեցների առողջության հետ կապված խնդիրները, իրենց պարագայում նման տերմին կա՝ «սոցիալական իզոլյացիա», իրենք տարիքի հետ սկսում են զգալ իրենց անպիտանելիությունն ընտանիքում, «անպիտանելիություն» բառը խնդրում եմ վատ իմաստով չընկալել, քանի որ ընտանիքի անդամները շատ զբաղված են, իսկ պետության ոչ մի օղակ այսօր չի զբաղվում տարեց մարդու մոտիվացիաներով ու առողջությամբ։ Մենք տարեցների առողջական կենտրոն ունե՞նք, իհարկե չունենք, ունենք խնամքի կենտրոններ, բայց առողջական չունենք, տարեց մարդը պետք է ապրելու մոտիվացիա ունենա, պետք է հոգևոր կյանք ունենա, ֆինանս ունենա, իսկ իրենց աղքատիկ թոշակները, աշխատանքից զրկվելը բերում են սոցիալական մեկուսացման, իսկ դա առաջին խթանն է, որ զարգանա դեպրեսիան, դեպրեսիան էլ առաջին պատճառն է, որ տարեցին դարձնում է ոչ ավտոնոմ։ Ինքը սկսում է կախված լինել շրջապատից, երեխայից, պետությունից, հարևանից, օգնողից, սկզբից լինում է հոգեկան կախումը, հետո կարկամվում են մկանները, վերջում հասնում ենք նրան, որ տարեցը, օրինակ, 70 տարեկան, չի կարողանում սպասարկել իրեն։ Սա գալիս է այս սոցիալական մեկուսացումից, որ գնաց թոշակի, մնաց մենակ:
Տարեցների մոտ դա ավելի շուտ այլ պատճառներից է, քան կորոնավիրուսից։ Ես ավելի վտանգ եմ տեսնում, որ դա կարող է սպառնալ միջին, ակտիվ գործող, ռեպրոդուկտիվ տարիքի մարդկանց, որովհետև ծնելիությունն է պակասել, սեռական կյանքն է դարձել շատ զսպված, պակասել են շփումները և այլն։ Նույնիսկ սիրահարվելը, զուգընկեր փնտրելն է դարձել խնդիր: Ես ավելի շատ միջին տարիքի համար եմ վտանգ տեսնում և, իհարկե, երիտասարդների, որոնք ավելի կմեկուսանան, և կյանքն ընդհանրապես իրենց համար կիմաստազրկվի, իսկ ավելի երիտասարդները, դպրոցականներն առհասարակ կմտնեն համակարգիչների մեջ և դուրս չեն գա, մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք թե՛ աչքերի, թե՛ հոգեկան աշխարհի հետ, թե՛ մենության տարբեր-տարբեր կոմպլեքսներ կձևավորվեն, շատ անհանգստացած եմ: Տարեցների հարցն արդեն կար, հիմա էլ կորոնավիրուսի պատճառով միացավ երիտասարդների և միջին տարիքի մարդկանց խնդիրը»,- մանրամասնեց Լ․Մանուկյանը:
Բժշկի պնդմամբ՝ կորոնավիրուսի 4-րդ ալիքի պարագայում չպետք է փակել դպրոցները:
«Եթե անգամ 4-րդ ալիք ունենանք, և մենք կունենանք այդ ալիքը, որովհետև ոնց էլ լինի՝ դրսից կգա նոր «դելտա» շտամը, որն ավելի արագ է տարածվում, եռակի անգամ ավելի արագ, քան նախորդ բրիտանականը, ես կարծում եմ, որ մենք չպետք է փակենք դպրոցները, պետք է ապրենք կովիդի հետ համատեղ․ շատ տուժեց նաև ուսումը, կրթական մասը»:
Լամարա Մանուկյանի խոսքով՝ մեր երկրում տարածվում է նաև «տագնապային և մտավախության համախտանիշը»:
«Բոլորն ունեն մտավախություններ, անընդհատ սպասում են վատ լուրի, պատերազմական իրավիճակի․․․ երբ մարդիկ կորոնավիրուսի հետ կապված գալիս են ինձ մոտ, բոլորը դրանից են բողոքում, ասում են՝ անընդհատ վատ լուրի ենք սպասում, այս համախտանիշն էլ կդառնա շատ կարևոր, և ժողովրդի մեծ մասը կլինի հոգեպես ոչ առողջ: Պտուղները հետո կտեսնենք»,- ասաց Մանուկյանը: