Բաժիններ՝

ԿԳՄՍՆ-ում դեռ չեն կողմնորոշվում՝ գիտության ներկայի և ապագայի շահերը պաշտպանելն իրենց գործառո՞ւյթն է, թե՞ ոչ. ՕԴՔԳՏԿ գիտաշխատողներն իրենց պայքարը կշարունակեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 29-ին ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Նրանց կարծիքով՝ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են:

Վահրամ Դումանյանը պատասխանել է մտահոգություններին՝ նշելով, որ պատրաստ են ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների, բայց բարձրաձայնված հարցերը պետք է առնչվեն ԿԳՄՍ նախարարության գործառույթներին, լինեն իրենց իրավասության շրջանակում:

Արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե քիմիական մասնաշենքերի հատվածում բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, Վահրամ Դումանյանը նշել է. «Հարցը պետք չէ կապել պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքի և ոլորտի զարգացման շուրջ ունեցած տեսլականի հետ:

Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և, մասնավորապես, օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն:

Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ՝ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»: Եկե՛ք հարցերը և դրանց ակունքները ճիշտ սահմանենք, այդ դեպքում լուծումներն էլ հեշտ կգտնվեն»:⁠

«Իոնական հեղուկների մշակում և կիրառություններ քիմիայում» խմբի ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտեց, որ իրենք շարունակելու են պայքարը՝ լինի բողոքի ակցիաների տեսքով թե իրավական դաշտում:

«ԿԳՄՍ նախարարը համարեց, թե մեզ ապացուցել է, որ խնդիրը մշակույթի ու գիտության հետ կապ չունի, սակայն, եթե մեր աշխատանքը խոչընդոտվի, այդ դեպքում պատրաստ է մեզ հետ հանդիպել, խորհրդակցել, ինչ-որ քայլեր ձեռնարկել: Սարքի հետ էլ եղավ խնդիր, այսինքն՝ փչանա՝ կսարքեն: Սակայն, եթե սարքավորումը չաշխատի՝ ստացվում է, որ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի 3 ինստիտուտ կա՛մ կաշխատեն ոչ արդյունավետ, «անիմաստ», կա՛մ պետք է սպասեն՝ մինչև սարքը վերանորոգեն կամ նորը գնեն: Իսկ մենք գոնե որոշ չափով գերժամանակակից մոդելի սարք ունենալու համար տարիներով սպասել ենք, տարբեր դռներ ենք թակել, ու եթե չգործի՝ զրոյական վիճակի ենք գալիս, ոչինչ չենք կարող անել: Գիտնականի աշխատանքի արդյունավետությունն առաջին հերթին գնահատվում է միջազգային ամսագրերում տպագրված աշխատանքներով, եթե սարքը չաշխատի՝ դա չենք ունենա, որովհետև առանց տվյալների չես կարող հոդված տպագրել: Ու դրան փոխարինող այլ սարք չունենք, որ ասենք՝ որոշ ժամանակ դրանով կաշխատենք: Սարքի փչանալու դեպքում էլ վերանորոգող չկա Հայաստանում: Դրսից պետք է կանչեն»,- նշեց Արփինե Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ՝ առանձին հանդիպել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին, արվել են կոնստրուկտիվ առաջարկներ, օրինակ՝ օրենքներին հղումներով նամակ պատրաստել, դրա հիման վրա դիմել բոլոր կառույցներին:

«Ամեն ինչ կանենք՝ հասկանալու, թե որ պահին ինչ է փոխվել առանց մեզ: Սակայն կոնկրետ այս իրավիճակում ԿԳՄՍ նախարարությունից կախված որևէ բան չկա, Քաղաքապետարանին, Արդարադատության, Էկոնոմիկայի նախարարություններին ուղղված նամակների հիման վրա է գործընթացը գնացել, համարել են, որ տարածքի այն հատվածը, որտեղ ջրավազան է, պատմամշակութային հուշարձան է, կառուցապատողը կպահպանի ջրատարի հատվածը, կկառուցվի շենք: Այսինքն, ըստ իրենց՝ շենքը, միևնույն է, սարքվելու է»,- մանրամասնեց գիտաշխատողը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը՝ ՕԴՔԳՏԿ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը նկատեց.

«Պարզվում է՝ ԿԳՄՍ-ն հաստատ կարող է մշակույթի մասով արգելանք դնել ու չթույլատրել, իսկ ինչ վերաբերում է գիտությանը՝ նախարարությունում դեռ չեն որոշել, և դեռ չեն կողմնորոշվում՝ գիտության ներկայի և ապագայի շահերը պաշտպանելն իրենց գործառո՞ւյթն է, թե՞ ոչ։ Այնպես որ՝ թեև այսօր գիտությունը հայտարարվել է գերակա ուղղություն, սակայն գիտական միջավայրի աղճատումը և վտանգումը դեռ չի քննարկվում։ Իրականում ամեն ինչ կառավարության որոշելիքն է։ Եթե կառավարությունը որոշի ճանաչել հանրային գերակա շահ և հետ գնի՝ ամենալավ լուծումն է լինելու»:

Հավելենք, որ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները հուլիսի 29-ին բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ: Պատճառն այն է, որ հաստատության տարածքում բնակելի շենք են ուզում կառուցել, ինչը, նրանց պնդմամբ՝ անթույլատրելի է: Խնդիրը ծագել է դեռևս 2007 թվականից, երբ ապօրինաբար Ազատության 26 հասցեում գտնվող ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքից օտարվել է ջրավազանն ու դարձել է մասնավոր սեփականություն: ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տնօրեն Արթուր Հարությունյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում անդրադառնալով 25 հարկանի շենք կառուցելու մտադրությանը՝ ասաց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն: Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ 2007թ․ և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:

«Սակայն 10 տարի հետո՝ 2017թ., Քննչական կոմիտեն տալիս է եզրակացություն, որ այդ առևտրային ակտն ապօրինի է: Այսինքն, ապօրինի վաճառվել է մասնավորին, բայց քանի որ 10 տարի անցել է, քրեական պատասխանատվության հնարավոր չէ ենթարկել, այդ մարդը եկել ու ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղը երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները: Ուզում են բնակելի շենք սարքել, սակայն նախ՝ վնասում են գիտությանը. նորմալ օդափոխությունից, լույսից են կտրում: Սրան գումարած՝ մեզ մոտ ցանկություն կա սնդիկի պահեստ սարքել: ՄԱԿ-ի որոշում կա, որ սնդիկի շարժն արգելվում է: Պատկերացրեք, 200 ընտանիք՝ 25 հարկանի շենքում, բակ չկա, պետք է անընդհատ քիմիական նյութերի օդը շնչեն»,- մանրամասնել էր Արթուր Հարությունյանը:

Գիտաշխատողների պնդմամբ՝ եթե այդ տարածքում շինարարական գործունեություն ծավալվեց՝ 1 մլն դոլարից ավելի արժեցող սարքերը պարզապես չեն աշխատելու: Շատ զգայուն, 2019թ. գնած վերջին սերնդի սարք կա, ու նման կենտրոնին վնասելը պարզապես վնաս է հասցնում ՀՀ ապագային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս