Բաժիններ՝

«Եկել-ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղը երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները». ՕԴՔԳՏԿ տնօրենն ահազանգում է

ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական Քիմիայի Գիտատեխնոլոգիական Կենտրոնի (ՕԴՔԳՏԿ) տարածքային ամբողջականությունը վտանգված է: Կենտրոնի օտարված տարածքում նախատեսվում է կառուցել 25 հարկանի 2 բնակելի շենք:

Կենտրոնի տնօրեն, քիմիական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 1956 թվականին կենտրոնն ունեցել է ջրավազան, և իրեն հասած տեղեկություններով՝ մոտ 20 տարի առաջ նախկին տնօրենից առաջ պաշտոնավարած տնօրենը, քանի որ ֆինանսավորումը քիչ է եղել, իսկ ջրավազան մաքրելը մի մեծ պատմություն է, քաղաքապետարանին խնդրել է այն հանձնել իրենց բալանսին, որ նրանք մաքրեն:

«Իրենք սիրով վերցրել են Ազատության պողոտայում գտնվող մոտ 3000քմ 2007թ․՝ 13 տարի առաջ, և տեղյակ չպահելով՝ սեփականաշնորհել են ու վաճառել չորս հոգու, իսկ վերջում երրորդ մարդուն են տվել:  Սակայն 10 տարի հետո՝ 2017թ., Քննչական կոմիտեն տալիս է եզրակացություն, որ այդ առևտրային ակտն ապօրինի է: Այսինքն, ապօրինի վաճառվել է մասնավորին, բայց քանի որ 10 տարի անցել է, քրեական պատասխանատվության հնարավոր չէ ենթարկել, այդ մարդը եկել ու ասում է, թե գիտական կենտրոնի մեջտեղը երկու 25 հարկանի շենք է սարքելու, այն դեպքում, որ 15 մետր այն կողմ գտնվում են քիմիական լաբորատորիաները: Ուզում են բնակելի շենք սարքել, սակայն նախ վնասում են գիտությանը. նորմալ օդափոխությունից, լույսից են կտրում: Սրան գումարած՝ մեզ մոտ ցանկություն կա սնդիկի պահեստ սարքել: ՄԱԿ-ի որոշում կա, որ սնդիկի շարժն արգելվում է: Պատկերացրեք, 200 ընտանիք 25 հարկանի շենքում, բակ չկա, պետք է անընդհատ քիմիական նյութերի օդը շնչեն»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արթուր Հարությունյանը:

ՕԴՔԳՏԿ տնօրենը նկատեց՝ այն պետական հող է, հանձնված է ԳԱԱ-ին, որ տնօրինի, բայց որքանո՞վ է ճիշտ՝ Գիտությունների ակադեմիայի ձեռքից վերցնել, բռնել ու տալ մասնավորին՝ զուտ կենցաղային հարցեր լուծելու համար:

«Սակայն  դա ապօրինի որոշում է, Քննչական կոմիտեի եզրակացությունը կա: Հիմա մենք ուզում ենք, որ այդ ապօրինի որոշումը չդառնա օրինական: Լավ, 10 տարի անցել է, չեք դատում, բայց դա չի նշանակում, որ օրինական ուժի մեջ պետք է մտնի: Մենք պաշտոնական նամակ ենք գրել ԳԱԱ՝ հայտնելով, որ դեմ ենք: Գումարած սրան՝ մեր շենքում գործում է հայ-շվեյցարական գիտական կազմակերպություն, ովքեր ևս դժգոհ են: Էլ չեմ խոսում այն մասին, որ, եթե սկսվի շինարարություն՝ կան գործիքներ, որոնք տարածաշրջանում չկան և միլիոն դոլար արժեն, վնասվելու են, քանի որ պայթեցումներ են լինելու և այլն»,- նշեց ՀՀ ԳԱԱ Օրգանական և Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական Կենտրոնի տնօրենը:

ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ( ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության 2006թ. հոկտեմբերի 12-ի 1530-Ն որոշման համաձայն և իր մեջ ներառում է հետևյալ գիտահետազոտական հիմնարկները՝

– Ա. Մնջոյանի անվ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1955 թ.),

– Օրգանական քիմիայի ինստիտուտը (հիմնադրվել է 1957 թ.),

– Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնը (հիմնադրվել է 1994 թ.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս