Եթե Անգելա Մերկելը՝ մուրճը ձեռքին, նման բարբարոս, վայրենի նախադասություն արտասանի՝ այլևս երբեք չի ընտրվի, կմոռանա քաղաքականության մասին ու կգնա թոշակի. Գոռ Հովհաննիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գերմանիայի Հագենի համալսարանի գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանն է:

Երեկ Նիկոլ Փաշինյանի և իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ խմբակցության պատգամավորների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է՝  որոշում է կայացվել, որ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը համաձայն էր այն տեսակետի հետ, որ քննիչ հանձնաժողով չպետք է ստեղծի իշխանությունը: Տարօրինակն այն է, որ այդպիսով իշխանությունը պետք է քննի իր իսկ գործողությունները, պատերազմի ընթացքում թույլ տված սխալները, կատարած հանցագործությունը, որոնց արդյունքում հազարավոր զոհեր, վիրավորներ և տարածքային կորուստներ ունենք:

 «Քննիչ հանձնաժողովի գաղափարը, որը վերցված է գերմանական  սահմանադրական իրավունքից, հենց խորհրդարանական ընդդիմության համար է նախատեսված, որպես նրանց ձեռքի «զենք» և հակակշիռ խորհրդարանական մեծամասնությանը, որն ինքն էլ ձևավորում է կառավարությունը, և միասին կառավարում են երկիրը: Այդ տեսանկյունից, իրոք, տարօրինակ է իշխանության կողմից նման նախաձեռնությունը, որովհետև իսկապես կառավարության, իշխող ուժի ձեռքում են կենտրոնացած ամբողջ իրավապահ, հետաքննող մարմինները, որոնց ֆունկցիան է հենց բացահայտել տեղի ունեցած հանցագործությունները, անօրինական դեպքերը: Հետևաբար՝ խորհրդարանական մեծամասնությունն ընդհանրապես կարիք չունի ստեղծելու քննիչ հանձնաժողով, որովհետև ինքն առանց դրա էլ կարող է ամեն ինչ պարզել: Դա որպես գործիք՝ նախատեսված է ընդդիմության համար»,- ասել է նա:

Գոռ Հովհաննիսյանի կարծիքով՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը  բարբարոս և վայրենի էր, որն անթույլատրելի է քաղաքակիրթ որևէ երկրի համար.

«Բարբարոս ասելով՝ նկատի ունեմ հատկապես քարոզարշավի ընթացքում ելույթների ժամանակ հնչող արտահայտությունները, ոճն ու ընդհանրապես քարոզարշավի արտաքին տեսքը: Դա շատ ագրեսիվ քարոզարշավ էր, վայրենի, բարբարոս, ոչ հանգիստ, ոչ քաղաքակիրթ քարոզարշավ էր»:

Նա նկատի ունի հիմնականում Նիկոլ Փաշինյանի ելույթները, և ըստ նրա՝ հակառակ կողմն էլ ընթացքում սկսում էր դրան հակադարձել, ու արդյունքում ստացվում էր շատ ագրեսիվ քարոզարշավ:

«Սեպտեմբերին, օրինակ, Բունդեսթագի ընտրություններն են լինելու, բայց Գերմանիայում այնքան հանգիստ է, որ երևի շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, միայն թերթերում են կարդում ընտրությունների մասին: Նման բան առօրյայում, հասարակության մեջ գոյություն չունի:  Ես վերջին 12 տարիներին Գերմանիայում եմ ապրում և այդպիսի քարոզարշավ կյանքում չէի տեսել: Ուղղակի բացառվում է, որ, օրինակ, Գերմանիայում  Անգելա Մերկելը՝ մուրճը ձեռքին, գա ու ասի՝ ես հես ա էս մուրճը իջեցնելու եմ ընդդիմության, այս կամ այն կուսակցության գլխին, տեսեք, թե ես նրանց հետ ինչ եմ անելու… Եթե Անգելա Մերկելը նման մի նախադասություն արտասանի, ապա ինքն այլևս երբեք չի ընտրվի, ինքը կմոռանա քաղաքականության մասին ու կգնա թոշակի… Մարդիկ նրան երբեք չեն ների նման բանը: Ինչպե՞ս կարելի է քաղաքակիրթ հասարակության մեջ էդպիսի բառապաշարով ելույթ ունենալ ու միաժամանակ ձայն ստանալ: Դա իմ ուղեղում չի տեղավորվում: Ինչպե՞ս կարելի է նման ագրեսիվ արտահայտություններ անող, սպառնալիքներով խոսացող ուժի ներկայացուցչին ձայն տալ»:

Հարցին, թե ինչպես կարող էին նման ելույթներն անդրադառնալ ընտրողների վարքի վրա, ընտրությունների արդյունքների վրա, պատասխանել է.

«Ես չեմ կարող ասել, թե նման ագրեսիվ հայտարարություններով քարոզարշավն ինչպե՞ս է անդրադարձել ընտրությունների արդյունքների վրա, որովհետև նման արտահայտությունները, օրինակ, անձամբ ինձ մոտ ոչ թե վախի ազդեցություն են ունենում, այլ, ընդհակառակը, հակակրանք են առաջացնում: Ես հակակրանք եմ զգում նման ելույթների ու նման քարոզարշավի նկատմամբ, ու ըստ այդմ ես, օրինակ, կյանքում երբեք ձայն չեմ տա նման քարոզարշավ անցկացնող մարդուն կամ քաղաքական ուժին: Իհարկե, կարող էր ազդել դա մարդկանց վրա, պարզապես չեմ կարող ասել՝ դա վախեցնո՞ղ ազդեցություն է թողել, թե՞, ընդհակառակը, սկսել են համակրել, որովհետև իրենց արժեհամակարգին հարիր  բառապաշար է, և միգուցե ինքը հենց էդպիսի քարոզարշավ էլ ակնկալում է ու ասում է՝ վայ, էս ինչ դուխով մարդ է, ես ձայնս սրան եմ տալու… Կամ էլ հակառակը, մարդը պիտի ասեր՝ էս ո՞վ են էս վայրենիները, ո՞նց կարելի է սրանց երկրի ղեկը վստահել: Դա կոնկրետ յուրաքանչյուր անհատի մասով պետք է պարզել, հարցնել՝ ինչպիսի՞ հետևանքներ է մարդը զգացել իր վրա: Ինչպե՞ս են մարդիկ ընկալել, ինչպե՞ս են գնահատել այդ քարոզարշավը: Կոնկրետ իմ դեպքում՝ հակակրանք է առաջացրել, ես կյանքում իմ ձայնը չեմ վստահի մի մարդու կամ մի քաղաքական ուժի, որը նման վայրենի քարոզարշավ է անցկացնում, որովհետև ես գիտեմ, որ, եթե մարդն ընդունակ է նման բանի, ապա նույն ձևով էլ ինքն իր աշխատանքին է վերաբերվելու: Նույն ոճով իր աշխատանքն է կատարելու, և ես չեմ ցանկանա, որպեսզի իմ պետությունն այդպես կառավարվի»,- ասել է իրավագիտության դոկտորը:

Ի դեպ, ըստ Գոռ Հովհաննիսյանի՝ իրավական կրթությունը մեր երկրում աղետալի վիճակում է, և օր առաջ պետք է լրջագույն քայլեր ձեռնարկել: Ընդ որում, նրա համոզմամբ, ծանր վիճակում է նաև մայրենի լեզվի իմացությունն ուսանողների մոտ, այն դեպքում, երբ՝ «Առանց սեփական մայրենի լեզուն հրաշալի տիրապետելու՝ լավ իրավաբան հնարավոր չէ լինել, որովհետև իրավունքը դա լեզու է, իրավունքը արտահայտվում, դրսևորվում է լեզվի միջոցով: Լեզու չիմացողը չի կարող լինել լավ իրավաբան»:

Տեսանյութեր

Լրահոս