Ռուս զինվորականների վայրագություններն ու թալանն Էջմիածնում
Թերթելով պատմության էջերը՝ նկատում ենք, որ տարբեր ժամանակներում Էջմիածինը կամ Վաղարշապատը կանգնած է եղել բազմաթիվ խնդիրների առաջ։ Հատկանշական է, որ այդ խնդիրների մեծ մասը ծագեցին հենց 20-րդ դարասկզբին, որն առաջին հերթին պայմանավորված էր Առաջին համաշխարհային պատերազմով, Հայոց ցեղասպանությամբ, մայիսյան վճռորոշ և կարևոր ճակատամարտերով։
Այս ամենի հետ մեկտեղ՝ Էջմիածինը կանգնած էր նաև ցարական Ռուսաստանի ճնշումների առաջ։ Մասնավորապես, 1903 թվականին ցարական հրովարտակով Հայոց եկեղեցին զրկվեց իր կալվածքներից, և այդ կալվածքները պետք է վերցվեին արքունիքի կողմից։ Այդ ժամանակ ոտքի է կանգնում Էջմիածնի հայությունը, և ցարական որոշման դեմ տեղի են ունենում բողոքի ցույցեր։ Այդ ամենի հետևանքով մեծ վնասներ է կրում Մայր տաճարը։ Նմանատիպ իրավիճակի առաջ Էջմիածինը կանգնեց նաև 1917 թվականի գարնանը։
Այդ ժամանակ Էջմիածնում դեռ մնում էին ռուսական գնդի զինվորականները, ովքեր օգտվելով իրենց համար ստեղծված բարենպաստ պայմաններից, որոշում են հարձակվել վանքի, կալվածքների, գաղթականների վրա և իրականացնել մեծ թալան։
«Մարտի 7-ի գիշերը, Վաղարշապատ ձմերոց եկան XXX գնդի զինուորների մի մասը, հարբած դրութեան, անկարգութիւններ սկսելով յարձակուեցան Մ. Աթոռի մեծ դարպասի առաջ գտնուող ս. Էջմիածնի սեփականութիւն կազմող խանութների վերայ և սկսեցին կողոպտել անխնայ խանութների մէջ եղած ապրանքները, որ պատկանում էին Վաղարշապատի վաճառականներին և գաղթականներին` դուրս թափելով, ավարի ու թալանի ենթարկեցին, իսկ յետոյ աւելի ևս տարուելով իրենց վայրի հակումներով հրդեհեցին թէ հին, մեծ խանութները և թէ նոր շինածները։
Հրդեհն սկսուեցաւ գիշերուայ ժամը 12-ին և ամբողջ գիշեր կրակի ու բոցերի մատնուած ապրանքին ու խանութներին ոչ ոք չէր համարձակւում մօտենալ, ո՛չ խանութպանները, ո՛չ ապրանքի տերերը և ո՛չ զինուորական վարչութեան պետերը, սրանք անզօր էին գտնում իրենց միջամտել սանձարձակ զինւորներին։ Հրացանաձգութիւնն անընդհատ, աղաղակն ու հարբած զինուորների ձայները թագավորում էին։ Հրդեհի բոցավառ լույսը երկինք բռնած, բոսոր էր ձգել Մ. Տաճարի աւագ գմբեթի և նորա խաչի վերայ, որ դարեր շարունակ այդպիսի տեսարանի ականատես չէին եղած։ Միաբանական ուխտը, լքուած ու ահաբեկ շրջում էր Մ. Տաճարի շուրջը, անզօր որևէ միջոց ձեռք առնելու այդ վայրի զգացումները զսպելու համար։
Հրդեհը տևեց մինչև առաւօտ և ծագող արևը վկայ եղաւ այն անարի գործին, որ գործուել էր։ Վնասների քանակը հասնում է մի քանի հարիւր հազար րուբլու, թէ Մայրավանքին և թէ գիւղացիներին ու գաղթականներին»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 103 )։
Հետաքրքրական է, որ մարտի 7-ին տեղի ունեցած իրադարձություններն անմասն չեն մնում և իրենց մեծ անդրադարձն են գտնում ժամանակի մամուլում։ Հենց Էջմիածնին պատկանող «Արարատ» ամսագիրը դեպքերին հաջորդող ամսին լույս տեսած համարում մանրամասն պատմում է տեղի ունեցած վայրագությունների մասին։ Ամսագրում մանրամասն ներկայացվում է նաև, թե ի՞նչ դեպքեր են հաջորդել մարտի 7-ին, և ի վերջո ի՞նչ հանգուցալուծում ստացան այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունները։
«Մարտի 8-ին Երևանից եկաւ նահանգապետը, գիշերը կատարուած իրողութեան ծանօթանալու և միջոցներ ձեռք առնելու այն մղձաւանջի և ծանր հոգեկան վիճակը փարատելու համար, որի մէջ էր Մ. Աթոռը, Հոգևոր Ճեմարանը, Վաղարշապատը և այլ հաստատությունները, որոնց բոլորի վերայ դեռևս ծանրացած էր վերահաս սպառնալիքը։
******
Նահանգապետը ներկայանալով Ն. Սրբութեան ցաւ յայտնեց պատահած տխուր իրողութեան համար և խոստացաւ բոլոր հնարաւոր միջոցները ձեռք առնել խաղաղութիւնն ու կարգը վերականգնելու համար։
******
Նոյն օրը մեկնեց Իգդիր, այդ շրջանի զօրքի գլխաւորի հետ խորհրդակցելու և անկարգութիւնները վերացնելու համար։
******
Նոյն օրը, ուշ գիշերին Վաղարշապատ ժամանեց Իգդիրից XXX գնդի կոզակների մի վաշտ, որպէսզի կարգը վերականգնելու հսկողութիւն ունենայ։
******
Մարտի 9-ին Վաղարշապատում ձմերող զինուորները զինուորական Իշխանութեան կարգադրութեամբ հեռացան, որով և վերջացաւ այն ծանր տագնապի օրերն ու հոգեկան տանջանքները, որի մէջ էր ազգաբնակութիւնը»։ (Էջմիածնի «Արարատ» ամսագիր։ 1917 թվական, ապրիլ–մայիս ամիսների համար, էջ 302-303)։
Կարդալով պատմական այս փաստերը ու մանրամասն քննելով տեղի ունեցող իրադարձությունները, խելացի մարդիկ կարող են անել միայն մեկ հետևություն. Որ դարեր շարունակ Հայոց հնագույն, զարգացած քաղաքները թալանի են ենթարկվել տարբեր ազգերի, պետությունների, ժողովուրդների կողմից, և կարդալով պատմական այս փաստերը, տեսնելով մեր ներկան, պետք է միայն աշխատել ու վստահ լինել, որ միայն մենք կարող ենք կերտել ուժեղ պետություն։ Մեր միակ հույսը մենք ենք, մեր ազգն ու բանակը, մեր միտքն ու մշակույթը։ Օտարն այստեղ անելիք չունի։ Նա ունի միայն իր սեփական շահը։ Հակառակ դեպքում պատմությունը կկրկնվի։ Այն արդեն իսկ կրկնվում է։
Զ. Շուշեցի