Թուրքիան իր տնտեսական ազդեցությունը Սյունիքում վերածելու է քաղաքական վերահսկողության. Տիգրան Աբրահամյան

Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ ամերիկյան հետաքրքրությունը շարունակում է մեծանալ. այդ հետաքրքրությունների մասին է վկայում նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի առաջարկը՝ 100 տարով Սյունիքի մարզով անցնող ճանապարհը վարձակալելու մասին։

«Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է՝ վիճում են 32 կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32 կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից»,- ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է դիվանագետը։

Բարաքի այս առաջարկին հետևեց Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանի արձագանքը.

«ՀՀն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որևէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։

Կարդացեք նաև

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Սյունիքի շուրջ զարգացումներին, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց՝ արդեն սովորական է դարձել, որ ՀՀ իշխանությունն անում է հայտարարություն, հետո կյանքում ականատես ենք լինում ճիշտ հակառակին։

«Իմ տպավորությամբ՝ ՀՀ իշխանությունը կոմունիկացիաների մասով ունի մեկ խնդիր՝ թույլ չտալ, որ դրանց վերահսկողությունն անցնի ռուսներին։ Չեմ բացառում, որ այդ վերահսկողությունը տան մասնավոր այնպիսի կազմակերպության, որի հետևում կանգնած կլինի արևմտյան պետություն։ Այս զարգացման արդյունքում ստանալու ենք միջանցք։ Գնում է գործընթաց, և Հայաստանի ներքաղաքական կոնտեքտը հենց այդ դրանցով է պայմանավորված»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ պետության տարածքը մասնավոր կազմակերպությանը արտապատվիրակելով ՀՀ իշխանությունը քողարկում է միջանցք տրամադրելու քայլը։

«Այդ եղանակով նաև այս փուլում Ռուսաստանին մեկուսացնելու խնդիրն է դրված»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ միջանցք տալուց հետո Սյունիքում ականատես կլինենք լրիվ նոր իրավիճակի։

«Թուրքական կապիտալի ներդրումներ կլինեն Սյունիքում, աշխատատեղեր բացվեն, իշխանությունը դա կծախի քաղաքացիների վրա, իսկ Թուրքիան և Ադրբեջանը փողի այդ ազդեցությունը կվերածեն Սյունիքի նկատմամբ վերահսկողության։ ՀՀ իշխանությունն անում է ամեն բան թուրքերի ներկայությունը մեր երկրում սովորական դարձնելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս