
Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 07:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Մինաս Վ.-ն, իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով, որը շահագործվում է հեղուկ գազ տեղափոխելու համար, Երևան-Սևան ավտոճանապարհի 76 կմ հատվածում՝ Սևանի թունելի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել և հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ բախվելով երկաթե արգելապատնեշին:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում: