Ադրբեջանը և Թուրքիան իրականացրեցին 2016-ին Փաշինյանի «հուշած» սցենարը. հիշելով ընդդիմադիր Նիկոլին

2020թ. տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում, ինչո՞ւ չէ՝ մինչև այսօր, Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են այն սցենարը, որն ունեցել են դեռևս 2016-ին, սակայն որևէ կերպ չեն կարողացել իրականացնել: Իսկ թե գործողությունների ի՞նչ ծրագիր է եղել մշակված թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, դրա մասին մանրամասն դեռևս 2016-ի ապրիլի 8-ին հենց ֆեյսբուքյան իր էջում խոսել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

«Համադրելով վերջին շրջանի փակ և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, կարելի է հետևալ վարկածն առաջ քաշել, թե ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ:

Իսկ վարկածը կարելի է նկարագրել հետևյալ կետերով.

ա) Ադրբեջանական զորքը բլից-կրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք:

բ) Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար, առաջին հերթին իր ռազմավարական դաշնակցից:

գ) Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարվաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը (Կուբաթլու- Մ.Պ), Աղդամը):

դ) Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ՝ Կարսի, Բաթումի, Ալեքսանդրապոլի պայմանագիր:

ե) Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ և նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որևէ ռեսուրս չէր ունենա:

– Եթե այս վարկածն իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային և պայմանագրային ծառայողները իրենց կյանքի և հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը կամ ԼՂՀ-ն, այլև՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը:

– Եթե այս վարկածը իրական է, հայ-ռուսական հարաբերությունները ամբողջական և խորքային վերագնահատման և վերանայման կարիք ունեն:

Ամեն դեպքում, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ՝ դրանք գործնականում հնարավոր է փարատել:

Հ.Գ. Նշված սցենարին, իհարկե, դեմ չէր լինի Թուրքիան, ինչպես ժամանակին դեմ չեղավ, որ Ադրբեջանն ընդգրկվի ԽՍՀՄ կազմում: Նրա համար ավելի կարևոր է, որ Հայաստանը լինի ընդամենը մանրադրամ-պետություն, որին ցանկացած պահի հնարավոր կլինի «մանրել» աշխարհաքաղաքական առևտրում: Ակնհայտ է նաև, որ, այսպես կոչված, հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմը հակահարձակում էր նախապատրաստում, և Իլհամ Ալիևը հրադադարի համար շտապեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: Հայկական կողմից հրադադարի կապակցությամբ որևէ շնորհակալության խոսք չի հնչել:

Հ.Գ.–1. Երկրորդ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից և համահեղինակ: Այս պարագան, սակայն, պիտի նշանակի, որ գործ ունենք աշխարհաքաղաքական մեծ բարտերի հետ, որը ներառում է նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:

Հ.Գ.–2 Երրորդ, եթե այս վարկածը իրական է, այն կասեցվել, բայց չի չեղարկվել: Այս սցենարը հնարավոր է չեղարկել միայն 10 միլիոն հայի համատեղ ջանքով: Ուրիշ ոչ մի կերպ»,- ֆեյսբուքյան իր էջում 2016-ի ապրիլին գրել էր Փաշինյանը:

 Ի՞նչ էր կատարվել 2016-ի ապրիլին

2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:

Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը.

– թռիչքային քարտեզներ

– օդաչուի պլանշետը

– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը

– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը

– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան

– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց

– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով

– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս

– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր:

– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով

Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:

Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:

Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:

Ադրբեջանի մարդկային կորուստների թիվը, տարբեր հաշվարկներով, առնվազն 1000 էր: Բացի այս, ադրբեջանական բանակը կորցրել էր 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), ունեցել 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:

Ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:

Հարկ է նշել, որ կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանն ինքն էր ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

Սրան «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:

Ի՞նչ ունեցանք վերջին՝ 44-օրյա պատերազմի արդյունքում, կամ՝ որքանո՞վ իրագործվեց «ադրբեջանափաշինյանական» սցենարը

Ադրբեջանը կարողացավ խորանալ ԼՂՀ տարածք:

– Հայկական կողմը դեռ պատերազմի ընթացքում, ըստ էության, օգնություն խնդրեց ՌԴ-ից:

– Ռազմավարական դաշնակիցը, ըստ էության, նախ դեսանտով խաղաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեց տարածքում, այնուհետ խաղաղապահներ: Եվ սրան հանգեցրեց Քելբաջարի (Քարվաճառի), Ֆիզուլիի (Վարանդայի), Զանգելանի (Կովսականի), Կուբաթլույի (Որոտան, Սանասարավան), Աղդամի (Ակնայի) գրավումը, կամ դրանց առանց մարտի Ադրբեջանին հանձնումը:

– Նիկոլ Փաշինյանը բանավոր պայմանավորվածություններից հետո պատրաստվում է կնքել ՀՀ-ի համար ստորացուցիչ պայմանագիր:

– Ռուսաստանն այսօր ամեն կերպ փորձում է Ադրբեջանին դարձնել ԵԱՏՄ անդամ, ՀԱՊԿ-ում շնորհել դիտորդի կարգավիճակ, որին Հայաստանը դիմադրելու ռեսուրս չունի և չափազանց մեծ կախվածության մեջ է ՌԴ-ից, Ադրբեջանից և Թուրքիայից, կամ՝ նրանց «բարի» կամքից:

Իսկ թե ինչ ձևով է աջակցել Փաշինյանը ՌԴ-ին՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, թերևս, վերը թվարկածից հետո և այսօր ստեղծված իրավիճակից հետո մեծ ջանքեր պետք չի կռահելու համար: Գուցե կա նաև, այսպես ասած, չերևացող աջակցություն, որի մասին չգիտենք և մի օր ջրի երես դուրս կգա: Մի բան հստակ է՝ Փաշինյանը օգնեց, որ ՌԴ-ն ընդլայնի իր ներկայությունը մեր տարածաշրջանում, միաժամանակ, Փաշինյանը այդ առումով օգնեց նաև Թուրքիային: Սրանով նոր մարտահրավերներ ստեղծելով ՀՀ-ի համար, քանի որ ստեղծվեց նոր պլացդարմ, կամ առևտրի հարթակ, հնարավորություն ՌԴ-Արևմուտք, ՌԴ-Թուրքիա շահերի բախումների համար, և ՀՀ-ն որպես «մանրադրամ»՝ բաժանվելու է հիմնական խաղացողների միջև՝ մեր ինքնիշխանության կորստի հաշվին:

Իր հետգրության մեջ Փաշինյանը գրել էր, որ «ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից և համահեղինակ», ինչը ևս այսօր կա, և միայն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցի առաջ քաշումից հետո նրանք ակտիվացան և սկսեցին իրենց աջակցությունը և օգնությունն առաջարկել ՀՀ-ին, ինչը գալիս է հաստատելու որոշ փորձագետների, նախկին զինվորականների այն վարկածը, որ ՀՀ սահմանային լարումները արևմտյան համատեղ սցենարի բաղադրիչ է, որի մեջ կարող է հետաքրքրություն ունենալ նաև ՌԴ-ն՝ լինելով մրցակից:

Ի դեպ, վերադառնալով ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ-ի, հայ-ռուսական հարաբերությունների մասով ունեցած վերաբերմունքին, նախկինների հասցեին հնչեցրած հայտարարություններին, հիշեցնենք դարձյալ 2016-ին ԱԺ-ում արած հայտարարությունը, երբ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը։ 

«Այո՛, այստեղ խոսվեց չորսօրյա պատերազմի մասին, պետք է արձանագրել, որ հայ հանրության շրջանում, սոցցանցերում, քաղաքական շրջանակներում կա որոշակի կարծիք և վարկած, որ չորսօրյա պատերազմը Ադրբեջանը համաձայնեցրել է Ռուսաստանի հետ։

Ինչո՞վ է հիմնավորվում այս տեսակետը։ Այստեղ կա վերլուծություն, այստեղ կան փաստեր։ Վերլուծությունը հետևյալն է, որ 2008 թվականին Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ձեռնարկած միջոցառումներից հետո, որը ստացավ ձեզ հայտնի արձագանքը Ռուսաստանի կողմից, որևէ մեկն այդ տարածաշրջանում չէր կարող այդպիսի ռիսկի գնալ, մարտական գործողություններ ձեռնարկել, եթե երաշխիք չունենար, որ Ռուսաստանն առնվազն պահպանելու է չեզոքություն, առավել ևս այն պարագայում, երբ Ադրբեջանը հարձակվում էր, ըստ էության, ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը հանդիսացող սուբյեկտի վրա։ Այսինքն՝ ի՞նչ, Ադրբեջանն այս կոնտեքստում առյուծի սի՞րտ էր կերել։ Իհարկե, ոչ։ Սա վերլուծություն է, բայց կան նաև փաստեր։

Փաստ առաջին՝ եթե համարենք, որ Ադրբեջանն առյուծի սիրտ էր կերել ու հարձակվել, դրանից հետո Ռուսաստանն առնվազն պետք է հայտարարեր, որ սառեցնում է Ադրբեջանին զենքի վաճառքը, մինչև հանգամանքները մանրամասնորեն պարզվեր։ Բայց հենց չորսօրյա պատերազմի օրերին Ռուսաստանը հայտարարեց, որ շարունակելու է զենքի վաճառքը Ադրբեջանին։ Սրան հակառակ, Հայաստանն ամենավճռական և իրեն անհրաժեշտ պահին չունեցավ ու մինչ օրս էլ չունի այն զենք-զինամթերքը, որը Ռուսաստանը Հայաստանին պետք է մատակարարեր նախորդ տարի, ուղիղ մեկ տարի առաջ վավերացված 200 մլն դոլարի մատակարարման պայմանագրով։ Եվ այս կոնտեքստում գալ, այստեղ ասել՝ Ռուսաստանին շնորհակալություն հայտնենք… Այնքան շնորհակալություն ենք հայտնել վերջին 200 տարվա ընթացքում, երևի մի քիչ դոզան անցել է, եկեք մի քիչ շնորհակալությունները ֆիքսենք, արձանագրենք, մի հատ էլ մտածենք՝ ի՞նչ ա կատարվում։

Եվ այս համատեքստում, այնտեղ շատ պարզ հարց են տալիս, ասում են՝ հիմա հայկական հրամանատարությունը կարող է օգտագործել ՀՀում գտնվող ռուսական զենքն ու օդուժը։ Ասում են՝ հա՛, հլա էլի մի հատ էլ աչքով, ունքով ասում են՝ հա՛, պարտավոր ա Ռուսաստանին ենթարկվի։

Էդ դուք լուրջ է՞ս իրավիճակով եք ընկալում աշխարհաքաղաքական իրավիճակում, ռազմաքաղաքական իրավիճակում։ Եթե էս մակարդակով է ընկալվում, ուրեմն, կներեք, ընդհանրապես մեր պաշտպանական համակարգի կոմպետենտության հարցը պետք է լինի։ Դուք ՀՀ-ում ռուսական էդ ինքնաթիռները նույնիսկ գետնի վրա մի մետր չեք կարող տեղաշարժել, դուք հիմա եկել եք, ասում եք՝ ձեր հրամանատարության ներքո ռուսական օդուժն օդ է բարձրանալու, թան էլ չէ, փրթած մածուն ձեզ: Մի հատ էլ ասում են՝ բա ըտենց գրած ա։ Բա, զենքի մատակարարման համաձայնագրում էլ էր գրած։ Գրված էր, որ զենք-զինամթերքը պետք է մատակարարվի, տեսնում ենք՝ ոնց է մատակարարվում։ Մի հատ էլ ասում ա, պաշտպանության փոխնախարարն ասում ա՝ 80 տոկոսով իրականացվել է պայմանագիրը։ Ասում ենք՝ ո՞նց ա իրականացվել, ասում ա՝ պայմանագրերը կնքվել են 80 տոկոսով։

Խնդրում եմ չմիջամտել, էդ էր պակաս, որ կառավարության ներկայացուցիչը տեղից միջամտի։

Մեկ էլ ասում են՝ բա գիտե՞ք, Ռուսաստանը տիեզերական հետախուզության տվյալները փաթաթելու է, տա Հայաստանին։ Հըլա լսե՛ք, էդ լո՞ւրջ եք խոսում։ Չորսօրյա պատերազմի ընթացքում, որ մենք մեր հետախուզությանն էդքան պրետենզիա էինք ներկայացնում։ Բոլորն էլ ասում են, որ հետախուզությունն ամեն օր զեկուցել է, որ խնդիր կա, հարձակման վտանգ կա և այլն։

Բա ինչի՞ ա ըտենց եղել, որովհետև հայկական հետախուզության և անվտանգության կոմպոնենտում եղել է նաև ռազմավարական գործընկերոջ կողմից հետախուզական տվյալների հաղորդումը, որ ռազմավարական գործընկերը մեզ հետախուզական տվյալ պետք է հաղորդի՝ Ադրբեջանն այդ օրը հարձակվո՞ւմ է, թե՞ չի հարձակվում, և 30-40 օր նույն պրոցեսը շարունակվել է՝ մեր հետախուզությունը տվել ա հարձակման վտանգ, ռուսական ռազմավարական հետախուզությունը տվել ա, որ չի լինելու հարձակում, «ատբոյ» ա տվել։

Նույնը տեղի է ունեցել նաև ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը։ Սա ի՞նչ կապ ունի այդ համաձայնագրի հետ, որովհետև այստեղ էլ ա գրված, որ մեզ պետք ա հետախուզական տվյալներ հաղորդեր։ Այո՛, կհաղորդեն այն ժամանակ, երբ իրենց պետք ա, երբ իրենց պետք չի՝ չեն հաղորդի։

Այստեղ մի հատ հարց ա ծագում՝ այս ամենով հանձերձ ի՞նչ ենք կորցնում։ Կորցնում ենք շատ կարևոր մի բան՝ մենք ստեղծում ենք բուտաֆորիկ անվտանգության համակարգ, բուտաֆորիա ենք ստեղծում։ Ասում ենք՝ ինչի՞ կործանիչ ավիացիա չունի ՀՀ-ն։ Ասում են՝ դե հնարավորությունների հարց ա։

Պարոնայք, ձեր գործի անունն այդ հնարավորությունները ստեղծելն էր։ Եթե դուք այսօր մեզ կործանիչ ավիացիայի փոխարեն բերել եք 5 տոննա մակուլատուրա, այս դահլիճում վավերացրել, ձեր կոմպետենտության խնդիրը կա ընդհանրապես։

Մենք ի՞նչ ենք ասում, այստեղ, ընդ որում, շատ կարևոր է հասկանալ Ռուսաստանի դիրքն ու դիրքորոշումը։ Մենք սիրում ենք ամեն ինչ դիտարկել՝ մեծ եղբայր, փոքր եղբայր, քրիստոնյա։ Գերտերություն ա Ռուսաստանը, որն ունի իր շահերը։ Այստեղ պետք չէ էմոցիոնալ բաներ ասել՝ վայ, ռուսները ըսենց, վայ, ռուսներն ընենց։ Ռուսաստանը գերտերություն ա և ունի իր շահերը, և այդ շահերը տեղ-տեղ կարող են համընկնել Հայաստանի շահերի հետ, տեղ-տեղ կարող են չհամընկնել Հայաստանի շահերի հետ։

Այնտեղ, որտեղ համընկնում է, ասում ենք՝ վայ, մեր հարազատ ախպերն ա, որտեղ չի համընկնում՝ ասում ենք՝ վայ, մեր թշնամին ա։ Ո՛չ թշնամի ա, ո՛չ բարեկամն ա, ինքն ունի իր շահերը։ Պրոբլեմը մեր մեջ ա, որ մենք մեր էլիտայի ներքին փոքրությունը, անընդհատ այդ մեծ եղբոր ձգտումը կա, որ իրենց պետք է ինչոր մի հատ պաշտպանություն։

Այո՛, հասկանալի ա, որ պետք է պաշտպանություն, բայց պետք է, ի վերջո, մտածենք, որ այդ պաշտպանությունը մենք ինքներս պետք է ստեղծենք։

Երբ հարցը եկավ ադրբեջանական ինքնաթիռներին, պաշտպանության փոխնախարարը սկսեց չհասկանալ հարցը։ Ի՞նչ կա չհասկանալու։ Այս համաձայնագրում սևով սպիտակի վրա գրված է, որ կարող են խոցել ընդհանուր պլանավորման շրջանակում և այլն, և այլն, նշված թիրախները։ Պա՞րզ չի, որ այդ… Արդեն հիմա, այսօր այդ պայմանն ու նախապայմանը կա, որ այս պայմանագրի շրջանակներում չի կարող խոցվել որևէ ադրբեջանական ինքնաթիռ, որովհետև հիմա ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ ակտիվ ձևով զարգանում և ծավալվում են։ Հենց որ պաշտպանության փոխնախարարը պետք է դա ասեր, էն ո՞վ էր ասում, որ Բաքուն էլ ա դեմ, Բաքվում էլ են դեմ արտահայտվում։ Ինչի՞ համար են դեմ արտահայտվում։

Այս համաձայնագրով որևէ կերպ այդ ձեր ասածը, թեկուզ տեսականորեն, չի կարող խոցվել որևէ ադրբեջանական կողմից մեր օդային տարածքի խախտման դեպքում։ Եվ սա պետք է այսօր շատ պարզ խոստովանել։ Եվ այստեղ, այս պայմանագրում, եթե Ռուսաստանը շահագրգռված ա, շահագրգռված ա ընդամենը աշխարհաքաղաքական խաղերի կոնտեքստում, աշխարհաքաղաքական բախումների կոնտեքստում, որտեղ Հայաստանը, ցավոք սրտի, ձեր չստեղծած հնարավորությունների բերումով, ընդհանրապես սուբյեկտ չի։

Եվ մենք շատ կարևոր ենք համարում մտածողության առումով, ի վերջո։ Այստեղ հարցը մտածողության մեջ ա։ Մենք պետք է հասկանանք. բա գիտե՞ք ռուսական բազայում ի՞նչ զենքեր կան, Ռուսաստանն ի՞նչ զենքեր ունի Հայաստանում։ Է՛, մեզ ի՞նչ, ինչ զենքեր ունի։ Փաստն այն է՝ մենք չունենք կործանիչ ավիացիա, և այս պայմանագրերը… Ամենամեծ բացասական ծառայությունը հետևյալն է՝ նրանք անվտանգության բուտաֆորիա են ստեղծում և մեր օրակարգի մեջ այդ սուր հարցը, որ մենք պետք է ունենանք ինքնուրույն, ինքնիշխան հակաօդային պաշտպանության համակարգ, այդ սրությունը բթանում ա ուղղակի։ Եվ այս իշխանությունն ասում ա՝ էս հնարավորությունների հարց ա, հնարավորություն չկա։ Դո՛ւք պետք է ստեղծեիք այդ հնարավորությունը։ Եթե չեք ստեղծել, ուրեմն դուք հակահայկական, հակապետական իշխանություն եք»,- հայտարարել է նույն ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքիր է՝ ի՞նչ է փոխվել և ինչի՞ արդյունքում է դա փոխվել, որ այսօր Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ այնտեղ, որտեղ կանգնած են ՀՀ զինված ուժերը, պետք է նրանց փոխարինեն ռուս խաղաղապահները, օրինակ, Սոթք-Խոզնավար հատվածում, չի բացառվում, որ, այսպես ասած, աշխարհագրությունն ընդլայնվի, և ռուսների «ձեռքը» հասնի Տավուշին, հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան թեմին: Մի՞թե հիմա ռուսները դարձել են «մայր Թերեզա» և միայն հանուն ՀՀ-ի «սիրուն աչքերի» համար են անում և իրենց շահը չեն հետապնդում: Բնականաբար, ոչ, այստեղից հարց՝ այդ ինչպե՞ս եղավ, որ ռուսի շահը ՌԴ-ին պատերազմի հրահրիչ համարած Փաշինյանի համար դարձավ ընկալելի և ընդունելի՝ ՀՀ-ի ինքնիշխանության հաշվին: Այդ ինչպե՞ս եղավ, որ բուտաֆորիկ անվտանգության համակարգից բողոքող գերագույնը այս միտքը դարձրել է նախընտրական գերնպատակ և համոզում է աջ և ձախ, որ սրան այլընտրանք չկա, որ այս դեպքում, բնավ, ինքնիշխանություն չենք կորցնում: Այդ ինչպե՞ս է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը կամ «ՀԺ»-ի խմբագիր Աննա Հակոբյանը, երբեմնի հակառուսական պայքարի առաջամարտիկ, իսկ այսօր Փաշինյանի հետ ձեռքսեղմման վազողները չեն հաշվում ՌԴ-ին և Պուտինին ասված երկրի ղեկավարի շնորհակալությունները, դա չի անում նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը:

Լավ կլինի, որ ընդդիմադիր և «ՀԺ»-ի խմբագիր զույգերը երբեմն փաշինյանական վերընթերցումներ կազմակերպեն և իրենք իրենց հարց տան՝ ո՞ւր է կորել ընդդիմադիր Փաշինյանը…

Հ.Գ. Սա, բնավ, հակառուսականության կոչ չէ, պարզապես աբսուրդ է, երբ իրականում չեղած բուտաֆորիկ անվտանգային համակարգը քարկոծվում էր, իսկ հետո այն քարկոծողը սա դարձնում է իրականություն և համարում փրկօղակ, ավելին, անվտանգությունն ամրապնդող գործոն:

Տեսանյութեր

Լրահոս