«Հավանաբար իշխանության թեկնածուները չեն համապատասխանում դոկտոր, պրոֆեսոր լինելու չափանիշին, և դրա համար փոխվում է պահանջը». փորձագետ
Ինչպես օրեր առաջ հայտնել էր 168.am-ը, ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները և այժմ գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ տարբեր բուհերում ռեկտորի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է դոկտորի կամ պրոֆեսորի գիտական կոչումը փոխարինել ընդամենը գիտական աստիճանի առկայությամբ ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժով:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նախագծին «նորմալ չէ» բնորոշումը տվեց: Փորձագետի կարծիքով՝ այս փոփոխությունը հավանաբար արվում է իշխանության թեկնածուներին ռեկտորների պաշտոններում նշանակելու համար:
«Այստեղ ի՞նչ է տեղի ունենում: Հավանաբար իշխանության թեկնածուները չեն համապատասխանում դոկտոր, պրոֆեսոր լինելու չափանիշին, և դրա համար փոխվում է պահանջը, այսինքն՝ իջեցվում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ուղեցող և 5 տարվա ստաժին: Երկուսն էլ անընդունելի են: Նույնիսկ դպրոցի տնօրեն դառնալու համար, սովորական դպրոցի տնօրեն, պահանջվում է 7 տարի: Մարդ պետք է 7 տարվա ստաժ ունենա, որ կարողանա դպրոցի տնօրեն դառնալ: Բուհի ռեկտորը՝ 5 տարվա ստաժ ունեցողը, որքանո՞վ է ճիշտ, երբ բուհը, իմ կարծիքով, ամենադժվար ինստիտուտն է: Այսինքն՝ շատ հաճախ ավելի հեշտ է երկիր ղեկավարել, քան համալսարան, որովհետև համալսարանի բոլոր աշխատողները ստատուսներ ունեն, ակադեմիկոսներ են, դոկտորներ և իրենց կառավարելը այդքան հեշտ չի: Ինչպե՞ս է ստացվում, որ դպրոց կառավարելու համար 7 տարվա ստաժ է պետք, իսկ համալսարան կառավարելու համար՝ 5 տարվա:
Պարզ է: Հավանաբար այն մարդիկ, ովքեր ուզում են դառնալ ռեկտոր, գործող չափանիշներին չեն համապատասխանում, իսկ Հայաստանում ընդունված է, չէ՞, որ ամեն ինչ հարմարեցվում է մարդուն, ոչ թե մարդն է հարմարվում օրենքներին»,- ասաց Սերոբ Խաչատրյանը, շեշտելով, որ դա Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն է:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորումներում՝ ԿԳՄՍՆ-ն ակնկալում է, որ այս որոշման նախագիծը հնարավորություն կտա համալսարանների կառավարման խորհուրդներին «ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը»:
Սերոբ Խաչատրյանի կարծիքով՝ ամեն ինչ վարագույր է, և ինչպես շատ այլ ոլորտներում, այստեղ ևս իշխանությունը կօգտագործի մեծամասնություն ունենալու իր հնարավորությունը՝ անկախ ոլորտի մասնագետների՝ այս նախագծի վերաբերյալ կարծիքին, և նախագիծն օրենքի ուժ կստանա:
«Մենք ասում ենք, բայց եթե կառավարությունը միաձայն քվեարկում է… Դուք տեսաք, պատգամավորների 250 հազարը, մեծ թվով մարդիկ դեմ էին, նույնիսկ ասեցին, բայց մեկ է, քվեարկում են, անցնում է: Այսինքն՝ ասում են մարդիկ՝ ճիշտ չէ և այլն, բայց, ինչպես ասում են, ամեն տեղ մեծամասնություն ունեն և հեշտությամբ անցկացնում են»,- նշեց Խաչատրյանը:
Այնուամենայնիվ, նախագծի շուրջ քննարկում ոլորտային մասնագետների հետ՝ Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակելուց առաջ, ամենայն հավանականությամբ տեղի չի ունեցել: Նախագծին կից փաստաթղթերում նման քննարկման մասին որևէ նշում չկա: Մեր զրուցակից-փորձագետն էլ, օրինակ, նման քննարկման չի հրավիրվել:
«Չէ, նման բան չկա Հայաստանում՝ ինչ-որ քննարկում և այլն: Եթե լինում էլ է, դա ձևական բան է»,- նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ նախագիծն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում տեղադրվել է հուլիսի 8-ին: Մինչև հուլիսի 24-ը քաղաքացիները, շահագրգիռ անձինք կարող են հարթակում թողնել նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները: