Դոկտորի կամ պրոֆեսորի գիտական կոչում ունենալու փոխարեն՝ ռեկտոր նշանակվելու համար անհրաժեշտ կլինի գիտական աստիճան, 5 տարվա ակադեմիական կամ գիտական գործունեության ստաժ. նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը նախաձեռնել է ՀՀ Կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները:

Նախագծի անհրաժեշտությունը հեղինակները պայմանավորել են ռեկտորին ներկայացվող պահանջների նկատմամբ միասնական չափանիշների ամրագրմամբ:

Որպես հիմնավորում՝ հեղինակները հիշատակել են հայաստանյան մի քանի բուհեր, որոնց կանոնադրություններով ամրագրված են ռեկտորին ներկայացվող հստակ պահանջներ, ինչպիսիք են, օրինակ, դոկտորի գիտական աստիճանի կամ պրոֆեսորի կոչումի առկայությունը, և դրանք համեմատության մեջ դրել այն բուհերի հետ, որոնցում ռեկտորներին նման պահանջ չի ներկայացվում:

«Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գորիսի պետական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Երևանի պետական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական,Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանների կանոնադրություններում ամրագրված են ռեկտորին ներկայացվող պահանջներ, ըստ որոնց՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում ունեցող անձը:

Պետական մի քանի բուհերի կանոնադրություններում ռեկտորի ընտրության համար նախատեսված չեն դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման պահանջներ, փոխարենը առկա է ուղղակի գիտական աստիճանի և աշխատանքային ստաժի պահանջ (Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Գավառի պետական համալսարան, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա)»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Եվ որպեսզի ընդհանրացվեն հայաստանյան բոլոր բուհերում առկա պահանջները, ԿԳՄՍՆ-ն առաջարկում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոններում նշանակելու համար գործող կարգավորումները փոխարինել միայն գիտական աստիճանի առկայությամբ և ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժով: Որոշ բուհերում ռեկտոր նշանակվելու համար նախարարությունը սահմանել է նաև «ՀՀ քաղաքացի», «ՀՀ գործունակ չափահաս քաղաքացի» եզրույթները:

Որպես օրինակ՝ ԵՊՀ ռեկտոր կկարողանա նշանակվել «այն անձը, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ»:

Որպես ակնկալվող արդյունք՝ ԿԳՄՍՆ-ն նշել է, թե այդ որոշման նախագիծը հնարավորություն կտա համալսարանների կառավարման խորհուրդներին «ռեկտորների ընտրության հարցում ցուցաբերել ճկունություն՝ նպաստելով բուհի կառավարման արդյունավետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս