«Մենք հեռու չենք նոր լայնածավալ պատերազմից». Կարեն Հովհաննիսյան
«Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել. ինչ կար մայիսի 12-ից սկսած և դրանից հետո տեղի ունեցածը նույնն է մնացել: Այսինքն՝ իրավիճակը մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում և կարծես թե համաձայն չեն այդ հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է գյուղացիների և՛ անասնապահությամբ, և՛ հողագործությամբ զբաղվելուն:
Այսօր Նիկոլ Փաշինյանը և ԵԽ նախագահ Շառլ Միշելը բանակցությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս տվեցին, որի ժամանակ Փաշինյանը հետևյալը հայտարարեց. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտումը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի հատվածում»:
Կարեն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ մայիս ամսից սկսած ադրբեջանական զորքերը մեր տարածքում են. արդյոք ռազմական բախումներ սկսելու Ադրբեջանի մտադրությունները մայիս ամսից ակնհայտ չէի՞ն:
«Դեռևս 2020 թվականի նոյեմբերի 11-ից սկսած պարզ էր, որ դա խաղաղության փաստաթուղթ չէ, այլ պարզապես պատերազմի ակտիվ փուլի դադարի փաստաթուղթ է: Հենց Ալիևը նոյեմբերի 11-ից սկսած հայտարարում է, որ ինքը մնացած հարցերը ևս լուծելու է ռազմական ճանապարհով: 2021թ. մայիսի 12-ից հետո ոչ միայն նրանք գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, այլ նաև զորք են կուտակում ՀՀ սուվերեն տարածքում: Բացի այդ, ոչ խորը թիկունքում ևս պահուստային զորք են կուտակում, որը խոսում է պատերազմի վերսկսման հավանականության մասին»,- ի պատասխան՝ ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ գործող իշխանությունները մտածում են, որ հնարավոր է թուրքերի հետ համակեցության սկզբունքով ապրել. «Կարծում եմ՝ իշխանությունը այնքան է համոզված իր այդ թեզի մեջ, որ իրականությունը այդքան էլ չի կարողանում ճիշտ ընկալել և համակերպվել այդ իրականության հետ: Եվ անընդհատ, երբ թուլանում է լարվածությունը, իսկույն զգում ենք, որ իշխանության և նրանց սպասարկող մեդիադաշտի կողմից գալիս են համակեցության, թուրքասիրության ազդակներ: Բայց երբ լարվածություն է նկատվում սահմանին, կրկին այդ մեդիադաշտից նկատում ենք հիասթափություն, միջազգային կառույցներին մեղադրել, ռազմավարական գործընկերներին մեղադրել, թե չեն օգնում, չեն աջակցում: Ես կարծում եմ, որ իշխանությունը պարզապես հավատում է այն թեզին, որ հնարավոր է Թուրքիայի հետ բարեկամանալ»:
Կարեն Հովհաննիսյանը հավելեց. «Մենք հեռու չենք նոր լայնածավալ պատերազմից: Ես կանխատեսում եմ, որ առաջիկա 2-3 տարում հնարավոր է լայնածավալ պատերազմ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ, դա վերջնական հարցի լուծում չէր, ավելի խճճեց ամեն ինչ, և կարծես թե խաղացող գերտերությունների հաշիվները ևս խճճվեցին, և ինչ-որ բան այն չէ: Թուրքիան այս տարածաշրջանում կարծես թե ոչինչ չուներ անելու, սակայն հայտնվեց: Այսօր Աֆղանստանում տեղի ունեցողը ևս ուղիղ կապ ունի Հայաստանի հետ: Դրա համար, ես կարծում եմ, որ հնարավոր է՝ կրկին լինի որոշակի սահմանների փոփոխություն՝ ռազմական ճանապարհով, և հնարավոր է միայն այդ դեպքում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին աշխարհը պարտադրի խաղաղություն՝ հենց այդ սահմաններով: Թե սահմանները ում օգտին կլինեն կամ ինչպիսին կլինեն, կախված է ուղիղ մեզանից՝ ՀՀ-ից, թե ՀՀ-ն ինչ զարգացածության ճանապարհ կբռնի, ինչպես կպատկերացնի իր բանակը, արդյո՞ք բանակի բարեփոխման անվան տակ կրկին չի քանդվի բանակը, արդյո՞ք կգնանք ճիշտ սպառազինության և ճիշտ կադրային քաղաքականության»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում