«Մարդկանց պարզապես տեռորի են ենթարկում և ինչ-որ ցուցմունքներ են կորզում, սա պետք է դիտարկել քաղաքական երանգների ներքո». Աննա Գրիգորյան

ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատում տեղի ունեցող իրադարձություններին։

«Երեկ դուք բոլորդ տեսաք, թե ինչպես  են ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները զինված, դիմակներով ներխուժում Պղնձամոլիբդենային կոմբինատ։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նրանք ի սկզբանե պետք է գնային Սև լիճ, որովհետև մեր թշնամիներն այնտեղ են, սակայն ճանապարհը խառնել են և պատահմամբ հայտնվել են կոմբինատում։ Մարդկանց պարզապես տեռորի են ենթարկում և ինչ-որ ցուցմունքներ են կորզում, որը, իհարկե, անհասկանալի է, մարդիկ այս պահին ահ ու սարսափով են այնտեղ գտնվում։ Իրականում պետության կողմից նման քայլը կարելի է  որակել՝ որպես հակապետական, քանի որ նման քայլից հետո ո՞ր մի տնտեսվարողը, ո՞ր մի արտաքին ներդրողը կցանկանա ներդրումներ կատարել Հայաստանում, սա պետք է դիտարկել նաև քաղաքական երանգների ներքո»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Ըստ պատգամավորի, այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում մի քանի հարց կար, որոնցից մեկը հանքարդյունաբերության ոլորտին էր վերաբերում, այսինքն՝ ստացվում է, որ ասում են՝ եկեք հանքարդյունաբերությունից փողը վերցնենք ու տանք ժողովրդին։ Սակայն ժողովրդին տալու փոխարեն՝ հաջորդիվ բերում են նախագիծ, որով պատգամավորների օրապահիկը 50 հազարից դարձնում են 250 հազար դրամ։

«Ի վերջո, որ այդ գումարը որ վերցնում են՝ ժողովրդի՞ն է անհրաժեշտ, թե՞ պատգամավորներին։ Ասում են՝ 50 հազար դրամով հնարավոր չէ այս կամ այն ծախսը հոգալ, իսկ թոշակառուն ի վիճակի՞ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանո՞ւմ են իրենց աշխատավարձով ապրել, իհարկե չեն կարողանում։ Այսինքն՝  այն պարագայում, երբ մենք ունենք չկահավորված դիրքեր, բազմաթիվ չլուծված խնդիրներ, այս ֆոնին ի՞նչ է նշանակում՝ մտածել, որ կարելի է ևս 200 հազար դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,- շեշտեց նա։

Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ այս ամենում քաղաքական շարժառիթներ տեսնում է, քանի որ այդ ամենը տեղի է ունենում այժմ։ Ընտրությունների ընթացքում ամենևին էլ չեն թաքցրել, որ նման ենթատեքստերով են առաջ շարժվում:

«Բիզնեսմենը, որն այս պահին նախարար է դարձել, ի՞նչ է կարծում՝ այս ամենը լա՞վ ազդակ է միջազգային ներդրողներին ու հանրությանը, երբ արտաքին ներդրողների կապիտալը պատրաստվում է  ազգայնացնել։ Տեսեք, ինչ է կատարվում՝ մտել են Պղնձամոլիբդենային կոմբինատ և բերման են ենթարկում մարդկանց, ովքեր իրենց քաղաքացիական դիրքորոշումն են արտահայտել «Հայաստան» կամ ընդդիմադիր այլ դաշինքին սատարելու համար։ Նրանք կոմբինատի աշխատակից լինելուց զատ՝ ՀՀ քաղաքացի են և իրավունք ունեն իրենց դիրքորոշումն արտահայտելու։ Սա պետության համար ճիշտ քայլ չէ»,- շեշտեց պատգամավորը։

Աննա Գրիգորյանը նաև ընդգծեց, որ այսօր խորհրդարանում տեսավ, որ իշխանությանը «պողպատե մանդատ» պետք էր, որպեսզի իրենց աշխատավարձերը բարձրացնեն, քանի որ, եթե նման մանդատի ու մուրճի կիրառման անհրաժեշտություն լիներ, ապա դա կարող էին օգտագործել Ալիևի սպառնալից հայտարարությունների դեմ։

Տեսանյութեր

Լրահոս