«Օլավերդի պատանիներից մեծ սպասելիքներ ունենք». Օլավերդում բացվեց Ջավախքի 7-րդ «Արմաթը»
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրը հասավ նաև Ջավախքի Օլավերդ գյուղ: «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) ջանքերով, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) օժանդակությամբ և բարերարների աջակցությամբ Ջավախքում արդեն գործում է 7 «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանի համար հատկանշական է, որ 7-րդ «Արմաթ»-ը բացվում է հեռավոր, գեղատեսիլ Օլավերդ գյուղում, որը բարձրադիր Աբուլի փեշերին է փռված.
«Գյուղի դիրքը, կարգավիճակն ամբողջովին համապատասխանում են «Արմաթ» լաբորատորիա ունենալու պահանջներին: Բացմանը հավաքված մեծ բազմությունը վկայում է այն մասին, որ Օլավերդի պատանիներից մեծ սպասելիքներ ունենք, որպեսզի նրանք տիրապետեն, շատ մոտ լինեն գիտության այսօրվա նվաճումներին, և կարողանանք մեր երիտասարդության մտավոր հարստությունը բարձրացնել, քանի որ աշխարհում դրանով պետք է մենք մեր դիրքերն ամրապնդենք և դրանով մեր ազգային նպատակները կարողանանք բարձր մակարդակով սպասարկել: Ցանկացած հայ պատանի, ցանկացած հայ երիտասարդ մեր ուշադրության կենտրոնում է: Մեր գործունեությունը, բացի «Արմաթ» լաբորատորիաներից, կրթամշակութային լայն ասպեկտ ունի, ինչո՞ւ չէ՝ շուտով կարող ենք նաև տնտեսական ոլորտ անցնել: Այդ իմաստով, կարծում եմ, որ այստեղ մաթեմատիկայի, ծրագրավորման հիմքերն ուսումնասիրող և ռոբոտաշինությամբ զբաղվող երեխաները վաղն իրենց մեծ նպաստը պետք է բերեն Ջավախքի հայապահպանության խնդրին, Վրաստանի տնտեսական ամրացմանը և Վրաստանում արժանապատիվ ձևով Ջավախքը ներկայացնելու պատվավոր գործին»:
ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանի խոսքով՝ մոտ 50 երեխա է հաճախում Օլավերդի նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա:
«Երեխաների մոտ հետաքրքրությունը բավականին մեծ է: Բոլոր տեղերում, այդ թվում նաև՝ Օլավերդում, տեխնոլոգիական կրթություն ստանալ ցանկացող երեխաների թիվը ավելի մեծ է, քան մենք ակնկալում էինք»,- մեզ հետ զրույցում ասաց Սամվել Մկոյանը:
Օլավերդի շրջական գյուղերի երեխաների մոտ նույնպես մեծ ցանկություն կա՝ սովորելու նորաբաց «Արմաթ» ինժեներական լաբորատորիայում, սակայն նրանք ունեն տրանսպորտի խնդիր: Սամվել Մկոյանը նշեց, որ զբաղվում են նաև այդ հարցով:
Ծնունդով Օլավերդից բարերար Գրիգոր Տաշչյանը թեև մոտ 50 տարի Օլավերդում չի ապրում, բայց ինչպես ինքն է նշում՝ օգնել է և միշտ օգնելու է, որպեսզի գյուղը զարգանա: «ՋԱՀ-ի հետ որոշեցինք Օլավերդում բացել «Արմաթ» լաբորատորիա, որպեսզի մեր գյուղի երեխաները ավելի մեծ գիտելիքներ ձեռք բերեն, հույսները չդնեն արտագնա աշխատանքի հեռանկարի վրա և հետագայում աշխատեն իրենց երկրում: Ես շնորհակալ եմ նաև օլավերդցի մյուս բարերարներին, որոնք ինձ հետ համաձայնեցին մասնակցել այս ծրագրին, մենք որոշել ենք, որ սա մեր վերջին նախաձեռնությունը չի լինելու, մենք էլի նախաձեռնություններ ունենք մեր գյուղացիների համար: Գյուղում «Արմաթ» լաբորատորիայի հանդեպ հետաքրքրությունը մեծ է, անգամ ցանկություն ունեն հարևան գյուղերից գալ, ես կողքի գյուղի ղեկավարին խնդրել եմ՝ տրանսպորտի հարց լուծել, որպեսզի այդ երեխաներն էլ գան պարապելու»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգոր Տաշչյանը՝ ընդգծելով, որ Օլավերդի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի խմբավարի մրցույթում 8 մասնակցից ընտրվել է Նելլի Խռոյանը:
Նելլին սիրով է աշխատում երեխաների հետ և հույս ունի, որ նրանք մեծ հաջողություններ կարձանագրեն:
«Երեխաները մեծ սիրով, մեծ հետաքրքրությամբ են հաճախում, հատկապես՝ 10-11 տարեկան երեխաները, իսկ բարձր տարիքի երեխաները գյուղի գործերի պատճառով արդեն բացակայություններ են ունենում: Երեխաները հիմնականում նախընտրում են սովորել խաղեր պատրաստելու ծրագրեր»,- մեզ հետ զրույցում ասաց Նելլին:
Առաջիկայում ՋԱՀ-ի նախաձեռնությամբ նախատեսվում է ևս երկու «Արմաթ» լաբորատորիայի բացում Ախալքալաքի շրջանի Բեժանո և Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղերում: