«Պարոն Սինանյանը երկրորդ անգամ է կրկնում իր ստերը». Զարեհ Սինանյանի նամակը և Հարութ Սասունյանի պատասխանը

Հայ-ռուսական հարաբերությունների մասին թափառիկ սյուժեներից մինչև «Սաշիկի արագաչափեր», վարկերը ներելուց մինչև օլիգարխների դեմ պայքար. շատերս ենք հիշում, որ, երբ օրվա իշխանությունները ստանձնել էին ընդդիմադիրի, ապա նաև՝ հեղափոխականի տենդոտ գործունեությունը, ինչ հեշտությամբ էին ստեղծում միֆեր, կեղծիքներ և պայքարում իրենց իսկ ստեղծած կեղծիքների դեմ:

Ի վերջո, «նախկին» իշխանության բացթողումների վրա տարիներ ի վեր գեներացվող ատելությունը տվեց իր արդյունքները, ու իշխանական աթոռների վրա արդեն մոռացվեցին արագաչափերը հանելու, վարկերը ներելու, ինքնիշխան Հայաստանի մասին ճոխ-ճոխ խոստումները:

Սակայն անգամ իշխանության վրա հեղափոխական մնալ շարունակող այս մարդիկ իներցիայի ուժով կրկին ու կրկին խոսում են անցյալի մասին, ու այդպես էլ չեն կարողանում հաղթահարել անցյալի հետ համեմատվելու իրենց բարդույթը:

«Սաշիկի արագաչափեր»-ի նման մի միֆ էլ շաբաթներ առաջ վերակենդանացրել էր Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Սինանյանը հիշել ու հիշեցրել էր Քըրք Քըրքորյանի՝ Հայաստանից նեղացած հեռանալու, Քըրքորյանի մարդկանց՝ Հայաստանից «փախչելու» մասին ասեկոսեները:

168.am-ը, այնուամենայնիվ, որոշել էր գնալ օդ նետված հերթական հայտարարության հետքերով:

Անդրադառնալով նախապատմությանը, հիշեցնենք, որ հունիսի 17-ին՝  իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հերթական նախընտրական միջոցառման ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփյուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը նախ նշել էր, որ Սփյուռքում տրամադրությունները միանշանակ չեն՝ կապված պատերազմի արդյունքների և քաղաքական սպասողականության հետ, և, որ քաղաքական սպասողական վիճակի հետ է կապված նաև ներդրումների վիճակը, ապա պնդել էր․

«Մի բան կարող եմ ասել՝ ընտրությունների արդյունքում, եթե իշխող ուժը հաղթանակի, ներդրումները կլինեն, եթե որևէ անհաջողություն լինի, Հայաստանում ներդրում ոչ ոք չեն անելու․ չեն անի պարզապես, որովհետև ոչ ոք չի ուզում առնչվել թալանչիների, գողերի, բանդիտների հետ․ սա փաստ է»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ բանակցություններ կան արտասահմանյան խոշոր ներդրողների հետ, որոնք իր իշխանության գալու պարագայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, Զարեհ Սինանյանն արձագանքել էր․

«Ես մի բան գիտեմ, որ Քըրք Քըրքորյանի մարդիկ, որոնք հարյուր-միլիոնավոր դոլարներ էին նվիրում Հայաստանին և լուրջ պրոյեկտներ էին անում, և որով պայմանավորված էր նաև այն կեղծ տնտեսական աճը, որը գրանցվել է իր օրոք, այդ մարդիկ փախան Հայաստանից, փախան պարզապես, որովհետև չուզեցին գործ ունենալ գողերի ու հանցագործների հետ, և գումարներն էլ հանձնեցին, օրինակ, USLA համալսարանին․ չուզեցին տալ Հայաստանին, ես ի՞նչ պատասխանեմ»։

Ինչ խոսք, պաշտոնյայի կողմից նման վստահությամբ արված հայտարարություններին կասկածելն անգամ մեղանչումի նման կլիներ, եթե չլինեին տրամաբանական հարցեր՝ փաստերն ո՞ւր են, կա՞ որևէ ապացույց:

Եվ ահա, պարզվում է, ապացույցներ կան, որոնք, սակայն, վկայում են հակառակի մասին.

«Քըրքորյանի մարդկանց» մասին Զարեհ Սինանյանի ներկայացրած պատմությունը 168.am-ի հետ զրույցում հերքեց հենց Քըրք Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ մասնավորապես նկատելով՝ հուսախաբ է, որ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն է կեղծիքներ տարածում։

«Եթե փողոցից մի մարդ լիներ այդ ամենն ասողը, դա ոչինչ, բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյա է և նման մեծ ստեր է ասում, շատ ցավալի է և ամոթալի: Եթե չէր իմանում, կարող էր ինձ զանգահարել և ճշտել․ ես իրեն կասեի, որ դա մեծ սուտ է․ պարոն Քըրքորյանի գումարները չեն գողացվել։ Ես էի պատասխանատուն, ես վերահսկել եմ, և ամեն բան արվել է, որպեսզի պարոն Քըրքորյանի գումարներն իրենց ազնիվ նպատակին ծառայեն։

Պարոն Քըրքորյանը ոչ մի բանից չի նեղացել և ճիշտ հակառակը՝ շատ ուրախ էր․ ես և նա միասին Հայաստան ենք եկել, տեսել է իր ծրագրերը և չափազանց ուրախացել էր՝ տեսնելով արդյունքը։ Պարոն Քըրքորյանը, որ միլիարդատեր էր, ամեն ինչ ուներ, միակ բանը, որն իրեն ուրախություն էր պատճառում, այն հոգեկան գոհունակությունն էր, որ ինչ-որ ձևով օգտակար է լինում իր հայրենիքին։ Եվ առհասարակ, նման մարդու մասին, որը մեծ հայրենասեր էր, ունի Ազգային հերոսի կոչում, շատ ցավալի է, որ ստեր են տարածում, կեղծ նամակներ են տարածում, որ իբրև թե ինքն է գրել, մինչդեռ նա երբեք նամակներ չի գրել․ այդ նամակների բովանդակությունն ու ստորագրությունները կեղծ են։ Շատ ամոթալի է, որ մարդիկ մեր մեծ ազգային բարերարի անունը այդպես էժան ձևով չարաշահում են իրենց քաղաքական նպատակների համար»,- ասել էր Հարութ Սասունյանը մեզ հետ զրույցում:

168.am-ը Սփյուռքի հանձնակատարին ևս ցանկացավ տեղեկացնել Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատուի այս մեկնաբանության մասին, ասել,  որ, օրինակ, Քըրքորյանի «մարդ»-ը հերքում է իր տարածած լուրերը։ Գրավոր հարցում ուղարկեցինք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ նրան մասնավորապես խնդրելով անվանական նշել, թե ովքե՞ր էին «Քըրքորյանի մարդիկ», որոնք «փախան» Հայաստանից, որովհետև չուզեցին գործ ունենալ «գողերի ու հանցագործների հետ», ի՞նչ դիտարկումներ ունի Հարութ Սասունյանի ասածի վերաբերյալ. փաստացի Սասունյանը Սինանյանին մեղադրում էր «մեծ սուտ» տարածելու մեջ, և, թե արդյոք պաշտոնյան պարտավոր չէ՞ նման մեղադրանքներ հնչեցնելու դեպքում նաև փաստեր հրապարակել։

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը նշել էր. «Ես տվել եմ Քըրք Քըրքորյանի օրինակը, որը մարմնավորում է շատ-շատ ներդրողների, որոնք սարսափելի վատ ներդրումային փորձառություն են ունեցել Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի օրոք: Միայն այն փաստը, որ Քըրք Քըրքորյանը դուրս եկավ Հայաստանից և կասեցրեց բոլոր ծրագրերը և դրանց գումարներն ուղղեց այլ նպատակների, դրա վառ ապացույցն են:

Հարութ Սասունյանը նախևառաջ բացատրություն պետք է տա, թե ինչու Քըրք Քըրքորյանը հեռացավ Հայաստանից: Կրկնում եմ՝ նրա հեռանալն ու բոլոր ծրագրերի կասեցումն ինքնին ապացույցն է այն բանի, որ Քըրք Քըրքորյանը զզվելով իր հատկացրած գումարների գողությունից, որոշեց ընդհանրապես կտրվել Հայաստանից:

Սա մեղադրանք չէ: Սա ակնհայտ փաստ է: Քըրք Քըրքորյանը, ունենալով մեծ ռեսուրսներ, դադարեցրեց Հայաստանում ներդրումները»:

Ասել է թե՝ Զարեհ Սինանյանը, որը երբեք չի զրուցել Քըրք Քըրքորյանի հետ, պնդում է, որ ինքն ավելի տեղյակ է Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատմությունից, քան Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատուն:

Կրկին չզլացանք և որոշեցինք Սփյուռքի հանձնակատարի պատասխան-նամակում արված դիտարկումների մասին նորից լսել Հարութ Սասունյանին։ Մեզ հետ զրույցում Հ․ Սասունյանը նշեց.

«Պարոն Սինանյանը երկրորդ անգամ կրկնում է իր ստերը, ես արդեն պատասխանել եմ իրեն, բայց մեկ անգամ ևս կրկնեմ իմ պատասխանները՝ պարոն Քըրքորյանը չի դադարեցրել իր ծրագրերը. իր ծրագրերը լիովին և ամբողջովին իրագործվել են, ավարտվել են, փողերը հատկացվել են ծրագրերին, և ոչ մի բան կիսատ չի մնացել: Պարոն Քըրքորյանը ոչ մի բան չի փակել, Հայաստանից իր մարդիկ չեն փախել, ինչը նախկինում ասել էր Զարեհ Սինանյանը. ես էի, որ Հայաստան էի գալիս, ես Հայաստանից չեմ փախել, 59 անգամ Հայաստան եմ գնացել նախքան ծրագրերը և ծրագրերից հետո: Նա ոչ մի բանից չի նեղացել` դա լրիվ կեղծիք է։ Ճիշտ հակառակը՝  ինքը շատ գոհ և ուրախ էր. Հայաստան եկավ, տեսավ ծրագրերի արդյունքը, շատ ուրախացավ:

Այդ փողոցային խոսքերը, թե Քըրքորյանը նեղացել է, փողերը գողացել են, լրիվ կեղծիք է, նման բան չկա, ոչ մի փաստ չկա։ Պարոն Սինանյանը և նման բաներ տարածողները երբեք պարոն Քըրքորյանի հետ չեն խոսել, չեն հարցրել՝ ինքն ուրա՞խ է, թե՞ նեղվել է: Իրենք ոչ մի գաղափար չունեն, ոչ մի տեղեկություն չունեն և, դժբախտաբար, շահագործում են պարոն Քըրքորյանի անունն ու ծրագրերը՝ իրենց նեղմիտ քաղաքական հաշիվների համար, ինչը շատ վիրավորական է պարոն Քըրքորյանի համար: Պարոն Քըրքորյանն ազգային բարերար էր և իր գումարներն ազնվորեն հատկացրել էր հայրենիքին օգտակար լինելու համար։ Որևէ մեկը, ով որ էլ լինի, իրավունք չունի նրա անունը չարաշահելու՝ իրենց նեղ քաղաքական շահերի համար»:

«Լինսի» հիմնադրամի փոխնախագահը վստահեցրեց՝ Քըրքորյանը հավասարապես օգնել է և՛ Հայաստանին, և՛ ԱՄՆ-ին, ու ամենևին կարիքը չկար, որպեսզի հիմնադրամը փակելուց հետո գումարներ հատկացներ ԱՄՆ-ին:

«Եվ եթե ինքը Հայաստանից նեղացած լիներ, ինքը կարող էր կասեցնել Հայաստանի գումարները և շարունակել տալ ամերիկացիներին: Պարոն Քըրքորյանն ինչո՞ւ պետք է ամերիկացիներին զրկեր իր նվիրատվություններից, որովհետև ինքը պարզապես նեղացել էր հայերից. կարող էր ամերիկացիներինը շարունակել, բայց չշարունակեց, որովհետև հասել էր  մի տարիքի՝ 95 տարեկան էր, և երկար տարիներ ինձ ասել է, որ երբ մի տարիքի հասնի, որ այլևս չի կարող, չի ուզում զբաղվել ամենօրյա աշխատանքներով, դիմումներով և հատկացումներով, փակելու է «Լինսի» հիմնադրամը: Դա միշտ էլ ծրագրվել է այդպես. այդ փողոցային խոսքերի հետ կապ չունի: Պարոն Քըրքորյանն այդպես որոշել էր երկար տարիներ առաջ, և ինչ որ որոշել էր, արեց։ Մեզ մնում է միայն հարգել իր որոշումը, որովհետև իր փողերն էին, և ինքն իրավունք ունի որոշելու, թե ինչ կանի իր փողերով՝ ում կտա, ում չի տա»,- տեղեկացրեց Հ. Սասունյանը:

Ինչ վերաբերում է առհասարակ ներդրողների հուսախաբությանը՝ սփյուռքահայ հասարակական գործիչը նշեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ շատ ներդրողներ են եկել Հայաստան, ու մի մասը նաև հուսախաբվել է՝ ինչպես անցյալում, այնպես էլ՝ ներկա իշխանությունների օրոք:  Որպես օրինակ՝ նա ասաց, որ վերջերս հոդվածով անդրադարձել է մի դեպքի,  երբ Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահապատ մեքենաներ արտադրելու առաջարկը։ 

«Այս մարդը երեք տարի է՝ 2018 թվականից ի վեր սպասում էր իր պատասխանին. երբեք չեն պատասխանել, վերջին անգամ էլ էկոնոմիկայի նախարարն իրեն պատասխանելու փոխարեն՝ մի շատ ծաղրական գրառում էր արել իր Ֆեյսբուքի էջում, ինչը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է ներդրողի նկատմամբ։ Երբ մեկը լուրջ առաջարկ է ներկայացնում, այն էլ՝ ռազմական զրահապատ մեքենաների, դրան չի կարելի Ֆեյսբուքով պատասխանել: Որևէ երկրում նման մարդ չի կարող ոչ մի պաշտոն ստանձնել, մինչդեռ այդ մարդը տակավին պաշտոնի վրա է, դժբախտաբար»,- պատմեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչն ու խմբագիրը:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս ներդրումի առնչությամբ Ֆեյսբուքում մասնավորապես գրել էր. «Իրականում հենց ես եմ կանգնեցրել այս արդյունաբերական գոտու նախագծի որոշման կայացումը, քանի որ այն ծիծաղելիորեն արհամարհում էր ՀՀ քաղաքացիների շահերը»։

«Պարոն Սինանյանը հեքիաթներ պատմելու կարիք չունի, նրանց կմնա միայն զբաղվել իրենց իսկական գործերով, ոչ թե կեղծիքներով, և, որ փորձեն Հայաստանի տնտեսությունը վերականգնել, որ կործանվել է, բանակը վերականգնել, որ կործանվել է։ Պետք է աշխատանք տանել և բարելավել մեր հայրենի ժողովրդի վիճակը»,- հավելեց Հարութ Սասունյանը:

Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Զարեհ Սինանյանի հետ, և արդյո՞ք Սինանյանը հնարավորություն ունի անձնապես իրենից տեղեկանալու իրականության մասին՝ Հարութ Սասունյանը պատասխանեց.

«Պարոն Սինանյանը Գլենդելից է, ես իրեն երկար տարիներ անձնապես ծանոթ եմ, նույնիսկ իր պաշտոնը ստանձնելուց հետո հանդիպել եմ իրեն մի քանի անգամ, խոսել ենք ծրագրերի մասին: Պարոն Սինանյանն ունի իմ e-mail-ի հասցեն, իմ բջջային հեռախոսը. եթե ուզենա կապվել, կարող է կապվել, բայց իր նպատակը ճշմարտությունն իմանալը չէ, իրեն դուր է գալիս՝ հեքիաթներ սարքի քաղաքական նեղմիտ հաշիվների համար:

Այդպիսի պատմություններ ես շատ եմ լսել փողոցից, և նույնիսկ փողոցի մարդուն հարցնում եմ՝ ո՞ւր է քո փաստը․ ոչ մի փաստ չկա. պարզապես ասում են՝ էդպես եմ լսել: Ասում եմ՝ լսելով չի լինի, դու երբևէ խոսե՞լ ես Քըրքորյանի հետ՝ ոչ, խոսե՞լ ես «Լինս»-ի պաշտոնյաների հետ՝ ոչ, ինձ կապվել-հարցրե՞լ ես, թե ես ինչ գիտեմ այս մասին՝ ոչ… պարզապես օդից խոսում են:

Պարոն Սինանյանի պարագայում, ի տարբերություն փողոցի մարդկանց, նա բարձրաստիճան պետական պաշտոնյա է։ Պետական պաշտոնյային հարկավոր է շատ ավելի լուրջ լինել, հարգալից լինել և զբաղվել իր աշխատանքով»:

Տեսանյութեր

Լրահոս