«Նախկին իշխանությունների օրոք Հայաստանում շատ ավելի մեծ ներդրումներ են եղել Սփյուռքից, քան հիմա»․ Հարութ Սասունյանը պատասխանում է Զարեհ Սինանյանի ստերին

Նախընտրական քարոզարշավի պիկին՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, լրատվամիջոցներից մեկը հարցեր էր ուղղել իր թիմակիցներին աջակցության եկած Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե ինչ տրամադրություններ են Սփյուռքում, և արդյո՞ք սփուռքահայերը պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել։

Ի պատասխան՝ Զարեհ Սինանյանը բամբասանք հիշեցնող մի քանի աղմկահարույց հայտարարություններ էր արել, որոնք կարող էինք անտեսել ընտրարշավի աղմուկի մեջ, եթե շարքային քաղաքացու կողմից արված լինեին, և ոչ թե՝ բարձրաստիճան պաշտոնյայի, այն էլ՝ Սփյուռքի հանձնակատարի։

Այսպիսով, հանձնակատարը նախ նշել էր, որ Սփյուռքում տրամադրությունները միանշանակ չեն՝ կապված պատերազմի արդյունքների և քաղաքական սպասողականության հետ, և, որ քաղաքական սպասողական վիճակի հետ է կապված նաև ներդրումների վիճակը, ապա պնդել էր․

«Մի բան կարող եմ ասել՝ ընտրությունների արդյունքում, եթե իշխող ուժը հաղթանակի, ներդրումները կլինեն, եթե որևէ անհաջողություն լինի, Հայաստանում ներդրում ոչ ոք չեն անելու․ չեն անի պարզապես, որովհետև ոչ ոք չի ուզում առնչվել թալանչիների, գողերի, բանդիտների հետ․ սա փաստ է»։

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ բանակցություններ կան արտասահմանյան խոշոր ներդրողների հետ, որոնք իր իշխանության գալու պարագայում պատրաստվում են ներդրումներ իրականացնել, Զարեհ Սինանյանն արձագանքել էր․

«Ես մի բան գիտեմ, որ Քըրք Քըրքորյանի մարդիկ, որոնք հարյուր-միլիոնավոր դոլարներ էին նվիրում Հայաստանին և լուրջ պրոյեկտներ էին անում, և որով պայմանավորված էր նաև այն կեղծ տնտեսական աճը, որը գրանցվել է իր օրոք, այդ մարդիկ փախան Հայաստանից, փախան պարզապես, որովհետև չուզեցին գործ ունենալ գողերի ու հանցագործների հետ, և գումարներն էլ հանձնեցին, օրինակ, USLA համալսարանին․ չուզեցին տալ Հայաստանին, ես ի՞նչ պատասխանեմ»։

Նկատենք՝ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի նշած իշխող ուժը, որի վերընտրության պարագայում միայն ականատես պետք է լինենք ներդրումների, երեք տարի և ավելի իշխանության էր, բայց երեք տարիների ընթացքում այդ ներդրումների մասին հասարակ մահկանացուներս միայն լսեցինք և այդպես էլ չտեսանք․ ի դեպ, դեռ փետրվար ամսին 168.am-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարարին գրավոր հարցեր էր հղել՝ խնդրելով նշել, թե քանի՞ ներդրումային առաջարկ կա այս պահին, և որո՞նք են առաջին հինգ խոշոր ներդրողները, սակայն ցայսօր այդպես էլ որևէ պատասխան չենք ստացել։ Եվ հավելենք, որ Զարեհ Սինանյանի ներկայացրած պատմությունը՝ «Քըրքորյանի մարդկանց» մասին, հերքում է Քըրք Քըրքորյանի հայաստանյան ծրագրերի պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

168.am-ի հետ զրույցում Հարութ Սասունյանը ցավով արձանագրեց՝ հուսախաբ է, որ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն է կեղծիքներ տարածում։

«Եթե փողոցից մի մարդ լիներ այդ ամենն ասողը, դա ոչինչ, բայց երբ պետական բարձրաստիճան պաշտոնյա է և նման մեծ ստեր է ասում, շատ ցավալի է և ամոթալի,- ասաց նա՝ նկատելով,- Եթե չէր իմանում, կարող էր ինձ զանգահարել և ճշտել․ ես իրեն կասեի, որ դա մեծ սուտ է․ պարոն Քըրքորյանի գումարները չեն գողացվել։ Ես էի պատասխանատուն, ես վերահսկել եմ, և ամեն բան արվել է, որպեսզի պարոն Քըրքորյանի գումարներն իրենց ազնիվ նպատակին ծառայեն։

Պարոն Քըրքորյանը ոչ մի բանից չի նեղացել և ճիշտ հակառակը՝ շատ ուրախ էր․ ես և նա միասին Հայաստան ենք եկել, տեսել է իր ծրագրերը և չափազանց ուրախացել էր՝ տեսնելով արդյունքը։ Պարոն Քըրքորյանը, որ միլիարդատեր էր, ամեն ինչ ուներ, միակ բանը, որն իրեն ուրախություն էր պատճառում, այն հոգեկան գոհունակությունն էր, որ ինչ-որ ձևով օգտակար է լինում իր հայրենիքին։ Եվ առհասարակ, նման մարդու մասին, որը մեծ հայրենասեր էր, ունի Ազգային հերոսի կոչում, շատ ցավալի է, որ ստեր են տարածում, կեղծ նամակներ են տարածում, որ իբրև թե ինքն է գրել, մինչդեռ նա երբեք նամակներ չի գրել․ այդ նամակների բովանդակությունն ու ստորագրությունները կեղծ են։ Շատ ամոթալի է, որ մարդիկ մեր մեծ ազգային բարերարի անունը այդպես էժան ձևով չարաշահում են իրենց քաղաքական նպատակների համար»։

Հարութ Սասունյանը, որը 1997-2008թթ. «Լինսի» հիմնադրամի փոխնախագահն էր, նաև մանրամասնեց, թե ինչ ծրագրեր են իրականացվել Քըրք Քըրքորյանի նվիրատվությամբ․

«Պարոն Քըրքորյանի «Լինսի» հիմնարկն արել է 242 միլիոն դոլարի նվիրատվություն ենթակառուցվաքային ծրագրերի համար, և ինձ ինքն էր նշանակել այդ ծրագրերի պատասխանատու։ Ես երկար տարիներ գիշեր ու ցերեկ վերահսկել եմ այդ աշխատանքները, իրեն ամեն շաբաթ զեկուցել եմ մեր աշխատանքների մասին։ Նա Հայաստան է եկել և իր աչքով է տեսել: Նույնիսկ կրկնեմ պարոն Քըրքորյանի բառերը՝ ասեց․ «Հարություն, քո աշխատանքին որպես արդյունք՝ դու Երևանը դարձրել ես նման եվրոպական մի քաղաք»։ Պարոն Քըրքորյանը միշտ չէ, որ գովասանք էր ասում որևէ մեկի մասին, և ուրախ եմ, որ գոհ էր այդ աշխատանքներից։ Իր փողերը չեն կորել․ միգուցե փողոցի մի մարդ կարող է նման հիմար բաներ ասել, բայց շատ ցավալի է, երբ Սինանյանի նման բարձրաստիճան պաշտոնյան է այդ ստերը կրկնում, և լավ է, որ պարոն Քըրքորյանը ողջ չէ, եթե ողջ լիներ և լսեր այդ խոսքերը, սաստիկ կզայրանար»։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե այս պահին ինչպիսի տրամադրություններ կան Սփյուռքում, և արդյո՞ք այդչափ վստահություն կա այս իշխանություների հանդեպ, որ, ինչպես Սփյուռքի հանձնակատարն էր պնդում՝ միայն նրանց վերընտրությունը կարող է ներդրումների առիթ դառնալ: Ի պատասխան՝ ամերիկահայ հասարակական գործիչը նշեց․

«Մենք Սփյուռքում ապրում ենք՝ մեր հոգում և սրտում հայրենիքի մասին մտածելով, մտահոգվելով․ երբեք չենք նայում, թե իշխանությունն ով է։ Կարող ենք սիրել իշխանություններին, չսիրել իշխանություններին, բայց մենք ոչ թե իշխանություններին ենք օգնում, այլ օգնում ենք մեր հայրենի ժողովրդին։ Կոպիտ սխալ է, որ հայրենիքի հանդեպ մարդկանց սերը չարաշահվի քաղաքական նպատակների համար․ Սինանյանը սխալ է, որ նման խոսքեր է ասում, և իրավունք չունի մարդկանց բարեգործությունը չարաշահել քաղաքական նպատակների համար։

Վերջում, ի դեպ, նշեմ, թեև պարոն Սինանյանն այդքան հպարտ է իր ծառայած իշխանությամբ, սակայն նախկին իշխանությունների օրոք Հայաստանում շատ ավելի մեծ ներդրումներ են եղել Սփյուռքից, քան հիմա։ Բայց անկախ թե ովքեր են իշխանությունները, որ կողմից են, որ կուսակցությունից են՝ մեզ համար մեկ է․ մենք փորձում ենք օգտակար լինել մեր հայրենիքին, մեր ժողովրդին՝ ոչ թե այս կամ այն մարդուն»։

Տեսանյութեր

Լրահոս