Ծառուկյանի հետ հանդիպումից առաջ կառավարությունը որոշեց ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել

Հուլիսի 8-ին՝ հերթական նիստում, ի թիվս այլ չզեկուցվող հարցերի՝ գործադիրն ընդունեց որոշում Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին. լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է:

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշվում էր. «Հաշվի առնելով, որ վերջին տարիներին ցածր գներով ներմուծվող իրանական ցեմենտը կարող էր հանգեցնել Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեության խաթարմանը՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2019 թվականին տրվեցին օրենսդրական կարգավորումներ, որոնք նպատակ ունեին տեղական շուկայում ստեղծել հավասար պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի համար»:

Հիմնավորման մեջ նաև հիշեցրել էին, որ ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի որոշմամբ ցեմենտի ներմուծման արգելքի ժամկետն ավարտվում է ս.թ. հուլիսի 25-ն, ուստի ցեմենտի ներքին շուկան կանոնակարգելու և տեղական արտադրողների և ներմուծողների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է ցեմենտի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար պետական տուրք:

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականին Կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանում տեղական արտադրողին պաշտպանելու համար բարձրացնել ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը՝ ներկրված ցեմենտի 1 տոննայի համար սահմանելով 22.000 դրամ, սակայն ցածր մնաց տուրքը ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, իսկ քանի որ Հայաստան ներմուծվող իրանական կլինկերն անհամեմատ էժան էր, այդ որոշումն առաջացրեց տեղական արտադրողների դժգոհությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տնտեսական բլոկն ու առաջնորդը, օրինակ, նշում էին՝ եթե հումքի վրա տուրք չեն սահմանում, ապա ցեմենտի տուրքն արդյունք չի ունենա:  Արդեն այս տարի հունվարի 27-ին՝ ուշ, տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհություններն առկախելու համար Կառավարությունը որոշում ընդունեց մինչև 2021 թվականի ապրիլի 8-ն արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան։ Իսկ ապրիլի 1-ին ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ։ Նկատենք՝ սա հատկապես կարևոր էր ցեմենտ արտադրող ամենամեծ ընկերության՝ «Արարատ Ցեմենտ»-ի գործունեության համար:

Ի դեպ, այդ օրերին 168.am-ին հայտնի էր դարձել, որ կառավարության որոշումն իշխանությունների հետ Գագիկ Ծառուկյանի պայմանավորվածության արդյունքն էր, որը ձեռք էր բերվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Արդյո՞ք պարբերաբար Փաշինյանի հրաժարականը պահանջող Գագիկ Ծառուկյանի սկզբունքայնությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է նրա բիզնես շահը, և արդյո՞ք այս նոր որոշումը նույնպես պետք է դիտարկել հենց նույն պայմանավորվածությունների համատեքստում՝ հարցադրումներին ի պատասխան՝ միայն տեղեկացնենք, որ հուլիսի 8-ի՝ Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին չզեկուցվող նոր որոշմանն անմիջապես հաջորդեց Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Տեսանյութեր

Լրահոս