Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան նախընտրական տնտեսական-քաղաքական պայմանավորվածություն՝ ցեմենտի դիմաց

Դեռևս 2019 թվականին Կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշում ընդունեց Հայաստանում տեղական արտադրողին պաշտպանելու համար բարձրացնել ներմուծվող ցեմենտի մաքսատուրքը՝ ներկրված ցեմենտի 1 տոննայի համար սահմանելով 22.000 դրամ մաքսատուրք, սրան զուգահեռ` ցածր մնաց տուրքը ցեմենտի հումքի՝ կլինկերի համար, իսկ քանի որ Հայաստան ներմուծվող իրանական կլինկերն անհամեմատ էժան էր, դա առաջացրեց տեղական արտադրողների դժգոհությունը, մասնավորապես՝ բողոքի ակտիվ ակցիաներ իրականացրեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված բիզնեսներից մեկի՝ «Արարատ Ցեմենտի» աշխատակիցները։

Ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, մաքսատուրք չսահմանելու մասին 2019 թվականի Կառավարության որոշումն այն ժամանակ դուր չեկավ Գագիկ Ծառուկյանին։

Այն ժամանակ Գ. Ծառուկյանը դժգոհեց, թե Կառավարությունը տեղական արտադրողին մրցակցային լավ պայմաններ ապահովելու համար ավելացրել էր Իրանից ներկրվող ցեմենտի մաքսատուրքը, բայց կլինկերի ներկրումը մնացել է ցածր մաքսատուրքով:

«Եթե իրենք մտածում են՝ կլինկերի վրա տուրք չդնել, անձնական շահերի, ծանոթ-բարեկամով խնդիր լուծել, ես պահանջներ չունեմ, բայց պետք է միայն պահանջել, որ որոշումը փոխվի»,- դեռ այն ժամանակ դժգոհել էր ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանը։

Այս նախագծի շրջանառությունից հետո «Արարատ Ցեմենտի» ղեկավարությունն էլ իր հերթին հայտարարեց կրճատումների մասին, քանի որ, ըստ իրենց, եթե կլինկեր նյութի վրա մաքսատուրք չկիրառվի, ապա գործարանը վնասով կաշխատի, իսկ գործարանի բողոքի ակցիա անող աշխատակիցները հայտարարում էին, որ ցածր գներով ներմուծվող իրանական ցեմենտը վնասում է Հայաստանի ցեմենտ արտադրող ընկերությունների գործունեությանը։

Տեղական ցեմենտ արտադրողների մոտ դժգոհություններն այս որոշումից հետո առկախելու համար Կառավարությունը այս տարվա հունվարի 27-ին որոշում ընդունեց մինչև 2021 թվականի ապրիլի 8-ը արգելել ցեմենտի ներմուծումը Հայաստան։

168.amի տեղեկություններով՝ քանի որ ցեմենտի ներմուծման արգելքի ժամկետն ավարտվում է ապրիլի 8-ին, իսկ կլինկերի ներմուծման տուրքի բացակայությունը հերթական անգամ խնդրի առաջ է կանգնեցնելու «Արարատ Ցեմենտի» աշխատակիցներին, ու չի բացառվում, որ սկսվեն նորից գործադուլները, Գագիկ Ծառուկյանը կարողացել է իշխանությունների հետ գալ քաղաքական-տնտեսական պայմանավորվածության, որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որը կսահմանափակի իրանական էժան հումքի՝ կլինկերի ներմուծումն ու կնպաստի տեղական արտադրողին: Եվ քանի որ «Արարատ Ցեմենտը» ցեմենտ արտադրող ամենամեծ ընկերությունն է, այս դեպքում՝ Կառավարության ընդունած որոշման դրական ազդեցությունն ամենաշատը կզգա կոնկրետ «Արարատ Ցեմենտ» գործարանը։

168.am-ի տեղեկություններով՝ քաղաքական պայմանավորվածության արդյունքում էր, որ ՀՀ կառավարությունը օրերս՝ ապրիլի 1-ին, ընդունեց որոշում՝ ներմուծվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի համար սահմանված տուրքերը բարձրացնելու վերաբերյալ։

Նախագծով ներմուծվող ցեմենտի համար տուրքը 22.000 դրամի փոխարեն՝ կսահմանվի 25.000 դրամը, իսկ կլինկերի համար՝ 9.000 դրամը։

Կառավարության չզեկուցվող հարցերից մեկով «Պետական տուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարած գործադիրում հիմնավորել են, որ այս որոշմամբ ցեմենտի գինը կմնա նույնը՝ 38-45.000 դրամ, հարկերը կավելանան մոտ 1,5 մլրդ դրամով, որից մոտ 700 մլն դրամ՝ տուրքի տեսքով, մնացածը՝ տեղական արտադրողների ծավալների աճի տեսքով։

168.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտե նաև հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2018 թվականի մարտից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ ո՞ր ընկերություններն են ցեմենտ ներկրել Հայաստան և ո՞ր երկրներից։ Նաև խնդրել էինք նշել ներմուծվող ապրանքի ծավալը։

ՊԵԿ-ից մեր հարցմանը պատասխանել են, որ նշյալ ժամանակահատվածում Հայաստան ցեմենտ է ներկրվել Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից և Գերմանիայից, ընդհանուր ծավալը՝ 511599.9 տոննա ցեմենտ, գանձումը կազմել է 5927.0 մլն դրամ։

ՊԵԿ-ից ներմուծումների քանակը, ըստ ընկերությունների, համարել են գաղտնի և նշել, որ այդ տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման։

Մեզ է տրամադրվել թվով 334 ընկերությունների անվանացանկ. ընկերություններ, որոնք զբաղվում են ցեմենտի ներկրմամբ։

Համաձայնեք՝ արտահերթ ընտրություններից առաջ կառավարության այս որոշումը, այն էլ՝ չզեկուցվող հարցերի շարքում անցկացնելը քաղաքական հետևանքներով տնտեսական բավական խոստումնալից պայմանավորվածություն է. երկիրը քաղաքական-տնտեսական կործանման հասցրած, պատերազմի նվաստացուցիչ արդյունքներ արձանագրած և երկիրը տոտալ պարտության տարած, հազարավոր զոհեր և հաշմանդամներ տված Նիկոլ Փաշինյանի հրաժարականը մինչև վերջերս պահանջող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի բիզնեսի համար սա չափազանց կարևոր որոշում է: Մնում է հասկանալ, թե այս որոշմանը քաղաքական ինչպիսի պայմանավորվածություններ են նախորդել:

 

Տեսանյութեր

Լրահոս