«Վարչապետ ես, քեզ մի հատ լո՛ւրջ պահի, սուտ խոսքերով ո՞ւմ ես խաբում»․ համբերությունը հատած արմավիրցին դիմում է Փաշինյանին
Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ, իսկ իրենց չորացած բերքի դիմաց կառավարությունը չի պատրաստվում փոխհատուցում տալ։
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին շատ քիչ քանակությամբ ջուր են տրամադրել, սակայն դա բավարար չէ ընդհանուր դաշտերի ոռոգումը նորմալ կազմակերպելու համար․
«Այս շոգ եղանակին՝ ցերեկը՝ շոգ, մինչև առավոտ՝ չոր քամի, սա լրիվ երաշտի նշան է, սա աղետ է, ջուրը պետք է ըստ պահանջի լիներ, բայց տեսաք՝ ինչ արեցին․․․ Կարմիր կովը խի կաշին այդքան հեշտ կփոխի՞, հիմա էլ այն քանակի ջուր չեն տվել, որ նորմալ ջրենք»։
Դիտարկմանը՝ իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ասում էին՝ ջուր չկա, իսկ բողոքի ակցիայից հետո, թեկուզ քիչ քանակությամբ, բայց ջուր տրամադրեցին, հողագործն այսպես նկարագրեց պատկերը․
«Ջրի պետն ասում է՝ ինձ խայտառակ արեցիք։ Ստիպված ջուր տվեցին, է, մի խայտառակ վիճակ է․․․»։
Սամվել Լալազարյանը մի քանի միլիոն դրամի գումար է ներդրել և սոխ է մշակում։ Ասում է՝ միայն 5 միլիոն դրամ վարկ է վերցրել, մնացածն անձնական միջոցներ են, և հիմա փաստի առաջ է կանգնել, հնարավոր է՝ բանկի գումարն էլ չկարողանա մարել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք փոխհատուցում ստանալու համար դիմե՞լ են պատկան մարմիններին, կամ նրանք այցելե՞լ են իրենց, որպեսզի չորացած դաշտերում արձանագրեն խնդիրները։
«Բացարձակ վեջները չի։ Եթե ձեր օգնությամբ իրենց ստիպեք, խայտառակ անեք, ինչ-որ տեղ հնարավոր է, բայց այս մարդկանց մտքով սկի չի էլ անցնում։ Ես մշակածս բերքից 25-30 տոննայի կորուստ եմ ունենալու, մոտ 40-50 տոկոսը վնասվել է։ Այսօր սոխերը պետք է 70-80 սմ բարձրության վրա լինեին, բայց 30 սմ էլ չկա, բոլորը ջրի պակասի հետևանք է։ Մենք ամենաքիչը 7-8 օրը մեկ պետք է ջրեինք, բայց վախտ է եղել՝ 20 օրը մեկ հազիվ ջրել ենք․․․ Մի ահավոր վիճակ է։
Մեզ մոտ ոչ մեկը չի եկել, ոչ մեկի վեջն էլ չէ։ Վարչապետն այս 2 օրը շատ հանգիստ ելույթ է ունեցել, թե պետք է անցնենք կաթիլային սիստեմին։ Նախ՝ խորհուրդ կտամ, որ մասնագետ մարդիկ խոսեն, կաթիլային սիստեմը թանկ սիստեմ է, երկրորդն էլ՝ ջերմոցներում կամ փոքր տարածքներում՝ հասկացանք, բայց տեղում տեխնիկա աշխատող հողում այդքան հեշտ չէ կաթիլային սիստեմը։ Ես զարմանում եմ, որ Փաշինյանը նման հեշտությամբ, հանգստությամբ նման բան է ասում, ինչ է դրսին ցույց տա, թե գործ են անում, նոր մեթոդով են աշխատում։ Մենք այդ նոր մեթոդից շատ հեռու ենք․․․ Եթե այն հասարակ բաները չենք կարողանում անել, կաթիլային սիստեմին ո՞նց ենք անցնելու»։
Դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին՝ հայտարարել է, որ բարձրացված աղմուկը պետք է համեմատել իրականության հետ, և սովորաբար որոշ դեպքերում աղմուկը խիստ գերազանցում է ընդհանուր վնասի չափին, Սամվել Լալազարյանն ասաց․
«Ես որոշակի բաներ լսեցի նրա խոսքից, որ գյուղատնտեսության մեջ ռեֆորմներ պետք է անեն։ Իմ խորհուրդը իրեն՝ առաջին հերթին թող կառավարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը ռեֆորմներ անցկացնի իր համար, նոր անցնի գյուղատնտեսությանը։ Թող հլը գան մասնագետների հետ տեղում խոսեն, ոչ թե օդի մեջ։ Դրել չորացրել են բույսերը, ու վարչապետը շատ հանգիստ ասում է՝ եկող տարվանից անցնում ենք կաթիլային սիստեմի, ո՞նց ես անցնում, հլը ասա՝ տեսնեմ, սենց չորացնելո՞վ, սենց բռի ձևո՞վ, չոբան ձևով, մարդկանց վատություն անելով, էս հասկացողությամբ։ Ռեֆորմների ընդունա՞կ են սրանք, ես զարմացած կլինեմ, եթե ինչ-որ ռեֆորմի ընդունակ լինեն, ռեֆորմի ընդունակ է խելացի, գիտակից մարդը, ես սրանց մեջ խելացի մարդ չեմ տեսնում, ցուցադրական, պոպուլիզմ, դա է․․․ Վահան Քերոբյանի այդ հայտարարությունը մեկ բառով՝ դատարկություն է։ Թող հլը գա մեր մոտ խոսա, ասի՝ ախպեր ջան, աղմուկն ավելի շատ է․ տանենք ցույց տանք բույսերը։ Թող գա տեղում ծանոթանա, մասնագետներ թող բերի, բույսերը նայեն․․․ Հետո գիտե՞ք ինչ, տեղի արտադրությունը չզարգացնեն, ի՞նչն են զարգացնելու սրանք։ Իբր թե ազգային ուժեր են, սրանք ազգային ուժ լինելուց բավականին հեռու են, եթե մարդ սեփական արտադրություն չի զարգացնում, հույսը դնում է Թուրքիայի վրա, ի՞նչ արտադրություն, սրանք թրքամետներ են․․․»։
Հողագործի կարծիքով և գնահատմամբ՝ իշխանություններն այս քիչ քանակությամբ ջուրն էլ տվել են, որպեսզի խուսափեն իրենց դեմ բողոքի ակցիաներից, սակայն գյուղացիները վճռական են տրամադրված, փոխհատուցում են պահանջելու իրենց բերքը միտումնավոր չորացնելու համար․
«Ասել են՝ դե տվեք, թող ձենները կտրեն, լուրջ մոտեցում գործի նկատմամբ չկա, պատասխանատվության զգացում չկա սրանց մեջ։ Անպատճառ պետք է փոխհատուցում տան, որ համ էլ դաս լինի իրենց համար, որ սենց խուժանություն էլ չլինի։ Սա խուլիգանություն էր, հանցագործություն է սա, ջուրը դնեն մտածված կտրեն, վարչապետը հանգիստ հայտարարություններ անի։ Նախ՝ վարչապետ ես, քեզ մի հատ լուրջ պահի, երկրորդն էլ՝ սուտ խոսքերով ո՞ւմ ես խաբում, ուզում ես երկիր զարգացնել․․․»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի բնակիչները, տևական ժամանակ է, ահազանգում են, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով մշակաբույսերը չորացել են։ Նրանք մի քանի անգամ ճանապարհ են փակել, որպեսզի այդկերպ իրենց ձայնը լսելի լինի։