«Ընտանիքով չոքեչոք աշխատել, ստեղծել ենք, ինչի՞ ես մեզ կզցնում»․ արմավիրցին՝ իշխանություններին
«4 օր առաջ բերքը հավաքել եմ, ու ջուր չկա, որ ջրեմ․․․»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց Արմավիրի մարզի Ծիածան համայնքի բնակիչ Անդրանիկ Հովակիմյանը, որը ոռոգման ջուր չլինելու պատճառով տասնյակ արմավիրցիների հետ այսօր վաղ առավոտից փակել էր Արմավիրի մարզի ճանապարհը։
168.am-ի թղթակիցն ակցիայի վայրից Անդրանիկի հետ գնաց մշակվող դաշտ՝ տեղում ծանոթանալու խնդիրներին․
«Լոբի է, բանջարաբոստանային կուլտուրա է։ Ըստ պայմանագրի՝ իրենք ինձ պետք է ջուր տան, ես հեկտարին 101.000 դրամ գումար եմ պարտավոր վճարելու ջրային տնտեսությանը։ Երեկ գնացել եմ տնօրենի մոտ, ասեցի՝ մարդ ուղարկեք, թող գան ակտավորեն իմ դաշտը, վնասս փոխհատուցեք։ Ասացի՝ դիմում գրե՞մ, պատասխանեց՝ չէ, կարիք չկա, վաղը մարդիկ կգան, տեղում կակտավորեն, դիմումն էլ տեղում կգրեք»։
Անդրանիկն ասում է՝ եթե անգամ հիմա ջուր տրամադրեն, միևնույն է, բույսն այլևս չի վերականգնվի, իսկ ավելի պատկերավոր բացատրելու համար, օրինակ բերեց․
«90 տարեկան կնիկը էլ երբեք երեխա չի ունենալու, ինչ ուզում ես՝ արա»։
Անդրանիկը ցույց տվեց լոբու չորացած մարգերը և հարց ուղղեց մեզ․
«Ո՞վ կառնի էս լոբին, կա՞ մեկը, որ կառնի․․․ 8 հատ 150 մետրանոց մարգ է, մարգը 100 կիլոյով էլ ՝ 800 կիլո, օպտավոյ գինը՝ 200 դրամ, 160.000 դրամ ամեն երեսը․․․»։
Անդրանիկը մի քանի արտ է մշակում, վարձակալությամբ է վերցրել․
«Էս արտի հողատիրոջը տալիս եմ 60.000 դրամ վարձավճար՝ չհաշված հողի հարկը, ջրի հարկը, չեմ հաշվում սերմը, տրակտորները․․․»։
Ծիածան համայնքի բնակիչը զարմանում է, որ պետությունը չի էլ ակտավորում իր վնասը, որպեսզի փոխհատուցում ստանա․
«Ի՞նչ անեմ, բռնեմ փաստաբան վարձեմ, մի 500.000 դրամ էլ տամ, որ բերեմ ջրային տնտեսությանը լացացնեմ, ի՞նչ անեմ․․․ Ի՞նչ, մեզ ինադու կզցնում եք, արա, ինձ չեք կարա կզցնեք, քաղաքի ժողովրդին եք սոված պահելու, թե՞ Թուրքիայից պտի բերք ուտեն»։
Անդրանիկը հատուկ շեշտեց, չնայած, որ իրենց համայնքի 70 տոկոսը ձայն է տվել ՔՊ-ին, ինքը չի ընտրել այս իշխանություններին, քանի որ հասկացել է՝ ամեն հարցում խաբում են․
«Ես արդեն ոչ մեկին չեմ հավատում, ո՞ւմ հավատամ, կարա՞մ հավատամ մի ղեկավարության, մի մարդու, որ ամեն օր, ամեն հարցում մեզ խաբում են, ո՞ւմ հավատանք, կարա՞նք հավատանք, ո՞ւր է բա, որ ջրի պաշար կա՝ ինչի՞ ես բերել մեզ կզցնում, ինչի՞ ես բերել չոքցնում։ Ընտանիքով չոքեչոք աշխատել, ստեղծել ենք, բերքը հասցրել ենք բերան, որ էս վիճակը լինի», էսի չոքցնել ա․․․»։
Իսկ դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ասում է՝ ապագա կա, գյուղացին պատասխանեց․
«Ես էլածս ծախում եմ, էթամ ստեղից, ես սենց հայերի հետ չեմ կարում ապրեմ, սուտխոսան մարդկանց հետ ապրել կարելի՞ ա»։
Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ ինքը երկու պատերազմների մասնակից է, իսկ արցախյան վերջին պատրազմին, որքան էլ խնդրել է, զինկոմիսարիատից չեն տարել, փոխարենը՝ ռազմաճակատ են մեկնել իր 2 որդիները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում