
«Արտագաղթը հավատափոխ է անում, բայց չգնալը կարևոր է՝ հատկապես հիմա»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուրջ երկու հարյուր տարի առաջ, Մեծ Բրիտանիայի թեթև ձեռքով չինական թագավորությունը սկսեց անկում ապրել՝ ինչ է թե ցանկալի պայմաններով իրենց հետ չինացիները առևտուր չէին անում: Շուրջ 150 տարվա մեջ երկիրը ինչի միջով ասես, որ չանցավ՝ պատերազմներ, կոտորածներ, տարածքների մասնատում, ինքնիշխանության կորուստ, գաղութացում, կոմունիզմ, սով, ու էլի լիքը ահավորություններ, մինչև վերջին ահավորություն՝ Մաոյի դիկտատուրա: Սակայն, սա հերթական բարդ շրջանը լինելով հանդերձ՝ Մաոյի առաջնորդությամբ ներկա արդյունաբերական Չինաստանի գոյության սկիզբն էր: Սրա հիմքը, ոչ այլ ինչ էր, քան գաղափարախոսություն: Այո՛, երկրները կառուցվում և զարգանում են գաղափարախոսության հիմքով ստեղծված համակարգերի շնորհիվ, այլ ոչ ոսկիների, կամ հանքային ռեսուրսների:
Չինաստանը լավ հիշում է, չի մոռացել, թե եվրոպացիներն ու մնացյալ աշխարհը ինչպես էին իր հետ վարվում, իսկ հիմա Չինաստանի հերթն է դրանց բոլորին նախ տնտեսապես գրավելու, հետո էլ հավանաբար քաղաքական կախվածության մեջ գցելու:
Չինաստանի և այլոց վերականգնման ուղին նայելով նաև կարելի է հավատալ, որ հնարավոր է ինչ-որ պահի մենք էլ կարգին երկիր դառնանք: Միայն մի բան է, որ երբեմն հավատափոխ է անում՝ արտագաղթը: Առանց մարդ ոչինչ չի ստացվի, չգնալը կարևոր է՝ հատկապես հիմա»: