«Իմ խոտհարքի մեջ թուրքը կանգնած է, զինվորներին ասում եմ՝ ինչո՞ւ է թուրքը կանգնած իմ հողի մեջ, պատասխանում են, թե ադրբեջանցիներն ասել են՝ սա ադրբեջանական սահմանն է». Նորաբակի գյուղապետ
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում բնակիչները մեծ դժվարությամբ են կարողանում իրականացնել գյուղատնտեսական աշխատանքներ, այս պահին՝ խոտհունձը, քանի որ խոտհարքերի մեծ մասը կա՛մ մնացել է թշնամու հսկողության տակ, կա՛մ նրա դիրքերին շատ մոտ են։
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին թշնամին Սյունիքի մարզի Տեղ համայնքում սպառնալով արգելել էր բնակիչներին հավաքել հանձած խոտը, միայն համայնքապետի ու սահմանապահների միջամտությամբ ու ներկայությամբ էին բնակիչները կարողացել հավաքել հնձած խոտը։
Նույն խնդրի առջև այսօր կանգնած է Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղը, որի բնակչության մի մասը չի կարողանալու իր դաշտերից խոտը քաղել։
168.am–ի հետ զրույցում Նորաբակի գյուղապետ Վազգեն Ասատրյանն ասաց, բնակչության մոտավորապես 50 տոկոսը չի կարողանա անասնակերը քաղել ու հավաքել։
«Նույնը նաև արոտների մասին է, որոնցից նորմալ չենք կարողանում օգտվել, դրանք ամբողջովին չորացել են։ Հիմա այդ մտավախությունը կա, որ բնակիչները, որոնք չեն կարողանալու հավաքել անասնակեր՝ վաճառելու են իրենց անասուններին, հիմա որ չկարողացան խոտն ապահովել, ինչպե՞ս են կերակրելու։ Երևի մեկ ամիս հետո արդեն պարզ կլինի, թե բնակիչների քանի տոկոսը կկարողանա անասուն պահել, անասնագլխաքանակը նաղդ պակասելու է ու շատ»,- նշեց Վազգեն Ասատրյանը։
Նա ընդգծեց՝ այս ամենը շատ ծանր է անդրադառնալու բնակիչների կենսամակարդակի վրա, ավելին՝ եթե անասնապահությամբ չզբաղվեն, երևի բնակիչները չմնան գյուղում, մնան՝ ի՞նչ անեն։
«Մեկ շաբաթ առաջ գնացել եմ մեր խոտհարքները, իմ խոտհարքի մեջ թուրքը կանգնած է, զինվորներին ասում են՝ բա ինչի՞ այդպես եղավ, ինչո՞ւ է թուրքը կանգնած իմ հողի մեջ, պատասխանում են, թե ադրբեջանցիներն ասել են՝ սա ադրբեջանական սահմանն է։ Բա որ դա է ադրբեջանական սահմանը, մենք ինչպե՞ս գնանք մեր խոտը քաղենք։ Թշնամին այդ հատվածներում խորացել է մայիսի 12-ից մինչև 20-25-ը»,- հավելեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին չեն հաշվարկել, թե գյուղում անասնակերի ինչ չափի պակաս է լինելու, իսկ պատկան մարմիններն էլ անասնակեր հայթայթելու որևէ քայլ չեն արել ու այդ ուղղությամբ ճանապարհներ ցույց չեն տվել։
«Որևէ մեկը չի միջամտել, ժողովուրդն իր գլխի ճարն է տեսնում, ընկնում են գյուղեր, անասնակեր են ճարում, բայց այդպես ինչքա՞ն հայթայթեն, շատ-շատ 2 տոկոս բան հավաքեն, ամբողջ անասնակերի պաշարը չեն կարող այդպես լրացնել»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։